26 փետրվարի 2014 - 17:15 AMT
ՀՈԴՎԱԾ
1988-ի սումգայիթյան ջարդերն որպես ԽՍՀՄ փլուզման սկիզբ
ԽՍՀՄ ղեկավարության լռելյայն համաձայնության պայմաններում եռօրյա ջարդերի արդյունքում տասնյակ մարդիկ վիրավորվեցին, 53-ը սպանվեց
Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988-ի փետրվարի 26-ի երկրորդ կեսից մինչև փետրվարի 29-ը հայկական ջարդերը նորագույն խորհրդային պատմության մեջ ազգային հողի վրա բռնության առաջին զանգվածային պայթյունն էր: Դրանք տևեցին երեք օր և ուղեկցվեցին զանգվածային բռնությամբ, թալանով ու սպանություններով, ինչն էլ Ադրբեջանից դեպի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ փախստականների առաջին հոսքի պատճառ դարձավ: Ջարդերի հանգամանքների պատշաճ հետաքննություն չանցկացվեց, մեղավորները չհայտնաբերվեցին ու չպատժվեցին, ինչն էլ ավելի սրեց Ադրբեջանի ու Ղարաբաղի հայ բնակչության դեմ բռնության ալիքը:

ԽՍՀՄ ղեկավարության լռելյայն համաձայնության պայմաններում եռօրյա ջարդերի արդյունքում տասնյակ մարդիկ վիրավորվեցին, 53-ը սպանվեց, ընդ որում՝ նրանց մեծ մասը դաժանորեն սպանվեց, իսկ դիակները այրվեցին: Փետրվարի 29-ին Սումգայիթ վերջապես մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, հայ բնակչությանը պաշտպանելու համար ոչինչ չձեռնարկեց: Հայերի ջարդերը Սումգայիթում ԽՍՀՄ նորագույն պատմության մեջ ազգային ֆոնի վրա առաջին զտումն եղանև մեծ դեր ունեցան ինչպես ԽՍՀՄ փլուզման, այնպես էլ ղարաբաղյան պատերազմի սանձազերծման գործում:

Սումգայիթում ցեղասպանության փաստի ժխտումն ու համաշխարհային հանրության ապատեղեկացումն Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակեցին հակահայկական քարոզչությունը, որն արդյունքում 1990-ի հունվարին հանգեցրեց Բաքվի հայ բնակչության կոտորածին. դրան զոհ գնացին հազարավոր խաղաղ բնակիչներ: Հայ բնակչության զանգվածային ջարդերի արդյունքում Ադրբեջանի հայ համայնքը դադարեց գոյություն ունենալ և համալրեց Սփյուռքի շարքերը, ինչպես դա եղավ գրեթե 100 տարի առաջ:

Պետական մակարդակով Սումգայիթի մասին առաջին հրապարակային խոսակցությունը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988-ի հուլիսի 18-ի նիստում էր: «Սումգայիթյան ցեղասպանություն» արտահայտությունը, որ հնչեցրեց հայկական պատվիրակության անդամներից մեկը, հարուցեց Միխայիլ Գոռբաչովի խիստ բացասական արձագանքը: ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ ցեղասպանությունը կազմակերպված հանցագործություն է, իսկ Սումգայիթում գործել են միայն «հանրության տականքները»:

Հուլիսի 18-ի նիստում Գոռբաչովը հայտարարեց, թե Սումգայիթի ողբերգությունը չէր լինի, եթե զորքերը 3 ժամով չուշանային: Այս կարծիքին դժվար է համաձայնվել: ՊՆ և ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները սկսեցին Սումգայիթ ժամանել փետրվարի 28-ի երեկոյան: Իսկ մեկ օր անց՝ փետրվարի 29-ի երեկոյան, Սումգայիթում առնվազն 10 հայ սպանվեց, այդ թվում Մելքումյանների ընտանիքի 5 անդամը, հրկիզվեցին տասնյակ բնակարաններ, բազում այլ հանցագործություններ կատարվեցին: Փետրվարի 29-ի ողբերգությունը խորացրեցին զինվորական ստորաբաժանումների անգործությունն ու հարձակումների ենթարկվող հայերին չօգնելու փաստերը: Ահմեդովի և այլ ջարդարարների դատավարության ժամանակ ԽՍՀՄ Գերագույն դատարանում վկայություններն այնքան համոզիչ էին, որ Գերագույն դատարանը մասնավոր որոշում կայացրեց Սումգայիթում որոշ զինվորական ստորաբաժանումների անգործության հարցի հետաքննության մասին:

Ալեքսանդր Վասիլևսկու «Ամպը սարերում» գրքից.

«Սումգայիթում սարսափելի էր: Անշուշտ, մեղավոր էին տեղական մարմինները՝ խորհրդային, կուսակցական: Անգործության էր մատնված միլիցիան…»:

«Ջարդերի նախօրեին զանգահարեցին, երեք հեռախոսահամար տվեցին, թե ուր զանգել աղետի դեպքում, իսկ երկու ժամ անց կապը խափանվեց: Եվ չկար 5 օր շարունակ: Ո՞վ արեց դա: Ինչո՞ւ «շտապ օգնությունն» ու միլիցիան չէին գալիս տուժածներին օգնության: Ինչո՞ւ զորքերը կանչվեցին միայն երկու օր անց»:

«Նույնիսկ այն մարդիկ, ովքեր չտուժեցին ավազակներից, բայց տեսան այդ ամենը, այժմ հոգեպես հիվանդ են: Իմ եղբայրը, փրկվելով փետրվարի 29-ին, գիշերն անձրևի տակ 45 կմ է վազել չորս ժամում: Մեքենայում նրա համար տեղ չգտնվեց, այնտեղ 8 մարդ կար: Պատկերացրեք, թե ինչքան էր նա սարսափած»:

«…Դրոշով գնում էին մեր տան մոտով: Դրոշի վրա գրված էր «մահ հայերին»: Համար 22 դպրոցի մոտ նրանք միացան աշակերտներին: Դպրոցականներից ոմանք, ճիշտ է, մնացին: Կես ժամվա ընթացքում 40-50-հոգանոց խումբը վերածվեց 5-6-հազարոնց ամբոխի: Եվ այդպես նրանք շրջում էին ամբողջ թաղամասով, վանկարկելով «մահ հայերին»: Ամեն մի մեքենան ստուգում էին, տրամվայները, ավտոբուսները. փնտրում էին…»:

Ցավոք, մինչև օրս Սումգայիթի կոտորածը համարժեք քաղաքական ու իրավաբանական գնահատական միջազգային հանրության կողմից չի ստացել: Սումգայիթի ողբերգական իրադարձությունները պարարտ հող ստեղծեցին ու նպաստեցին հայերի հանդեպ կույր ատելության սաստկացումը, որը հաջողությամբ ու հետևողականորեն արմատավորվում է Ադրբեջանում ու այնտեղի հանրության շրջանում:

Այսօր Ադրբեջանում, չնայած միջազգային հանրության բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոչերին, քարոզվում է այլատյացություն, անհանդուրժողականություն ու ռազմաշունչ հայտարարություններ են արվում: Ցանկացած մեկը, ով հանդես է գալիս հայերի հետ որևէ հարաբերություններ հաստատելու օգտին, ահաբեկվում է ու դաժան հալածանքի ենթարկվում իշխանությունների կողմից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net