Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում շրջանառվում էին 1,3,5,10 անվանական արժեքով թղթադրամներ, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի ոսկե դրամը` 1 չերվոնեց անվանական արժեքով: Ստեղծվել էր երկարժութային համակարգ՝ ոսկով ապահովված չերվոնեցներ և խորհրդային դրամանիշեր, որոնք արժեզրկվում էին:
1924 թվականին թողարկվում են նոր գանձապետական տոմսեր 1, 3 և 5 ռուբլի ոսկով անվանական արժեքով, որոնք որպես մանրադրամ էին ծառայում չերվոնեցների համար:
Երկար ընդմիջումից հետո 1924 թ. ԽՍՀՄ տարածքում շրջանառության մեջ են դրվում մետաղադրամներ: ՌԽՍՖՀ մետաղադրամների հետ միաժամանակ, որոնք հատվում էին 1921-1923 թթ., շրջանառության մեջ են մտնում նաև ԽՍՀՄ մետաղադրամները, որոնց թողարկումը սկսվել է 1924 թ.: ՌԽՍՖՀ մետաղադրամները թողարկվել են 10,15, 20 կոպեկ անվանական արժեքով (բիլոնային ձուլվածք) և 50 կոպեկ, 1 ռուբլի (արծաթ) անվանական արժեքով: ԽՍՀՄ մետաղադրամները թողարկվել են 1, 2, 3, 5 կոպեկ անվանական արժեքով (պղինձ), 10, 15, 20 կոպեկ անվանական արժեքով (բիլոնային համաձուլվածք) և 50 կոպեկ, 1 ռուբլի (արծաթ) անվանական արժեքով: 1925-1928 թթ. շրջանառության մեջ դրվեց նաև ամենափոքր անվանական արժեքով պղնձե մետաղադրամը՝ կես կոպեկը:
Պղնձե մետաղադրամների թողարկումը դադարեցվեց 1925 թվականին: 1926 թվականից 1, 2, 3 և 5 մետաղադրամները հատվում էին ալյումինե բրոնզից շատ ավելի փոքր քաշով: 1927 թվականին դադարեցվեց նաև արծաթե մետաղադրամների թողարկումը, իսկ բլիոնայինները թողարկվեցին մինչև 1931 թվականը: 10, 15 և 20 կոպեկ անվանական արժեքով մետաղադրամները թողարկվում էին մելխիորից, իսկ հետագայում՝ պղնձի և նիկելի համաձուլվածքից:
1926-1932 թթ. շրջանառության մեջ դրվեցին ԽՍՀՄ Պետական բանկի տոմսերը՝ 1, 2, 3 և 5 չերվոնեց անվանական արժեքով, իսկ 1928-1934 թթ՝ 1, 3 և 5 արժեքով գանձապետական տոմսերը:
1928 թվականի 2 չերվոնեց անվանական արժեքով ԽՍՀՄ թղթադրամ
1937 թ. թողարկվեց թղթադրամների նոր սերիա 1, 3, 5 և 10 չերվոնեց անվանական արժեքով, իսկ 1938 թ.՝ 1, 3 և 5 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների սերիան:
1938 թվականի 1 ռուբլի անվանական արժեքով ԽՍՀՄ թղթադրամ
1947 թվականին դրամաշրջանառության առողջացման և դրամական միջոցների ավելցուկի ոչնչացման նպատակով դրամական բարեփոխում իրականացվեց դենոմինացիայի տեսքով՝ առգրավմամբ: Նշենք, որ շատերն այս դրամական բարեփոխումը չեն համարում դենոմինացիա, քանի որ արդյունքում գները, աշխատավարձերն ու այլ վճարումներ մնացին անփոփոխ, և գտնում են, որ այն միտված էր միայն առգրավման: Այդպես 10 հին ռուբլու դիմաց կարելի էր ստանալ նոր թողարկման 1 ռուբլի: Առկա դրամական միջոցների փոխանակումը կատարվեց մեկ շաբաթվա ընթացքում: Դրամաշրջանառության մեջ մտցվեցին ԽՍՀՄ Պետական բանկի նոր տոմսեր՝ 1, 3, 5, 10, 25, 50 և 100 անվանական արժեքով:
1947 թվականի 1 ռուբլի անվանական արժեքով ԽՍՀՄ թղթադրամ
