24 սեպտեմբերի 2013 - 16:01 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայկական մետաղադրամների պատմությունից. Ամենահին մետաղադրամները Հայաստանից
Ամենավաղ հայկական դրամներն են համարվում Ծոփքի հայոց թագավորների թողարկումները, որոնք ընդունված է թվագրել մ.թ.ա 3-րդ դարի երկրորդ կեսով
Հայկական մետաղադրամների պատմությունը հարուստ է, բազմազան ու հետաքրքիր: Կարելի է վստահորեն ասել, որ կան քիչ ազգեր, որոնք ունեն այդքան հին դրամահատության պատմություն: Հատկանշական է, որ իր աշխարհագրական դիրքով պատմական Հայաստանը գտնվում էր այն տարածքի անմիջական հարևանությամբ, որտեղ անտիկ աշխարհում առաջին անգամ հատվել են մետաղադրամներ:

Ըստ ընդունված տեսակետի, այդ կարևորագույն իրադարձությունը՝ դրամաթողարկումը, որը շատ կարևոր դեր է ունեցել հասարակության զարգացման համար, սկիզբ է առել մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի վերջում - 7 դարի սկզբում Հին Հունաստանում՝ Լիդիա պետությունում: Լիդիան գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան մասում (ժամանակակից Թուրքիայի տարածք):

Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են մ.թ.ա 6-5 դարերին: Որպես եզակի նմուշներ մեզ հասած այդ գտածոները Աքեմենյան տիրակալների և հին Հունաստանի քաղաքների՝ Աթենքի և Միլեթի արծաթե դրամներն են:

Մ.թ.ա 6-րդ դարում Հայաստանը հայտնվեց Աքեմենյան Պարսկաստանի տիրապետության տակ: Հայաստանի տարածքը բաժանվեց երկու մասի՝ արևմտյան և արևելյան, որոնք առանձին սատրապությունների տեսքով մտնում էին Աքեմենյանների հզոր տերության մեջ: 5-րդ դարեվերջում Աքեմենյանների տերությունը ծանր ճգնաժամ էր ապրում ու սատրապները փորձելով ընդգծել իրենց հարաբերական անկախությունը դրամներ էին հատում:

Արևելյան Հայաստանի սատրապն Օրոնթոսն էր (հայկական աղբյուրներում՝ Երվանդ, մ.թ.ա 362-345թթ.), իսկ Հայաստանի արևմտայն մասի սատրապն էր Տիրիբասոսը (մ.թ.ա 386-380 թթ.): Կան վկայություններ, որ նրանք դրամներ էր հատել իրենց դիմապատկերներով:

Հետաքրքրական է Հայաստանի տարածքում հայտնաբերված Մակեդոնիայի թագավորների՝ Փիլիպոս Երկրորդի (մ.թ.ա 359-336 թթ.) և Ալեքսանդր Մակեդոնացու (մ.թ.ա 336-323 թթ.) դիմապատկերներով դրամների առանձին նմուշների փաստը: Չկան հավաստի տեղեկություններ, որոնք կարող են հաստատել այդ շրջանում դրամաշրջանառության առկայությունը Հայաստանում: Հավանաբար, նշված դարաշրջանում մեր երկրում դրամներ չեն շրջանառել և առևտուրն իրականացվել է բնամթերքով: Բայց հայտնաբերված դրամներն ինքնին նշանակալի են և վկայում են, որ տեղի բնակչությունը տեղյակ է եղել դրամների օգտագործմանը:

Ամենաառաջին հայկական դրամներն են համարվում Ծոփքի (հունարեն՝ Sophene) հայ թագավորների հատած դրամները, որոնք ընդունված է թվագրել մ.թ.ա. 3-րդ դարի երկրորդ կեսով:

Հայտնի են Ծոփքի պղնձե մետաղադրամները, որոնք հատվել են Ծոփքի հայոց տիրակալների՝ Սամեսի (մ.թ.ա մոտ. 260թթ.), Արշամ Առաջինի (մ.թ.ա. մոտ. 240թթ.), Արշամ Երկրորդի (մ.թ.ա. մոտ. 230թթ.), Քսերքսեսի (մ.թ.ա. մոտ. 220թթ.), Աբդիսարեսի (մ.թ.ա. մոտ. 210թթ.) օրոք:

Մետաղադրամների բնութագրերը

Եզակի նմուշներով մեզ հասած առաջին հայկական մետաղադրամները պղնձից են: Ծոփքի տիրակալների օրոք հատված մետաղադրամները ձևավորված են հելլենիստական ոճով: Մետաղադրամների դիմերեսին, որպես կանոն, պատկերվում էր տիրակալի պատկերը՝ թագավորի կիսադեմը, հատկանշական սրածայր սաղավարտով: Դարձերեսի պատկերները կարող էին լինել տարբեր՝ թագավորին խորհրդանշող հեծյալի, արծվի, դիցաբանական բնույթի պատկերներով և խորհրդանշաններով: Առկա մակագրությունները՝ արքայի անունն ու տիտղոսը կատարված են հունարեն գրերով:

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo