13 նոյեմբերի 2013 - 18:46 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայկական դրամի պատմությունից. 1993-ի նոյեմբերի 22-ին «ծնվեց» հայկական դրամը
Խորհրդային ռուբլիները մինչև 1993 թվականի նոյեմբերի 22-ը դեռ շրջանառվում էին, երբ շրջանառության մեջ դրվեց դրամը
1993 թվականի մարտի 27-ին կազմավորվեց Հայաստանի Կենտրոնական բանկը, որի նախագահ դարձավ Իսահակ Իսահակյանը: Խորհրդային ռուբլիները մինչև 1993 թվականի նոյեմբերի 22-ը դեռ ազատ շրջանառվում էին՝ փոխանակվելով 200 ռուբլին 1 դրամի դիմաց փոխարժեքով:

Հենց 1993-ի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց Հայաստանի Հանրապետության պետական արժույթը՝ դրամը: Դրա թողարկման բացառիկ իրավունքը ՀՀ Կենտրոնական բանկինն էր:

1 դրամը հավասար է 100 լումայի, բայց լուման այլևս չի շրջանառվում: «Դրամ» բառը ծագում է հունական դրահմայից (հուն. δραχμή):

Դրամի գրանշանը հայոց այբուբենի մեծատառ Դ-ն է երկու հորիզոնական գծերով:

Դրամի գրաֆիկական խորհրդանշանի հեղինակներ են համարվում Կարեն Կոմենդարյանն ու Ռուբեն Արուտչյանը, որոնք նույնանման էսքիզներ էին ներկայացրել:

1992 թվականին կառավարությունը Հայաստանի ազգային արժույթի անվանակոչման, նմուշների ու շրջանառության մեխանիզմների մշակման հանձնաժողով ստեղծեց: Այն պետք է տար լուծումներ, որոնք վերաբերում էին ազգային արժույթին: Տարբեր կազմակերպություններից ու առանձին քաղաքացիներից ազգային արժույթի անվան վերաբերյալ նախապես արդեն առաջարկներ էին եղել: Օրինակ՝ դրամ, ստակ, իբար, դահեկան, մանրը՝ մանրադրամ, ար, մանր, իմի, զուզա, պլիկ, լումա: Հանձնաժողովի նիստին մասնակցելու էին հրավիրվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Հրանտ Բագրատյանը, Գերագույն խորհրդի պատգամավորներ ինչպես նաև այլ պաշտոնյաներ ու մասնագետներ: Ազգային արժույթի անվանումն ընտրելու հարցում իր տեսակետն էր հայտնել նաև ՀՀ նախագահը: Նա առաջարկել էր հիմնական դրամական միավորը «դրամ» անվանել, իսկ արտադրյալը՝ լումա:

Արդյունքում «կողմ» քվեարկեց հանձնաժողովի 7 անդամ, «դեմ»՝ 1 (դա ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն էր):

Հանձնաժողովում քվեարկության արդյունքներով որոշվեց կառավարությանն առաջարկել դիմել Գերագույն խորհուրդ, առաջարկելով ազգային արժույթի հիմնական դրամական միավորի համար ընդունել «դրամ» անվանումը, իսկ արտադրյալ միավորի համար՝ «լումա»-ն:

2003-ին դրամի գրանշանը պատկերվեց 10-հազարանոց թղթադրամի դարձերեսին, իսկ հետո նաև այլ անվանական արժեքով թղթադրամներին: 2008-ին գրաֆիկական խորհրդանշանը պատկերվեց 5000 դրամ անվանական արժեքով կոլեկցիոն արծաթե հուշամետաղադրամի դարձերեսին, որը նվիրված էր ազգային արժույթի 15-ամյակին: 2012 թվականին համաշխարհային «Յունիկոդ» ստանդարտում այն ներառվեց U+058F Armenian Dram Sign կոդով:

Ազգային արժույթի՝ դրամի համար ISO միջազգային կոդ է ընդունված AMD-ն:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net