30 հոկտեմբերի 2015 - 16:38 AMT
ՀՈԴՎԱԾ
Ինչպես է IBM-ն աջակցում հայկական ստարտափների էկոհամակարգի զարգացմանը
Ստարտափների համար Հայաստանում ստեղծված են սեփական արտադրանքը զարգացնելու և այն միջազգային շուկայում ներկայացնելու բոլոր հնարավոր պայմանները
Նորարար տեխնոլոգիաների զարգացումը փոխում է բիզնես վարելու բուն էությունը: Փոփոխություններ են տեղի ունենում կյանքի բոլոր ոլորտներում` սկսած կրթություն ստանալուց մինչև աշխարհին ներկայանալու ձգտումը: Անցյալում բիզնեսակենտրոն շուկան այսօր կենտրոնանում է հաճախորդի վրա: «Ժամանակակից իրողության պայմաններում «խելացի բիզնես» վարելու համար անհրաժեշտ է կարողանալ վերլուծել մեկ կոնկրետ հաճախորդի բոլոր ցանկություններն ու տալ նրան համապատասխան շուկայական առաջարկը: IBM համաշխարհային հսկան տրամադրում է բոլոր գործիքներն ու լուծումները, որոնք թույլ են տալիս բիզնես գործընթացներն առավել հասկանալի և թափանցիկ դարձնել: Եվ այսօր բոլոր այդ լուծումները մատչելի են հայաստանյան սկսնակ ընկերություններին Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի օգնությամբ:

Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (Innovative Solutions and Technologies Center) հիմնվեց Հայաստանում IBM-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության և USAID-ի համատեղ ջանքերով: Կենտրոնն աշխատում է 4 հիմնական ուղղությամբ` ստարտափ աքսելերացիա, բիզնեսի ագրեգացիա, ուսումնական գործընթաց (նորարարություններ և տնտեսություն), ինչպես նաև համատեղ հետազոտություններ հայկական և ամերիկյան բուհերի մասնակցությամբ:

Բիզնեսի զարգացման կենտրոնի մենեջեր Արեգ Գևորգյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պարզաբանեց, որ բոլոր ուղղություններն ամուր շաղկապված են և կատարվում են փուլ առ փուլ: Օրինակ, սկզբից կենտրոնը տրամադրում է ՏՏ-կրթություն թրեյնինգների միջոցով` IBM տեխնոլոգիաների հիման վրա: Համապատասխան կրթություն ստացած կադրերը, արդեն ծանոթ լինելով այդ տեխնոլոգիաներին, սկսում են բիզնես ագրեգացիայի փուլը` ստանալով կենտրոնի աջակցությունը ստարտափի ստեղծման համար: Կարող է նաև հակառակը լինել` արդեն աշխատող սկսնակ ընկերությունը մասնակցում է թրեյնինգներին և զարգացնում է սեփական բիզնեսը:

«Աջակցությունը հիմնված է առաջին հերթին բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատվության վրա: Այդ նպատակով տարբեր միջոցառումներ են կազմակերպվում: Օրինակ, 2015-ի ամռանը Հայաստանում անցկացվեց առաջին հաքաթոնը` IBM Bluemix հենքի վրա: Հաղթողները մրցանակներ ստացան»,-պատմել է մեր զրուցակիցը:

IBM Bluemix-ը նորագույն առաջարկ է IBM ամպային լուծումների շարքից: Այդ միջավայրը թույլ է տալիս մշակողներին և կազմակերպություններին արագ և հեշտ հավելվածներ ստեղծել, ծավալել ու կառավարել ամպում: Bluemix-ը կորպորատիվ մակարդակի ծառայություններ է առաջարկում, որոնք կարելի է հեշտությամբ ինտեգրել ամպային հավելվածներում` չխորանալով դրանց տեղադրման ու կարգաբերման նրբությունների մեջ:

«Նաև, ֆիննական Slush աքսելերատորի հետ համատեղ հատուկ մրցույթ կազմակերպվեց սկսնակ ընկերությունների համար: Հաղթողը կմասնակցի Հելսինկիում կայանալիք համաշխարհային կոնֆերանսին: Այսինքն, կենտրոնը թույլ է տալիս տեղի թիմերին հանդիպել ներդրողների հետ և ֆինանսավորում գտնել տարբեր մրցույթների միջոցով: Փորձում ենք ճիշտ կապեր ստեղծել, ճիշտ և գրագետ ներկայացնել տեղական թիմերին համաշխարհային ասպարեզում: Դա թույլ է տալիս յուրաքանչյուր թիմին նախապես իմանալ, թե ով է շահագրգռված կոնկրետ ուղղությունում և ում է հարկավոր ներկայացնել վերջնական արտադրանքը»:

IBM ընկերությունը սեփական ծրագիրն ունի ստարտափների համար` «Գլոբալ ձեռնարկատեր»: Ծրագրում գրանցված ստրատափները ոչ միայն խորհրդատվություն են ստանում ընկերության մասնագետներից, այլ նաև անվճար սոֆթ: Ըստ Գևորգյանի, հատուկ ստրատափների համար, որոնք աշխատում են ամպային տեխնոլոգիաներով, կարելի է ստանալ $25.000 գումարի IBM-ի լիցենզիա: Հայաստանում արդեն կա թիմ, որը ստացել է այդ գումարի լիցենզիա այդ տեխնոլոգիան օգտագործելու համար: Հաշվի առնելով մեծ մրցակցությունը` դա, անկասկած, շատ լուրջ նվաճում է:

Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի բիզնեսի զարգացման մենեջեր Արթուր Ղուլյանը բացատրեց, որ բիզնես կարողությունների զարգացման համար անհրաժեշտ է լավ ուսումնասիրել շուկան` առաջին հերթին, հասկանալու համար, թե կոնկրետ ինչ է պահանջված շուկայում: Դրա համար կենտրոնը տարբեր ծրագրեր է մշակում և դասընթացներ: Հայկական համալսարանների համար իրականացվում է SPSS Statistics ծրագիրը, որը համակարգչային ծրագիր է տվյալների վիճակագրական մշակման համար, այն շուկայի առաջատարներից է կոմերցիոն վիճակագրական պրոդուկտների ոլորտում, որոնք նախատեսված են սոցիալական գիտություններում կիրառական հետազոտությունների անցկացման համար: Այն լայն կիրառում ունի բանկային ոլորտում, հեռահաղորդակցությունների և այլ: Մյուս կողմից, իրականացվում են նաև ուսումնական ծրագրեր, որոնք թույլ են տալիս կոնկրետ ոլորտի մասնագետին օգտագործել IBM տեխնոլոգիաները:

«Հստակ կապ կա բիզնեսի ագրեգացիայի և ստարտափ-աքսելերացիայի միջև, քանի որ չափազանց կարևոր է, որ սկսնակ ընկերությունները վերածվեն հետագայում զարգացող ընկերությունների: Դրա համար մենք առաջարկում ենք 2 մակարդակի լուծում: Առաջինը` դա տեխնոլոգիական «հոսքագիծն է», որի միջոցով կենտրոնը փորձում է աջակցել ընկերություններին գործարարության մեջ` կիրառելով որոշակի գիտելիքներ և տեխնոլոգիաներ: Հայտնի է, որ IBM տեխնոլոգիաներն աշխարհում առաջատար են համարվում բիզնես գործընթացների կառավարման և վերլուծության ոլորտում: Մենք փորձում ենք այդ առաջատար գործիքակազմը ներդնել նաև Հայաստանում, ինչը խթանում է սկսնակ ընկերությունների հետագա աճը»,-պարզաբանել է Ղուլյանը:

Գոյություն ունեն նաև աջակցության «դոմենային» ուղղություններ առողջապահության, կրթության և այլ ոլորտներում: Լուծումներ են մշակվում կոնկրետ ուղղությամբ աշխատող խմբերի և ստարտափների համար: Օրինակ, հիմա իրագործվում են այն լուծումները, որոնք թույլ են տալիս IBM-տեխնոլոգիաների բոլոր առավելություններն օգտագործել բժշկության մեջ: Դրանց օգնությամբ այդ ոլորտում աշխատող կազմակերպությունները կարող են ավելի մրցունակ դառնալ` սեփական լուծումները մշակելով այդ տեխնոլոգիաների հիման վրա: Կրթության ոլորտում քննարկվում է IBM տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունն անհատական ուսումնական գործընթացի գաղափարը կյանքի կոչելու համար, որը լայնորեն տարածված է աշխարհի բուհերում:

Ինչպես նշեց Արեգ Գևորգյանը, Հայաստանում ինչ-որ չափով ստարտափների էկոհամակարգ է ձևավորվել, որի շրջանակում սկսնակ ընկերություններն ու ներդրողներն արդեն ծանոթ են միմյանց: Այդ ամենը շնորհիվ ամենամյա միջոցառումներին ու ֆինանսավորման տարբեր աղբյուրների առկայությանը:

«Ստարտափների համար Հայաստանում ստեղծված են սեփական արտադրանքը զարգացնելու և այն միջազգային շուկայում ներկայացնելու բոլոր հնարավոր պայմանները: Գործում է նաև վենչուրային հիմնադրամը, ուստի, կարիք չկա որոնելու այլ երկրներից ֆինանսավորման խոշոր աղբյուրներ: Միաժամանակ, կան բազում խնդիրներ, որոնք հիմնականում «մշակութային» կարգի են: Հայ ժողովրդին հատուկ ձեռներեցությունը հարկավոր է տեղավորել ժամանակակից ձեռներեցի շրջանակի մեջ, որպեսզի հնարավոր լինի ճիշտ իրացնել առկա ներուժը:

Ձեռներեցությունը պետք է խթանվի համալսարաններում: Ուսանողը պետք է իմանա, որ կրթություն ստանալու հետ մեկտեղ կկարողանա օգտագործել իր գիտելիքները սեփական ստրատափ ստեղծելու համար, ոչ թե ձգտի աշխատել ինչ-որ մի ընկերությունում»,-ասել է մասնագետը:

Արթուր Ղուլյանն իր հերթին նշեց, որ, հաշվի առնելով ներքին շուկայի չափերը, հայկական ստրատափները կենտրոնանում են արտաքին շուկայի վրա: Սակայն, բիզնեսի կայունացման համար անհրաժեշտ են լայն կապեր, շփվելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս հստակ պատկերացում ունենալ շուկայի և նրա պահանջների մասին: «Հայաստանում հիմնականում ստեղծվում են տեխնոլոգիական ստարտափներ, որոնց թիմի մեծ մասն աշխատում է կոնկրետ ծրագրային խնդրի վրա: Սակայն, շատ կարևոր է, որ թիմում մարդիկ լինեն նաև գործարար ոլորտից, որոնք սեփական տեսակետն ունեն և այլ կերպ են ձևակերպում խնդիրը: Ծրագիրը մշակողմերը ներսից են դիտարկում խնդիրը: Սակայն հարկավոր է նաև պատկերացում ունենալ, թե ինչ է ուզում վերջնական օգտատերը»,-եզրափակեց նա:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net