25 դեկտեմբերի 2012 - 21:40 AMT
ՀՈԴՎԱԾ
Բաքուն զինվում է, քանի դեռ նավթ կա
Մեծ Կովկասում սպառազինության ավելցուկը երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցրել
Ադրբեջանը «հպարտության» ևս մեկ պատճառ ունի. այս երկիրը ճանաչվել է աշխարհի ամենառազմականացված երկրներից մեկը: Բոնի կոնվերսիայի միջազգային ինստիտուտի կողմից կազմվող ամենամյա վարկանիշում Ադրբեջանը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Գլխավոր ցուցանիշը, որի հիման վրա կազմվում է վարկանիշը, ռազմական ծախսերի հարաբերությունն է ՀՆԱ-ի մակարդակի նկատմամբ: ԱՄՆ-ն, որը մյուս բոլոր երկրներին աջակցում է ռազմական ծախսերի հարցում, ընդամենը 30-րդ հորիզոնականում է: Հաշվարկների ժամանակ հաշվի առնվող ևս մեկ ցուցանիշ է պահեստային զինծառայողների քանակությունը:

Վարկանիշի առաջին հորիզոնականում է Իսրայելը, ինչը զարմանալի չէ: Տպավորիչ է պահեստայինների քանակը, որոնք առնվազն մեկ ժամվա ընթացքում պատրաստ են ծառայել համապատասխան ստորաբաժանումներում: Իսրայելում կա մոտավորապես 400 հազար պահեստային:

Իսրայելին հաջորդում է Սինգապուրը: Բացարձակապես անհասկանալի է, թե քաղաք-պետության ինչին է պետք այդքան սպառազինություն: Սակայն, երևի, Չինաստանին մոտ ապրելը հանգիստ չի տալիս: Երրորդ հորիզոնականում է Սիրիան, 4-րդում` Ռուսաստանը, ինչը միանգամայն նորմալ է և բացատրության կարիք չունի: Ռուսաստանին հաջորդում է Հորդանանը, Կիպրոսը և Քուվեյթը, 8-րդ հորիզոնականում է Ադրբեջանը: Տասնյակը եզրափակում են Բահրեյնն ու Սաուդյան Արաբիան:

Վերադառնանք Ադրբեջանին: Այս տարի այդ երկրի ռազմական ծախսերը կազմել են 3.2 մլրդ դոլար, իսկ ՀՆԱ-ն` 67.5 մլրդ: Նախորդ տարի Ադրբեջանը 1.6 մլրդ դոլար արշողությամբ խոշորագույն ռազմական գործարք է կնքել Իսրայելի հետ: Բացի այդ, սպառազինության մեծ պարտիաներ են գնվել Ռուսաստանից և այլ երկրներից: Թե ում դեմ կռվելու համար է նախատեսված այս ամբողջ սպառազինությունը, միանգամայն հասկանալի է. ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի, եթե վերջինիս դեմ պատերազմն, այնուամենայնիվ, սկսվի: Նաև միանգամայն հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում այդքան սպառազինության կարիք չի լինի: Սակայն այն ուժերը, որոնք Ադրբեջանը վերածում են վառոդով լցված տակառի, մեծ ռիսկի են դիմում: Հանրապետությունում սոցիալական լարվածությունը կարող է ուղղվել հենց Ադրբեջանի դեմ: Հմուտ ձեռքերում այդ պայթյունը կարող է ուղղվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: Ճիշտ է, էյֆորիայից հետո սթափություն կտիրի և այդ ամենը կարող է շրջվել Ալիևի կլանի դեմ:

Մինչ այդ, ինչպես բազմիցս գրել ենք, Ադրբեջանում նավթի հանույթը շարունակաբար անկում է ապրում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ «Ազերի»-«Չիրագ»-«Գյունեշլի» նավթահանքերի պահուստները նվազելու են, իսկ էներգետիկ սեկտորի եկամուտներն արդեն կրճատվել են: Այս առնչությամբ նա ընդգծել է ադրբեջանական տնտեսության դիվերսիֆիկացման նշանակալիությունը: Անդրադառնալով նավթային սեկտորի զարգացմանը, դեսպանն ընդգծել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Ադրբեջանը պետք է ազատվի նավթագազային կախվածությունից: Այնպես որ Իլհամ Ալիևին, եթե նրա կլանը ևս 10 տարի իշխանություն ունենա, սնանկություն է սպասվում` ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյական: Ամենայն հավանականությամբ Բաքուն բարեհաջող գնում է թանկարժեք խաղալիքներ` հաստատ իմանալով, որ առաջիկայում չի կարողանա գնել անգամ ԱԿ-47: Սա իհարկե չափազանցեցված է, սակայն ամեն ինչ մոտռավորապես այդպես է և վարկանիշում 8-րդ հորիզոնականը չպետք է որ դառնա Բաքվի համար հպարտության առարկա:

Հարկ է ասել նաև, որ Մեծ Կովկասում սպառազինության ավելցուկը երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցրել: Երբեք: Ոչ նրանց համար, ովքեր ձեռք են բերել սպառազինությունը, ոչ էլ նրանց` ովքեր մատակարարել են այն: Հանկարծ այնպես չստացվի, ինչպես երգում. «Մեր զրահը ամուր է և մեր տանկերն արագընթաց են», սակայն իրականում նահանջում էին մինչև Մոսկվա…

Կարինե Տեր-Սահակյան