Դրանք առաջին թղթադրամներն են, որոնց վրա հայերեն մակագրություն կա, այդ պատճառով էլ Անդրկովկասյան կոմիսարիատի բոները հայ դրամագետներն ու հետազոտողները դիտարկում են որպես առաջին հայկական թղթադրամներ:
Առաջին հայկական թղթադրամների նկարագրությունը
Անդրկովկասյան կոմիսարիատի բոները թողարկվել են 1, 3, 5, 10, 50, 100 և 250 անվանական արժեքով և թվագրվում են 1918 թվականով: Բոների վրա կան ազգային տարրեր, նախշեր ու զարդանախշեր: Փոքր անվանական արժեք ունեցող բոները՝ 1 և 3 ռուբլիներն ուղղահայաց դասավորություն ունեն, իսկ մյուսները՝ հորիզոնական: Մեծ անվանական արժեք ունեցող բոները գունավոր ձևավորմամբ են:
Անդրկովկասյան կոմիսարիատի բոները
Անդրկովկասյան կոմիսարիատի բոների ուրվագծերի հեղինակն է ճանաչված ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելովը (Գ. Տեր-Միքելյան): Ի դեպ, Գաբրիել Տեր-Միքելովի ճարտարապետական նախագծով Թբիլիսում կառուցվել է Վրաստանի Ազգային բանկի շենքը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Պետական բանկի առաջին բաժանմունքը կազմավորվել է Երևանում 1893 թվականին: Համապատասխան թույլտվությունը տվել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Ս. Վիտտեն, ինչը խթանեց երկրի ֆինանսական հատվածի զարգացումը, հայտնվեցին մասնավոր բանկեր, որոնք կարող էին վարկավորել այս կամ այն ոլորտն և նպաստել արդյունաբերության զարգացմանը: 1896-1901 թթ. Պետբանկի ղեկավարն էր Նիկոլայ Սմիրնովը: 1918 թվականի մայիսին Անդրկովկասի կոմիսարիատը լուծարվեց և Անդրկովկասի տարածքում անկախ հանրապետություններ հռչակվեցին: Հայաստանն անկախ հանրապետություն դարձավ1918 թվականի մայիսի 28-ին: ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշեց նոր դրամանիշերի թողարկել: Այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էին ինչպես ժամանակ, այնպես էլ ֆինանսական ռեսուրսներ: Դրամական կանոնավոր շրջանառության հաստատման համար որոշվեց շրջանառության մեջ դնել Պետական բանկի Էրիվանի բաժանմունքի ժամանակավոր չեկերը: Միևնույն ժամանակ Անդրկովկասի կոմիսարիատի բոները մնացին շրջանառությունում:
Առաջին հայկական չեկերի նկարագրությունը
Չեկերի առաջին խմբաքանակը թողարկվեց 1919 թվականի օգոստոսին: Բոլոր չեկերը նույնատիպ ձևավորվմամբ էին: Դրանք երկու չափի էին՝ ինչպես միակողմանի, այնպես էլ երկկողմանի: Թղթադրամներով փոխանակվելու հեռանկարով դրանք երկու տիպի էին ըստ մարման ժամկետի` 15.11.19թ. և 15.01.20թ.: Թողարկվում էին 5, 10, 25, 50, 100, 250, 500, 1000, 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով: Բոլոր մակագրությունները ռուսերեն էին: Միայն փոքր չափի չեկերի դիմերեսի վերևի երկու անկյուններում նշված էր անվանական արժեքը նաև հայերենով:
Պետական բանկի Երևանի բաժանմունքի չեկը
Նախատեսվում էր, որ չեկերը պետք է ժամանակավոր օգտագործման լինեին և երեք ամիս անց փոխանակվեին թղթադրամով: Բայց դա տեղի չունեցավ, և չեկերը շրջանառության մեջ մնացին նախատեսված ժամկետից ավելի, իսկ ծանր տնտեսական վիճակը ստիպեց կտրուկ ավելացնել դրանց թողարկումը:
Հայտնի է, որ Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկերի էսքիզների հեղինակն էր նկարիչ Գարեգին Լևոնյանը, իսկ չեկերի թողարկումն իրականացվում էր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տպարանում: Արդեն Առաջին Հանրապետության ժամանակ գործում էր մի օրենք, որը կանոնակարգում էր պայքարը դրամանենգության դեմ։ Հավանաբար, դրա անհրաժեշտությունն առաջացել էր թողարկվող թղթադրամների ցածր որակի պատճառով: Օրենքով դրա համար խիստ պատիժ էր սահմանվում:
