16 մայիսի 2012 - 20:21 AMT
ՀՈԴՎԱԾ
2012-ի ընտրություններ. հայկական ընդդիմության տապալումը
Ինչպես նշել են որոշ հայ փորձագետներ, մայիսի 6-ի ընտրությունները ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի համար «կարապի երգ» դարձան
Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն արձանագրեցին գործող իշխանությունների ջախջախիչ հաղթանակն ի դեմս իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և կոալիցիայում նրա գործընկեր-մրցակից «Բարգավաճ Հայաստանի»: Այդ երկու կուսակցությունները ներկա կոալիցիայի մեջ մտնող «Օրինաց երկիր» կուսակցության հետ նոր գումարման Ազգային ժողովում 131 մանդատներից վերցրել են 112-ը:

Սակայն ավելի տեղին է անցած ընտրությունները դիտարկել ոչ թե որպես իշխանությունների հաղթանակ, այլ ավելի շուտ ընդդիմության պարտություն, մասնավորապես նրա արմատական թևի՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ): Ընտրությունները ցույց տվեցին Հայաստանի քաղաքական կյանքի ողջ պարադոքսությունը և անհեթեթությունը, երբ, չնայած երկրում սոցիալ-տնտեսական դրության վատթարացմանը, ժողովուրդն ավելի շատ ձայներ է տալիս գործող իշխանություններին:

Այդ պարտությունը հատկապես ցավալի է հասարակությունում ընդդիմադիր տրամադրությունների ուժեղացման ֆոնին, որը նախընտրական քարոզարշավից առաջ խոստովանում էին նույնիսկ իշխանությունները, սակայն ընդդիմությունը չկարողացավ դրանից օգտվել:

Անցած ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժերից 6-ն ընդդիմադիր էին: Եվ եթե հաշվի չառնել ակնհայտ աուտսայդերներ Կոմկուսին, Ժողովրդական կուսակցությանը և «Միավորված հայերին», ապա մնացած երեքը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և Դաշնակցությունը, որոնք ներկայացնում են ընդդիմադիր դաշտի տարբեր հատվածները, հույս ունեին օգտվել բարենպաստ պայմաններից և զրկել ՀՀԿ-ից իշխանության հեգեմոնիայից:

Այդ քաղաքական ուժերից շատ թե քիչ հաջող կարելի է համարել «Ժառանգության» արդյունքը, որը հավաքել է գրեթե նույնքան, որքան 2007-ի ընտրություններում՝ 5,79 տոկոս: Միաժամանակ պետք է նշել, որ եթե 2007-ին «Ժառանգությունը» ինքնուրույն է հասել այդ արդյունքին, դառնալով այդ ընտրությունների գլխավոր անակնկալը, ապա այս անգամ կուսակցությունն ընտրությունների էր գնացել այլ ընդդիմադիր ուժի հետ՝ «Ազատ դեմոկրատների», ինչպես նաև իր ցուցակում ընդգրկել էր հասարակական հատվածի ներկայացուցիչների: Ուստի «Ժառանգության» արդյունքներում առկա է «Ազատ դեմոկրատների» կազմակերպչական պոտենցիալի զգալի ավանդը:

«Ժառանգության» գլխավոր ձեռքբերումը դարձավ ՀԱԿ-ին մոտ արդյունքը (7,1 տոկոս), ինչն այն բանի ապացույցն է, որ ընդդիմադիր էլեկտորատը սկսում է աստիճանաբար ընդունել կուսակցությունը և նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին որպես Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի այլընտրանք:

Ինչ վերաբերվում է ընտրություններում Դաշնակցության անհաջողությանը, ապա դա մի քանի պատճառներ ունի: Եթե կուսակցությունը 2007-ին ստացել էր ձայների 13,1 տոկոսը, ապա 2012-ի ընտրություններում՝ 5,73 տոկոս: Դա կարելի է բացատրել որպես որոշ առումով վարչական ռեսուրսի կորուստ (2007-ին նա իշխող կոալիցիայի մաս էր), ինչպես նաև բնակչության մոտ հետաքրքրության կորուստ ազգային հարցերի նկատմամբ, որը միշտ եղել է ՀՅԴ հաղթաթուղթը, որոնց փոխարեն առաջին պլան է դուրս եկել սոցիալական գործոնը, ինչն արտացոլվել է ինչպես ընտրությունների մասնակիցների համատարած պոպուլիզմի մեջ, այնպես էլ ընտրակաշառքի բավական արդյունավետ զանգվածային կիրառման մեջ:

Սակայն ընտրություններում հատկապես ցավոտ հարված ստացավ ՀԱԿ-ը, որը վերջին տարիներին հանդես էր գալիս որպես գործող իշխանություններին հիմնական հակակշիռը և մրցակիցը:

