12 փետրվարի 2014 - 11:23 AMT
ՀՈԴՎԱԾ
Ղարաբաղյան շարժում. Ամեն ինչ սկսվեց փետրվարի 12-ին Հադրութի հանրահավաքից
Այս 26 տարվա ընթացքում ԼՂՀ ոչ մի բնակչի մտքով անգամ չի անցել, և չի էլ անցնում, որ կարելի է վերադառնալ Ադրբեջանի իրավասության տակ
1988-ի փետրվարի 12-ին սկսվեց ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը: Ամեն ինչ մեկնարկեց Հադրութի հանրահավաքից, որի մասնակիցները պահանջեցին Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը: Հանրահավաքի կազմակերպիչը Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, իսկ ավելի ուշ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն էր, «Կռունկ» կոմիտեի անդամներ Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլոք: Հոմիտեն հետագայում վերափոխվեց «Ղարաբաղ» կոմիտեի:

Արցախյան շարժման ընդհատակյա փուլի կազմակերպիչներից մեկի, հետագայում Արցախի Պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հիշողություններով, երբ 1988-ին Արցախում սկսվեցին առաջին հանրահավաքները, մոտ 150 անդամ ընդհատակյա գործունեություն էր վարում: Նրանք պատրաստվում էին ապագա հանրահավաքներին, կուսակցական մարմիններին ու պետական իշխանության մարմիններին ուղղված կոչերի ու դիմումների ստորագրահավաքներ էին կազմակերպում, թռուցիկներ բաժանում ու աշխատում մարդկանց հետ: Ստեփանակերտում առաջին հանրահավաքը փետրվարի 18-ին էր: «Կռունկ» կոմիտեն դուրս եկավ ընդհատակից: Դեռ 1987-ին Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում համընդհանուր ստորագրահավաք սկսվեց՝ պահանջում էին Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Հայկական ԽՍՀ-ին:

Դեկտեմբերի 1-ին ղարաբաղցի հայերի պատվիրակությունը ստորագրություները, նամակներն ու պահանջները փոխանցեց ՄոսկվայումԽՄԿԿ ԿԿ ընդունարան: Խորհրդային իշխանություններին հասցեագրված խնդրագրի տակ 75-80 հազար ստորագրություն կար: 1988-ի հունվարին գրող Զորի Բալայանի և Իգոր Մուրադյանի ակտիվ աջակցությամբ Մոսկվա մեկնեց ղարաբաղցի հայերի նոր պատվիրակությունը, որը ոչ միայն ղարաբաղցիների նոր դիմումը փոխանցեց, այլև Լեռնային Ղարաբաղի պատմության, ազգագրության, տնտեսության ու մշակույթի վերաբերյալ 84 փաստաթուղթ:

1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար եղավշրջադարձային: Արցախի ժողովուրդն բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների: Պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

Սակայն ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդագրական էքսպանսիան, տնտեսական շրջափակումը և այլն: Սկսվեցին ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի քաղաքաների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները, արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Ադրբեջանի քաղաքաների և գյուղերի մոտ 450 հազար հայ բակիչ փախստականներ դարձավ:

1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ շրջանային խորհրդի և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ արդեն դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ հանրաքվե անցկացվեց, որտեղ բնակչության մեծ մասը՝ 99,89 տոկոսը արտահայտվեց Ադրբեջանից լիակատար անկախություն ստանալու օգտին: Դեկտեմբերի 28-ին դրան հաջորդած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որը ձևավորեց առաջին կառավարությունը: ԼՂՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ իր պարտականությունների կատարման լիակատար շրջափակման և դրան հաջորդած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:

Օգտագործելով իր տարածքում եղած ԽՍՀՄ ԶՈւ 4-րդ բանակի զենքն ու զինամթերքը՝ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ինչպես հայտնի է, պատերազմը սկսվեց 1991-ի աշնանը և շարունակվեց փոփոխական հաջողությամբ մինչև 1994-ի մայիս: Եղավ մի ժամանակահատված, երբ ԼՂ տարածքի 60 տոկոսը օկուպացված էր, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը ենթարկվում էին չդադարող զանգվածային ավիահարձակումների ու գնդակոծությունների:

1992-ի մայիսի 9-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Շուշին ու Լաչինի շրջանում միջանցք բացեցին՝ կապելով ԼՂՀ-ն Հայաստանին, դրանով իսկ մասնակիորեն ճեղքելով ԼՂՀ բազմամյա շրջափակումը:

1992-ի հունիս-հուլիսին ադրբեջանական բանակի հարձակման արդյունքում հակառակորդին հաջովեց զավթել ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի մեծ մասը, Մարտունու, Ասկերանի ու Հադրութի շրջանների մի մասը:

1992-ի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսը բանաձև ընդունեց՝ դատապարտելով Ադրբեջանի գործողություններն ու արգելելով ԱՄՆ վարչակազմին կառավարական մակարդակով աջակցել այդ պետության տնտեսական զարգացմանը (Ազատության ակտի 907-րդ ուղղում):

Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու նպատակով կյանքը ԼՂՀ-ում ամբողջովին ռազմական պահանջներին ենթարկվեց՝ 1992-ի օգոստոսի 14-ին ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն, որի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ ինքնապաշտպանության կոմիտեն ղեկավարում էր Սերժ Սարգսյանը: Ինքնապաշտպանական ուժերի ջոկատները վերակազմավորվեցին և խիստ կարգապահության ու միասնական հրամանատարության հիման վրա կազմավորեցին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը: ՊԲ-ին հաջովեց ազատագրել նախկինում Ադրբեջանի կողմից զավթված ԼՂՀ տարածքի մեծ մասը՝ ռազմական գործողությունների արդյունքում գրավելով նաև Ադրբեջանի մերձակա մի քանի շրջաններ, որոնք կրակակետերի էին վերածված: Հենց այդ անվտանգության գոտու ստեղծումը թույլ տվեց կանխել խաղաղ բնակչությանը սպառնացող անմիջական վտանգը:

1994-ի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին նույն կողմերի միջև ստորագրվեց Հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը գործում է արդեն 20 տարի:

1992-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակում իրականացվում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:

Այս 26 տարիների ընթացքում ԼՂՀ ոչ մի բնակչի մտքով անգամ չի անցել, և չի էլ անցնում, որ կարելի է վերադառնալ Ադրբեջանի իրավասության տակ՝ չափից շատ է արյուն հեղվել, չափազանց մեծ են կորուստները նվաճածից նահանջելու համար:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net