Հայաստանի Հանրապետության թղթադրամները թվագրված են 1919 թվականով և թողարկվել են 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով: Թղթադրամների շարքը համատեղ ձևավորել են Հակոբ Կոջոյանը (նա նաև Առաջին Հանրապետության զինանշանի հեղինակն է) և Արշակ Ֆեթվաջյանը, իսկ տպագրությունն իրականացրել է «Վաթերլո և որդիներ» ընկերությունը՝ Լոնդոնում: Թողարկված թղթադրամները շրջանառության մեջ են դրվել միայն 1920 թվականի հունիսին:
Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամների նկարագրությունը
Այդ թղթադրամների թողարկումը տարբերվում է 1918-1924 թթ. բոլոր թողարկումներից իր նրբագեղությամբ ու տպագրության բարձր որակով, ինչպես նաև պաշտպանվածության աստիճանով: Ձևավորման մեջ օգտագործվել են ազգային պատկերներ ու նախշեր, կա Արարատ լեռան պատկերը, սուրը ձեռքին արծիվի պատկեր, որը հարվածում է օձին, ինչպես նաև ճախարակով նստած հայուհու պատկեր: Հիմնական մակագրությունները հայերեն են, սակայն մասամբ կան նաև ռուսերենով և ֆրանսերենով:
Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամները
Հայաստանի Հանրապետության թղթադրամները երկար չեղան շրջանառությունում, քանի որ խորհրդային կարգերի հաստատումից հետո դուրս եկան շրջանառությունից, իսկ 1921 թվականին սկսեցին շրջանառվել Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամները:
ՀՍԽՀ թղթադրամների նկարագրությունը
Դրամական շրջանառության շարունակականությունն ապահովելու նպատակով 1921թ. սկզբին սկսեց շրջանառվել 1919թ. թվագրված Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանի Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկը՝ 10000 ռուբլի անվանական արժեքով: Ավելի ուշ թողարկվեցին 1921թ. թվագրված 5000, 10000, 25 000, 100 000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ, ինչպես նաև 1 և 5 մլն ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ, թվագրված 1921-1922 թթ.: Թղթադրամների մակագրություններն երկու լեզվովեն՝ հայերենով և ռուսերենով: 500 000 անվանական արժեքով թղթադրամը չթողարկվեց, այն հայտնի է որպես փորձանմուշ, պատրաստվել է միակողմանի՝ դարձերեսի միագույն տպագրությամբ:
1921-1922 թթ. ՀՍԽՀ թղթադրամ
Այդ շրջանի հետաքրքիր թողարկումներից է 5 մլն ռուբլի անվանական արժեքով պարտագիրը, թվագրված 1922 թ.: Պարտագիրը պատրաստված է միակողմանի, իսկ մակագրությունները միայն հայերեն են: Այն նախատեսված էր որպես ժամանակավոր թողարկում՝ հետագայում դրամանիշերով փոխանակվելու համար:
1922 թ. ՀՍԽՀ պարտագիր
ՀՍԽՀ վերջին շրջանում թողարկվել է նաև 1923թ. թվագրված մեկ չերվոնեց անվանական արժեքով պարտագիրը, որը տպագրվել է, սակայն շրջանառության մեջ չի դրվել: Այն ունի յուրահատուկ ազգային ոճով ձևավորում՝ օգտագործվել են հայկական վայրերի, տեսարանների և զարդանախշերի պատկերներ: Բոլոր մակագրությունները հայերեն են: Պարտագրի վրա կա նաև տառանիշ սերիա և համարանիշ, քանի որ այն շրջանառության մեջ չի դրվել:
Միաժամանակ շրջանառվում էին նաև Անդրկովկասի կոմիսարիատի բոներն ու Հայաստանի Առաջին Հանրապետության չեկերը: ՀՍԽՀ Հեղկոմի 20.12.1920 թ. հռչակագրով հայտարարվեց, որ Հայաստանի տարածքում պարտադիր են շրջանառության համար նաև Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) դրամանիշերը:
Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