4 հոկտեմբերի 2013 - 15:29 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայկական մետաղադրամների պատմությունից. Հին Հռոմում հատվում էին նաև Հայաստանին նվիրված մետաղադրամներ
Անտիկ դարաշրջանում որոշ քաղաքներ բացի համապետական թողարկումներից հատում և օգտագործում էին նաև տեղական քաղաքային մետաղադրամներ: Այդ քաղաքներից էր նաև Արտաշատը:
Արտաշեսյանների արքայատոհմի անկումից հետո Հայաստանում բավականին ծանր իրավիճակ էր՝ երկիրը կռվախնձոր դարձավ Հռոմի ու Պարթևստանի միջև: Երկու պետությունների միջև կնքված համաձայնությամբ, Հայաստանում նոր արքայատոհմ հաստատվեց՝ հայոց գահին բարձրացավ պարթևական Արշակունիների արքայական տան ներկայացուցիչը: Արշակունիները գահակալեցին Հայաստանում 66 - 428 թթ.:

Այդ արքայատոհմի մետաղադրամները մեզ հայտնի չեն. գիտնականները գտնում են, որ նրանք դրամ չեն հատել: Նշենք, որ անտիկ աշխարհում դրամահատում չէր կարող իրականացնել ցանկացած տիրակալ: Միայն ուժեղ և լիովին անկախ պետոիթյան գահակալը կարող էր թողարկել իր դրամները: Հավանաբար, Արշակունիների արքայատոհմի տիրակալները, որոշ չափով կախված լինելով պարթևներից, դրամ հատելու իրավունք չեն ունեցել:

Հետաքրքրական է, որ մեզ են հասել Արտաշատի պղնձե դրամները: Նշենք, որ անտիկ դարաշրջանում որոշ քաղաքներ թողարկում էին տեղական քաղաքային դրամներ: Որպես կանոն, դրանք պղնձե դրամներ էին ու հատվում էին տեղի կարիքների համար և շրջանառվում միայն քաղաքի տարածքում: Նման դրամահատումների թվին են պատկանում նաև Արտաշատի պղնձե մետաղադրամների թողարկումները, որոնք հատվել են մ.թ 1-2 դարերում:

Մետաղադրամների նկարագրությունը

Արտաշատի քաղաքային դրամների վրա պատկերված էին դիցաբանական պատկերներ՝ քաղաքի պահապան դիցուհի Տիխեն բրգաձև թագով, Նիկե աստվածուհին, արմավենու ճյուղ և այլն: Մակագրությունները մետաղադրամների վրա հունարեն էին՝ նշված էր մայրաքաղաք Արտաշատի անվանումը:

Մետաղադրամների շրջանառությունն այդ շրջանում ապահովվում էր հիմնականում Պարթևական թագավորության ու Հռոմեական կայսրության, ինչպես նաև հարևան երկրների մետաղադրամներով, այդ թվում Կապադովկիայի և այլն:

Այդ շրջանի պարթևական մետաղադրամները արծաթե դրախմաներ և տետրադրախմաներ էին, ինչպես նաև պղնձե խալկոսներ:

Մետաղադրամների նկարագրությունը

Պարթևական մետաղադրամները ձևավորված են հելլենիստական ոճով: Դիմերեսին պատկերված է թագավորի կիսադեմը, դարձերեսին՝ աղեղոր նստած մարդու պատկեր և նշված է հունարեն մակագրություն թագավորի տիտողի վերաբերյալ: Այն հանգամանքը, որ դրամին նշված չէ տիրակալի անունը բնորոշ չէ հելլենիստական շրջանի մետաղադրամներին: Այդ պատճառով էլ, մինչ օրս պարթևական մետաղադրամների որոշ տիպեր մասնագետների և հետազոտողների կողմից վերագրվում են տարբեր գահակալների:

Շրջանառվող հռոմեական մետաղադրամները հատվում էին ոսկուց, արծաթից ու պղնձից: Հռոմեական կայսրությունում ոսկե մետաղադրամը կոչվում էր աուրեուս, դրա շրջանառությունը սահմանափակ էր: Հիմնական մետաղադրամները, որոնք լայն շրջանառություն ունեին նաև հայկական շուկաներում արծաթե դենարիուսն ու կվինարիուսն էին, ինչպես նաև տարբեր արժենիշերի պղնձե մետաղադրամները՝ սեստերցի, դուպոնդիուս, աս, սեմիս, կվադրանս:

Մետաղադրամների նկարագրությունը

Հռոմեական կայրսության մետաղադրամների դիմերեսին կայսրի դիմապատկերն էր: Դարձերեսի պատկերները կարող էին տարբեր լինել՝ կենդանիների, զինվորների, զրահի, ռազմական խորհրդանիշերի, դիցաբանական բնույթի պատկերներ և այլն:

(1) - Կայսր Օկտավիանոս Օգոստոսի արծաթե դինարի դիմերեսը

(2) – Կայսր Փիլիպոս Առաջինի արծաթե մետաղադրամի դիմերեսը

Հայտնի է Հայաստանին նվիրված հռոմեական մետաղադրամների մի մեծ խումբ: Այս մետաղադրամների թողարկումները պետք է մեծարեին ու գովաբանեին կայսրի հաղթանակները և նվաճումները: Պահպանվել է Մարկոս Ավրելիոսի և Լուկիոս Վերոսի (մոտ. 160 թվական, II դար) շատ հետաքրքիր մի արծաթե մետաղադրամ: Մետաղադրամի վրա Հայաստանը պատկերված է խոնարհված կնոջ ուրվագծի տեսքով, ներքևում լատինատառ գրություն է՝ «Արմեն», այսինքն՝ Հայաստան:

(3) – Կայսր Դիոկղետիանոսի պղնձե սեմիսի դարձերեսը

(4) – Կայսրեր Մարկոս Ավրելիոսի և Լուկիոս Վերոսի համատեղ հատված արծաթե դինարի դարձերեսը

IV դարի սկզբում Հռոմեական կայսրությունը բաժանվեց Արևմտյանի և Արևելյանի մասերի: V դարի կեսին Արևմտյան Հռոմեական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ, երբ Հռոմը զավթեցին բարբարոսները, իսկ Արևելյանը վերածվեց Բյուզանդական կայսրության:

Դա մի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանում Արշակունիների արքայատոհմն անկում ապրեց: Հայաստանը կորցրեց իր անկախությունը և մինչև VII դարի կեսը Սասանյանների տիրապետության տակ էր: Արշակունիների արքայատոհմի գահակալության շրջանը Հայաստանի համար նշանավորվեց մեծագույն հոգևոր արժեքների ձեռքբերմամբ՝ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն ու ստեղծվեցին հայոց գրերը: Այդ շրջանում զարգացան արհեստները, ճարտարապետությունը, հիմնվեցին առաջին հայկական դպրոցներն ու զարգացան դրամահատման տեղական ավանդույթները:

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo