8 օգոստոսի 2015 - 15:56 AMT
ՀՈԴՎԱԾ
Մուսա լեռան 40 օրը.Մաս II
Առաջին մասում արդեն պատմել ենք, թե ինչպես ամեն ինչ սկսվեց
2015-ի օգոստոս-սեպտեմբերին լրանում է 1915 թվականի սակավաթիվ լուսավոր դրվագներից մեկի՝ Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակը: PanARMENIAN.Net-ն անդրադառնում է հերոսամարտին և պարբերաբար կներկայացնի դեպքերի ժամանակագրությունը:

Առաջին մասում արդեն պատմել ենք, թե ինչպես ամեն ինչ սկսվեց:

Եվ այսպես, օգոստոսի 10-ի առավոտյան թշնամին նորից հարձակվեց Մուսա լեռան վրա` այս անգամ մոտ 1500-2000 հոգանոց զորքով և 2 լեռնային թնդանոթով: Թուրքերը, օգտվելով մառախլապատ և անձրևոտ եղանակից, հարձակվում են ընդամենը 15 հոգով պաշտպանվող հայկական դիրքերից մեկի վրա և անսպասելի դիմադրության հանդիպում: Սակայն հայ դիրքապահները ստիպված էին նահանջել, իսկ թուրքական զորքն առաջ շարժվեց մինչև «Օմարի գետինը» կոչվող դիրքը, որտեղ էլ հորդառատ անձրևի պայմաններում մղվեցին հիմնական մարտերը: Թուրքերը ռմբակոծեցին հայերի բանակատեղերից մեկը և խիստ վնասեցին հյուղակները:

Դրությունը բավականին ծանր էր նաև այլ հատվածներում, բայց բարեբախտաբար հայերի ունեցած հունական նորագույն հրացաններն անձրևից չէին վնասվել և պատրաստ էին կրակել ցանկացած պայմաններում: Հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, երեկոյան ճնշեցին ենթուրքերի առաջխաղացումը, որոնք լուսադեմին ստիպված էին խուճապահար նահանջել Մուսա լեռից: 12-ժամյա ճակատամարտի ընթացքում թուրքերն ավելի քան 100 զոհ ու վիրավոր ունեցան, իսկ հայերը` 4 զոհ և մի քանի վիրավոր: Հայերից իրենց գործած սխրանքներով աչքի ընկան հատկապես Հակոբ Ղարագյոզյանը («Ըլլեօն»` «Առյուծ») և Պետրոս Գալուստյանը, որը հաջորդական 5 կրակոցով սպանեց 4 թուրք թնդանոթաձիգի:

Հերոսամարտի մասնակիցներից մեկի հրացանը

Երկրորդ հաղթական ճակատամարտից հետո մուսալեռցիները միջոցներ ձեռնարկեցին իրենց պաշտպանության խոցելի կողմերը վերացնելու, թերությունները շտկելու և կազմակերպական հարցերը կարգավորելու համար: Փորձը ցույց տվեց, որ դժվար էր փոքրաթիվ ուժերով չորս տարբեր բանակատեղ պաշտպանել ու կառավարել, ուստի անհրաժեշտ էր հնարավորինս կենտրոնացնել ուժերը: Որոշվեց բնակիչներին համախմբել առավել ապահով վայրում, և արդեն օգոստոսի 12-ին գլխավոր բանակավայրը դառնավ Տամլաճըգը: Վերջինի հիմնական առավելությունը ծովամերձ դիրքն էր, և մասնակիցների վկայությամբ` «ծովը միշտ աչքի առաջ ունենալը նշանակում էր կռվել փրկության հույսով»:

Նախքան այդ` օգոստոսի 11-ին Տամլաճըգում մյուս երկու ճամբարի` Գուզճըղազի և Գափլան-Տուզաղի (որտեղ հաստատվել էին լեռը բարձրացած բիթիասցիները) վարչական խորհուրդների մասնակցությամբ ընդհանուր ժողով գումարվեց: Այստեղ տեղական խորհուրդների միավորումով ձևավորվեց 17 հոգուց բաղկացած կենտրոնական վարչական ժողով (խորհուրդ)` Տիգրան Անդրեասյանի ատենապետությամբ: Ժողովը գումարվում էր օրը երկու անգամ և պատասխանատու էր ներքին կյանքի կազմակերպման, կարգ ու կանոնի պահպանման և իրավական հարցերի լուծման, ապաստարանների, դիրքերի ու ճամփաների կառուցման համար, ինչպես նաև միջոցներ էր ձեռնարկում արտաքին հարաբերությունների վարման և բանակցությունների համար:

Կենտրոնական ժողովի կազմից ընդհանուր զինվորական վերահսկիչ նշանակվեց 20-ամյա Մովսես Տեր-Գալուստյանը: Նրա պարտականությունն էր յուրաքանչյուր օր փոխել պահակախմբերը, կանոնավոր կերպով ջուր և սնունդ ապահովել կռվողների համար, ապահովել առաջին գծի դիրքապահների և կենտրոնի միջև կապը, ինչպես նաև կազմակերպել օժանդակ խմբերի միջոցով առաջին գծում կռվողների զինական և թիկունքային արագ ապահովումը:

Որոշ հետազոտողներ նշում են, որ հենց Մովսես Տեր-Գալուստյանի կերպարն է հիմք ծառայել Ֆ.Վերֆելի հայտնի վեպի գլխավոր հերոսի` Գաբրիել Բագրատյանի կերպարի ստեղծման համար: Այլ տվյալներով նշվում է նաև հերոսամարտի նշանավոր մարտիկներից Եսայի Յաղուբյանի անունը:

Ռազմական գործողությունները Մուսա լեռան վրա

Զինվորական ուժի կազմակերպումը նախկինի պես մնաց նույնը. ընդհանուր առմամբ գործում էր 43 մարտական խումբ` յուրաքանչյուրը մեկ խմբապետի և 12 մարտիկի կազմով: Խմբերի կեսը մարտական ակտիվ գործողությունների դադարի ժամանակահատվածում մնում էր երկար գետնահարկ տաղավարի ձևով կառուցված զորանոցում: Բացի այդ, մուսալեռցիների ինքնապաշտպանության տարածքի մեծությունը (մոտ 115 քկմ) և նախորդ ճակատամարտերի փորձն անհրաժեշտ դարձրեց արագ արձագանքման օժանդակ խմբերի կազմումը` վտանգված կետերին արագ օգնության հասնելու, ինչպես նաև դիրքապահներին աջակցելու համար: Ստեղծվեց 11 կռվողից բաղկացած երեքական այդպիսի խումբ, որոնց խմբապետերն էին Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլաքյանը և Պետրոս Տուտագլյանը: Օժանդակ խմբերի կենտրոնատեղին Մուսա լեռան կենտրոնական Թաթարալանկ դիրքն էր: Դրանց քաջամարտիկներն իրենց արագաշարժությամբ ու անվեհեր կռվով մեծ դերակատարում ունեցան հերոսամարտում:

Իրենց կարևոր դերն ունեին նաև կանայք ու պատանիները: Հավատարիմ հայ կնոջ հերոսականությանը` բազմաթիվ կանայք ու աղջիկներ վճռական պահին կողք կողքի մարտնչում էին տղամարդկանց հետ, գոտեպնդում նրանց, կռիվների ընթացքում ջուր ու սնունդ, փամփուշտ հասցնում, խնամում վիրավորներին: Իրենց խիզախությամբ աչքի ընկան հատկապես Շուշանիկ Գապայանը, Մանուշակ Մանուկյանը (Յաղուբյան), Վարդեր Զեյթլյանը և Եղիսաբեթ Սըգայանը:

Մուսա լեռան ինքնապաշտպանության հաջողությունը մեծապես պայմանավորված էր նաև թիկունքային ապահովման, հատկապես` սննդի հայթայթման արդյունավետ կազմակերպմամբ: Սկզբնապես սննդամթերքի պակասություն չէր զգացվում: Անհրաժեշտության դեպքում վարչական մարմինը որոշել էր հավաքել բնակչության ունեցած ամբողջ պաշարը և հավասարապես բաժանել, սակայն դրա կարիքը չզգացվեց: Այնուհետև պարենի, հատկապես հացահատիկի պակասը լրացնելու համար գիշերային ժամերին մուսալեռցիները փոքր խմբերով իջնում էին շրջակա գյուղերը և արտերից ու այգիներից հացահատիկ և մրգեր հավաքում:

Մուսալեռցիների դեմ թուրքերի երրորդ և ամենամեծ հարձակումը տեղի ունեցավ օգոստոսի 15-ին (այլ տվյալներով` օգոստոսի 19-ին): Անտիոքի երիտթուրքական իշխանությունները հայերի դեմ կենտրոնացրել էին մոտ 3.000-ի հասնող (որոշ տվյալներով` մոտ 5.000-ի) կանոնավոր զորք և մոտ 4.000 բաշիբոզուկի անկանոն ուժեր: Կիրակի վաղ առավոտյան թշնամին Ֆախրի փաշայի գլխավորությամբ հյուսիսից, հարավից և հարավ-արևմուտքից միաժամանակ գրոհեց հայկական 4 դիրքի վրա: Չնայած հայերի համառ դիմադրությանը` թշնամին կարողացավ գերազանցող ուժերով որոշ տեղերում ճեղքել պաշտպանության գիծը և թնդանոթային կրակն օգտագործելով` հասնել մինչև Թաթարալանկի կենտրոնական դիրքերը:

Եսայի Յաղուբյան, ինքնապաշտպանության զինխորհրդի անդամ, խիզախների առաջին տասնյակի ղեկավար

Հայերի համար համաժողովրդական օրհասական ճակատամարտ է սկսվեց. մարտական խմբերից բացի, անզեն, միայն ձեռքի տակ եղած միջոցներով, նույնիսկ մերկ ձեռքերով անձնազոհաբար կռվում էին նաև ծերունիները, կանայք ու աղջիկները: Այնուհետև թուրքական մեկ գումարտակ, երկու դավաճան հայի ուղեկցությամբ, թավուտ մացառների միջով գաղտագողի առաջանալով` երեկոյան մոտեցավ հայերի կենտրոնական զորանոցին (Տամլաճըգում) ու ուժեղ կրակ բացեց: Սակայն հայերի անօրինակ քաջությունը և հմուտ մարտը ստիպեց թշնամուն այս և այլ դիրքերից նահանջել, իսկ դավաճանները բռնվեցին և արժանի պատիժ ստացան: Գիշերվա ընթացքում թուրքական զորքի շարքերը քայքայվեցին հայերի հարվածների տակ, որոնք նույնիսկ կարողացան որպես ռազմավար վերցնել 7 «մաուզեր» հրացան և հազարավոր փամփուշտներ:

Հոդվածաշարի նախավերջին՝ երրորդ մասը կարող եք կարդալ այստեղ:

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net