14 սեպտեմբերի 2016 - 15:25 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի պեղվող գանձերը
Քարաշամբի դամբարանադաշտը (Ք.ա. XXIII-VII դդ.)
Քարաշամբի դամբարանադաշտում հետախուզական աշխատանքները կատարվել են դեռևս 1966թ. Լ. Կարապետյանի կողմից (պեղվել է բրոնզի դարի տարբեր փուլերին վերագրվող 6 դամբարան): Պեղումները սկսվել են 1987 թվականին, և դրանց արդյունքում բացվել է արդեն իսկ 700-800 դամբարան, որոնցում հայտնաբերվել են թանկարժեք մետաղից ու բրոնզից զարդեր, զենքեր, իշխանության խորհրդանիշեր, սպասք, խեցեղեն առարկաներ։ Այստեղ կատարված պեղումները հնարավորություն են տալիս ոչ միայն պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանում թաղման ծեսի, այլև ընդհանրապես մի ամբողջ քաղաքակրթության ապրելակերպի մասին:

2009 թվականից մինչև օրս Քարաշամբի հնավայրում աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը: 2016 թվականի պեղաշրջանը սկսվել է օգոստոսի 1-ից: PAN-ը զրուցել է ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, պեղումների պատասխանատու Վարդուհի Մելիքյանի հետ և նկարել անչափ ազդեցիկ ու անգին գտածոները.

Միջին բրոնզեդարյան գունազարդ ծիսական անոթ (Ք.ա. XIX-XVIII դդ.). այն պեղվել է գրեթե անվնաս, միայն մի կոտոշն է կոտրված եղել, որը վերականգնվել է: Հատկանշական է, որ մի կողմից նայելիս անոթը խոյի է նման, մյուս կողմից՝ ցուլի:

Փրկարարական աշխատանքներ

2009 թվականին ծրագիր է ներկայացրեվել ՀՀ կառավարություն, որը հավանության արժանացավ: Աշխատանքներն իրականում փրկարարական բնույթի են, քանի որ Քարաշամբի դամբարանադաշտից, որը ժամանակին շատ ավելի մեծ տարածք է զբաղեցրել (տարբեր աղբյուրներում տարբեր թվեր են նշվում ՝ մինչև 70 հա), այժմ մնացել է ընդամենը 3.5 հա:

Այժմ այդ պահպանված 3.5 հա-ն ամբողջովին շրջապատված է ամառանոցներով: Մինչև աշխատանքների սկիզբը տարածքը ծածկված էր շինարարական և կենցաղային աղբով: Որոշ դամբարաններ վնասված էին, քարերը տանում էին և օգտագործում՝ որպես շինանյութ:

Ուշ բրոնզեդարյան բրոնզե վարսակալ, մանրուլունքից ապարանջան (Ք.ա. XIV-XIII դդ.)

Երևանի քաղաքային խորհրդի կողմից դամբարանադաշտի տարածքի մի զգալի հատված այգեգործական ընկերություններին հատկացնելու որոշումից հետո, XXդ. 80 - ական թվականներին դամբարանադաշտի տարածքում իրականացվել են հնագիտական լայնածավալ աշխատանքներ, քանի որ առաջին իսկ շինարարական աշխատանքների ժամանակ հնագիտական նյութն ի հայտ է եկել: Դիմել են ինստիտուտին, բավական լայնածավալ աշխատանքներ են կատարվել:

80-ականներին իրականացված պեղումների ժամանակ ՀՅԴբյուրոյի նախկին անդամն ու Գերմանիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպանՎահան Հովհաննիսյանի կողմից բացվել է Քարաշամբի, այսպես կոչված, արքայական դամբարանը, որտեղից պեղվել են բազմաթիվ թանկարժեք իրեր: Բացառիկ է նաև այնտեղից պեղված արծաթե դրվագազարդ գավաթը, որի վրա քանդակված պատկերները տեղեկատվություն են տալիս միջին բրոնզեդարյան Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին: Գավաթը դրվագման եղանակով արված հինգ հորիզոնական ուռուցիկ երիզներով բաժանված է վեց զարդագոտիների, որոնք պատված են դրվագումով արված և փորագրազարդով համալրված տեսարաններով:

Ուշ բրոնզեդարյան դաշույն, զրահաբաճկոնի կոճակներ (Ք.ա. XIV-XIII դդ.). Քարաշամբում բացվել է 7-8 ռազմիկի դամբարան, որոնցում թաղված են տղամարդիկ, և ուղեկցող գույքը՝ դաշույն, նիզակ, նետասլաք, զրահաբաճկոնի կոճակներ:

Դամբարանադաշտը

2009 թվականից ինստիտուտի աշխավախումբն աշխատում է այնտեղ, մինչև օրս դամբարանադաշտի տարածքում արձանագրվել է 776 դամբարան, որից պեղվել է 500-ից մի փոքր ավելին, բայց ընդհանուր դամբարանադաշտի 3.5 հա տարածքից պեղվել է 1 հա-ից մի փոքր ավելին: Մյուս դամբարաններն արձանագրված են, մաքրված, բայց խցերը դեռ բացված չեն: Ներկա պահին էլ աշխատանքները շարունակվում են:

Ուշ բրոնզի դարի ծիսական անոթ (Ք.ա. XVI-XVդդ.). Քարաշամբի դամբարանադաշտի պեղումների ժամանակ բացվել է, ամենայն հավանականությամբ, քրմի դամբարան, որտեղ գտել են մի քանի ծիսական անոթ:

Դամբարանադաշտն ինքը փորված է կրային նստվածքների մեջ: Դա բարդացնում է պեղումները, որովհետև հողը շատ ամուր է, և փոքրիկ գործիքներով պեղելը շատ ժամանակատար է:

80-ականներին պեղվել է այսպես կոչված արքայական դամբարանը, որը թվագրվում է Ք.ա. XXIII-րդ դարով: Այժմյան արշավախմբի կողմից պեղված ամենավաղ դամբարանները ժամանակագրվում են Ք.ա. XX-րդ դարով: Դամբարանադաշտի ամբողջ գոյատևման ժամանակահատվածը, ըստ պեղումների արդյունքների, ընդգրկում է Ք.ա. XXIII-VII-րդ դարերը:

Պեղվող դամբարանները և գտածոները, ինչպես Քարաշամբի գավաթը, նշանավորում են այսպես կոչված «թռեղք-վանաձորյան» հնագիտական մշակույթը: Այս մշակույթի վաղագույն համալիրները թվագրվում են Ք.ա. XXIII-րդ դարով (Քարաշամբի մեծ դամբանաբլուր), ավարտական փուլի համալիրները՝ Ք.ա. XVII-XVI -րդ դարերով:

Վաղ երկաթե դարի ապարանջան (սերդոլիկ), բրոնզե թևնոց. (Ք.ա. XI-IX դդ..)

Գտածոները

Եզակի իրեր են պեղվել: Բացվել է, ամենայն հավանականությամբ, քրմի դամբարան, որտեղ գտել են ծիսական անոթներ, 7-8 ռազմիկի դամբարան, որոնցում թաղված են տղամարդիկ, և ուղեկցող գույքը՝ դաշույն, նիզակ, նետասլաք, զրահաբաճկոնի կոճակներ. սրանք հիմնականում ռազմիկներին ուղեկցող գույք են համարվում: Եզակի նմուշներ կան, շատ հետաքրքիր են հախճապակե կոճակները: Նախկինում այս տարածաշրջանում այդ ժամանակաշրջանում հախճապակու այդքան լայն տարածման մասին ոչ մի այլ վկայություն չի եղել:

Էլեկտրոնային կատալոգը

ՀՕՖ-ի գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հատուկ դրամաշնորհի շրջանակում ստեղծվում է դամբարանադաշտի տվյալների բազա: Արդեն 2017-ի սկզբին համացանցում կլինի Քարաշամբի դամբարանադաշտի, դամբարանների և հայտնաբերված նյութերի էլեկտրոնային կատալոգը:

Վաղ երկաթե դարի բրոնզե բազկակապ, մանրուլունքից (սարդիոն, շաղախ) մանյակ, ապարանջան (Ք.ա. XI-IX դդ.)

Արշավախումբը

Արշավախումբը 5 մարդուց է բաղկացած, նաև օգնում են Քարաշամբ գյուղի բնակիչները: Նրանք մի նպատակի շուրջ համախմբված մարդիկ են: Գյուղի տղաները շատ հավատարիմ են ու նվիրված աշխատանքին: Սովորաբար աշխատանքները տևում են տարվա մեջ 4-5 ամիս:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo
ՖՈՏՈՇԱՐՔ