18 հոկտեմբերի 2016 - 16:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Երևանն իր ամբողջ հմայքով
Հայաստանի մայրաքաղաքը շուտով կհայտնվի «Yandex.Պանորամայում»
Վերջին օրերին երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը կարող էին քաղաքի փողոցներում տարօրինակ ավտոմեքենա տեսնել` համայնապատկերային նկարահանումների համար նախատեսված մեծ տեսախցիկով: Դա այսպես կոչված «պանորամամոբիլն է», որը Երևանի համայնապատկերային նկարահանումներ է իրականացնում հայտնի «Yandex. Քարտեզների» «Yandex.Պանորամա» քարտեզագրման ծառայության ընդլայնման համար: Հեռանկարում դա հնարավորություն կտա ունենալ քաղաքի գործնականում բոլոր փողոցների և շենքերի եռաչափ պատկերները, ինչպես նաև ավելացնել Երևանի քարտեզների ճշգրտությունն ու մանրակրկիտությունը «Yandex. Քարտեզներում»:

Աշխատանքների ընթացքի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել «Yandex. Քարտեզներ» քարտեզագրման ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կալաշնիկովը:

«Yandex. Քարտեզների» նկարահանող խումբը համայնապատկերային լուսանկարներ է անում Երևանում տեղադրելու համար դրանք քարտեզի վրա, որտեղ յուրաքանչյուր օգտատեր կկարողանա օգտվել դրանցից, տեսնել ցանկացած փողոց` հատկապես, մեծ կենտրոնական փողոցները: Պանորամաները հորիզոնական 360 աստիճանի ընդգրկում ունեն և ուղղահայաց 280 աստիճանի` արդյունքում ստացվում է Երևանի կոնկրետ կետի ամբողջական համայնապատկերը:

Մենք գործնականում ամբողջ քաղաքն ենք նկարահանում, բացի ամենափոքր փողոցներից: Երևանում դա մոտ 470 կմ է կազմում` միջինը 20 լուսանկար 1 կմ համար: Կայցելենք նաև արվարձաններ` կնկարահանենք Էջմիածինը, Գառնին: Արդեն բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Սկզբից մենք մանրակրկիտ կերպով վերլուծեցինք որոշ պարամետրեր`օրինակ, ուր է գնալու մեր մեքենան, որ չմոլորվի, որտեղ ինչպես է պետք նկարահանել, որտեղ ավելի շատ լուսանկարներ անել, որտեղ` ավելի քիչ, հիմնականում դա վերաբերում է ծայրամասերին ու մայրուղիներին: Կային այնպիսի կետեր, որտեղ նկարահանումներ անելու համար պետք էր դուրս գալ մեքենայից և օգտվել եռոտանի տեսախցիկից: Արդեն մեկ շաբաթ է, ինչ համայնապատկերներ նկարահանող խումբը նկարահանումներ է կատարում, բարեբախտաբար, եղանակը լավն էր: Մենք ցանկանում ենք, որ լուսանկարներն արևոտ լինեն և Երևանը որքան հնարավոր է գեղեցիկ ստացվի»,-ասել է զրուցակիցը: Ըստ Կալաշնիկովի, նկարահանումների համար ևս մի քանի օր կա հատկացված, թեև նկարահանող խմբին մի փոքր մտահոգում են մոտալուտ անձրևները, քանի որ այդպիսի եղանակին համայնապատկերային լուսանկարներ անելը բավականին բարդ է:

«Մեքենայով կամ լուսանկարչի կողմից արված յուրաքանչյուր լուսանկար հստակ կապված է կոորդինատներին հատուկ GPS տվիչների միջոցով, որոնք որոշում են յուրաքանչյուր լուսանկարի տեղանքը: Ուստի, երբ մեքենան ընթացքի մեջ է, այդ ամբողջ տեղեկատվությունն ավտոմատ կերպով փոխանցվում է օպերատորին և մնում է թրեկի մեջ, որը հետո օգտագործվում է լուսանկարի մշակման և «Yandex. Քարտեզներում» տեղադրման ժամանակ:

Առայժմ բոլոր լուսանկարները, իսկ դրանք արդեն տասնյակ հազարների են հասնում, նկարահանող թիմի մոտ են: Երբ նկարահանումներն ավարտվեն, թիմը կմշակի դրանք` ինչ-որ բաներ մի քանի անգամ ենք լուսանկարել, որպեսզի ավելի գեղեցիկ ստացվի կամ ինչ-որ մեքենա է խանգարել և այլն: Հետո այդ ամենը կհավաքվի նկարահանված ամբողջական ծավալի մեջ և կփոխանցվի «Yandex. Քարտեզներին», որտեղ դրանք ևս մեկ անգամ կմշակվեն ու կհրապարակվեն»,-ասել է նա:

Մասնագետները հուսով են, որ Երևանի համայնապատկերները կհրապարակվեն մինչև տարեվերջ: Թեև լինում են երբեմն «անակնկալներ». օրինակ, քանի որ ամառը նկարահանումների շրջան է, տարեվերջին հերթ է գոյանում` պետք է հրապարակել նոր Պետերբուրգը, նոր Մինսկը և այլն:

«Նկարահանումները պարբերաբար վերսկսվում են: Երևանում մենք առաջին անգամ ենք աշխատում`ընդհանրապես սա «Yandex. Քարտեզների» և «Yandex. Պանորամայի» առաջին մուտքն է Հայաստան: Մենք հետևեցինք «Yandex. Տաքսի»-ի օրինակին և հենց այդ ծառայության շնորհիվ այս ամենը սկսեցինք, քանի որ ծառայությունն ավելի մեծ պահանջարկ ստացավ, ավելի ճշգրիտ քարտեզ է պետք, ավելի շատ զբոսաշրջիկներ են դրանից օգտվում և նրանց դա հետաքրքիր կլինի: Քանի որ Երևանն անընդհատ փոխվում է, նոր շենքեր են կառուցվում, հարկ է լինելու պարբերաբար թարմացնել պանորամաները, այնպես որ, մենք դեռ կվերադառնանք»,-ասել է Կալաշնիկովը:

Լուսանկարները լինելու են HD որակով: Պանորամաները հնարավոր կլինի մոտեցնել, մանրամասները զննել:

«Երևանի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ Երևանը շատ բարեհամբույր քաղաք է, ուստի նկարահանումների հետ կապված խնդիրներ չեն առաջացել: Հակառակը` երբեմն հաջողվել է շատ գեղեցիկ կադրեր ստանալ: Օրինակ, Կաթողիկե եկեղեցու մոտ համայնապատկերում նույնիսկ մի ամբողջ հարսանյաց հանդես կլինի փեսայի և հարսնացուի հետ»:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net