1961 թ. ԽՍՀՄ-ում դրամական ռեֆորմ իրականացվեց գների մասշտաբի փոփոխությամբ: ԽՄԿԿ ԿԿ-ն անվանեց այդ բարեփոխումն «ամենամարդկայինը պատմության մեջ»: 1961 թվականի փետրվարի սկզբին կանխիկ դրամի 90 տոկոսն արդեն փոխանակված էր նոր թղթադրամներով: Պետական խանութներում գները նվազեցին 10 անգամ, թեև կոլտնտեսային շուկաներում նման գնանկում տեղի չունեցավ: 1961 թվականի դրամական բարեփոխման հետաքրքիր դրսևորում էր այն, որ ողջ մանր մետաղադրամի արժեքը 1, 2, 3 կոպեկ անվանական արժեքով չնվազեց, այլ շարունակեց շրջանառվել նույն կատարմամբ և նույն անվանական արժեքով: Այդպիսով, այն բնակիչները, որոնք մանր մետաղադրամ էին հավաքում, շահեցին՝ մետաղադրամների արժեքն ավելացավ 10 անգամ:
1961 թվականի դրամական բարեփոխման արդյունքում դրամաշրջանառության մեջ դրվեցին 1, 2, 3, 5, 10, 15, 20, 50 կոպեկ և 1 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամներ և 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ:
1961 թվականի 1 ռուբլի անվանական արժեքով ԽՍՀՄ թղթադրամ
1991 թվականին իրականացվեց կոնֆիսկացիոն դրամական բարեփոխում, որը հետագայում ստացավ Պավլովյան անվանումը՝ ԽՍՀՄ ֆինանսների նախարար Վալենտին Պավլովի պատվին: Հունվարյան երեք օրվա ընթացքում քաղաքացիները կարող էին փոխանակել 50 և 100-ռուբլիանոց թղթադրամները նորերով: Փոխանակել կարելի էր միայն մինչև 1000 ռուբլի կանխիկ գումար: Խնայբանկում ավանդից կարելի էր ստանալ միայն 500 ռուբլի նոր թղթադրամներով: Այդ իրադարձությունից մոտ երկու շաբաթ առաջ Պավլովը հանդես եկավ հայտարարությամբ, որ ոչ մի դրամական ռեֆորմ չի լինելու: Ըստ իշխանությունների հայտարարության, դա պետք է սառեցներ ոչ աշխատանքային եկամուտները, վերավաճառողների, կաշառակերների, ստվերային բիզնեսի միջոցները ու կասեցներ դրամանենգ միջոցների շրջանառությունը, որի նպատակն էր նվազեցնել դրամական զանգվածն ու կասեցնել գնաճը: Միաժամանակ Խնայբանկի ավանդներն սառեցվեցին, իսկ ապրիլի 1-ին ամբողջ երկրի տարածքում բարձրացան գները: Սառեցված ավանդներին ավելացվեց 40 տոկոս, սակայն կանխիկ միջոցներ կարելի էր ստանալ միայն հաջորդ տարի:
Այդ ժամանակ դրամաշրջանառության մեջ դրվեցին 1, 3, 5, 10, 50, 100, 200, 500 և 1000 ռուբլի նոր նմուշի թղթադրամներ:
1991 թվականի 100 ռուբլի անվանական արժեքով ԽՍՀՄ թղթադրամ
1992 թվականին դրամաշրջանառության մեջ դրվեցին 50, 200, 500, 1000, 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքով նոր նմուշի թղթադրամներ, որոնք 1961 թ. նմուշի թղթադրամների հետ միասին, բացի 50 և 100 ռուբլի թղթադրամներից, ինչպես նաև 1991 թ. թղթադրամների հետ սպասարկում էին դրամաշրջանառությունը:
1992 թվականի 1000 ռուբլի անվանական արժեքով ԽՍՀՄ թղթադրամ
Ընդհուպ մինչև 1993 թվականի նոյեմբերի 22-ը, երբ Հայաստանում շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, դրամաշրջանառությունը սպասարկում էին ԽՍՀՄ դրամանիշերը:
Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