2008-ից սկսած, երբ ձևավորվեց ՀԱԿ-ը, նա ունեցավ հեղինակության վերելքներ և վայրէջքներ, սակայն 2011-ի մարտից սկսած, իշխանությունների հետ քաղաքական երկխոսության գործընթացը սկսելուց ի վեր սկսվեց ՀԱԿ-ի հեղինակության հետևողական և ուժգնացող անկում: Դրա արդյունքում ՀԱԿ-ը մայիսյան ընտրություններում անցավ իր գոյության բոլոր տարիներին ամենացածր վարկանիշով: ՀԱԿ հեղինակության նվազման միտումի ապացույց են ընտրություններում նրա արդյունքները: Եթե 2008-ի նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը միայն պաշտոնական տվյալներով ստացել էր 351,222 ձայն (21,5 տոկոս),ապա Երևանու Ավագանու ընտրություններում՝ 69 140 ձայն (17,5 տոկոս), և դա մայրաքաղաքում, որը միշտ ավելի ընդդիմադիր է տրամադրված եղել, քան մարզերը և հայկական ընդդիմության գլխավոր հույսն է: Այդ արդյունքների տրամաբանական շարունակությունը դարձել է ՀԱԿ-ի ցուցանիշը, ցուցակում կրկին Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում՝ 106 910 ձայն (7,1 տոկոս):

Միաժամանակ, եթե նախորդ ընտրություններում ՀԱԿ-ն իշխանություններին մեղադրում էր նրանում, որ նրանք «նկարում են» ընտրությունների արդյունքները, ապա մայիսյան ընտրությունների դեպքում ձայների հաշվարկը ՀԱԿ-ի և այլ ընդդիմադիր ուժերի կողմից կասկած չի առաջացրել:

ՀԱԿ հեղինակության նվազման մեջ իր դերը խաղացել են նրա առաջնորդների անվճռականությունը և անորոշությունն ինչպես գործող իշխանությունների հետ պայքարի ուղիների հարցում, այնպես էլ իշխող համակարգի մեկ մի թևի հետ կոկետություն անելու փորձերը (ՀՀԿ-ն և քաղաքական երկխոսության գործընթացը) և մեկ մյուս (ԲՀԿ և միջկուսակցական շտաբ):

Ինչպես նշել են որոշ հայ փորձագետներ, մայիսի 6-ի ընտրությունները ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի համար «կարապի երգ» դարձան: Միաժամանակ, բացի արտաքին խնդիրներից, Կոնգրեսում ամեն ինչ հարթ չէ հենց ներսում: Առաջին ահազանգն այն մասին, որ Տեր-Պետրոսյանի միասնական թագավորությունում ամեն ինչ կարգին չէ, դարձավ ՀԱԿ կազմից նրա առաջատար ուժի՝ ՀՀՇ-ի և նրա մի շարք ակնառու գործիչների դուրս գալը, ովքեր համաձայն չեն ՀԱԿ ընթացքի հետ:

ՀԱԿ-ում խնդիրների նախանշաններ հայտնվեցին ընտրություններին մասնակցելու համար ընտրացուցակ ձևավորելիս, երբ ՀԱԿ մեջ մտնող մի շարք քաղաքական ուժեր դուրս եկան դրանից: Եվ եթե նրանք ՀԱԿ երկրորդական անձինք էին, ապա արդեն այդ ժամանակ լուրեր տարածվեցին (որոնք հետագայում հաստատվեցին), որ ընտրություններից հետո ՀԱԿ-ը կլքի նրա ամենաակնառու գործիչներից մեկը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Պետք է նաև նշել, որ Արամ Սարգսյանի հայտարարությունից հետո սկսեցին լուրեր պտտվել այն մասին, որ ՀԱԿ մեջ մտնող մի քանի քաղաքական ուժեր նույնպես պլանավորում են դուրս գալ նրա կազմից:

Այսպիսով կարելի է փաստել, որ մայիսի 6-ի ընտրությունների և հետընտրական գործընթացների արդյունքում ՀԱԿ-ը սպառեց իրեն և կորցրեց երկրում գլխավոր ընդդիմադիր ուժի դերը: Սակայն նրա համար ամենագլխավոր վտանգը նրանում է, որ ՀԱԿ-ն արդեն չի ընկալվում հասարակության կողմից որպես գործող իշխանությունների միակ այլընտրանքը, ինչը ՀԱԿ-ի համար հավասարազոր է մահվան, հաշվի առնելով նրա առաջնորդի և նրա թիմի անցյալը: Պետք է խոստովանել, որ ՀԱԿ շատ կողմնակիցներ քվեարկել էին ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ օգտին, որպես ՀԱԿ շարժիչ ուժ, այլ գործող իշխանությունների և նրանց կողմից իրականացվող քաղաքականության դեմ:

Իսկ հայ հասարակությանը մնում է հուսալ, որ առաջիկայում Հայաստանում կհայտնվի ինչ-որ նոր ընդդիմադիր ուժ, որը կկարողանա իշխանություններին իրական քաղաքական մրցակցություն ապահովել, և երկիրը դուրս կգա երեք նախագահների յուրօրինակ եռանկյունուց: Չէ որ, ինչպես հայտնի է, ցանկացած ոլորտում մրցակցությունն աջակցում է զարգացմանը և առաջընթացին:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News