14 նոյեմբերի 2016 - 15:12 AMT
ՀՈԴՎԱԾ
Ի սկզբանե էր Բանն
«Ժամանում» ֆիլմի գրախոսականը
Կանադացի ինքնուս Դենի Վիլնյովի յուրաքանչյուր նոր նախագիծ արդեն անոնսի ժամանակ հսկայական արձագանք է ստանում կինոսերների շրջանում: Լինելով այնպիսի մեծ անունների «հոգևոր հետնորդը», ինչպիսիք են Սթենլի Կուբրիկն ու Անդրեյ Տարկովսկին` Վիլնյովը հղկում է իր տեսլականը և յուրաքանչյուր նոր կինոնկարի հետ ավելի է կատարելագործվում` ստեղծելով եզակի կտավներ, որոնք շատ երկար են մնում կինոդիտողի հիշողության մեջ: Ժամանակակից դասականի նոր ֆիլմը դասվում է գիտական ֆանտաստիկայի շարքին` ժանր, որն առաջին հայացքից, ոչ մի առնչություն չունի Վիլնյովի հետաքրքրությունների շրջանակի հետ: Երկրորդ հայացքից արդեն պարզ է դառնում, որ հենց այդ ժանրն է բացահայտում ոչ միայն տարօրինակ պատմություններ պատմելու հեղինակի կարողությունը, այլ նաև անհավանական բարձրության է հասցնում «մերօրյա Կուբրիկի» տաղանդը:

«Ժամանում» ֆիլմը դիտված է և PanARMENIAN.Net-ը ներկայացնում է իր տպավորությունները: Երբ այլմոլորակայինների տիեզերանավերը ժամանում են Երկիր, զինվորականները լեզվաբան փորձագետի են գտնում` այլմոլորակայինների հետ շփում հաստատելու համար: Նրանց լեզուն ուսումնասիրելիս` լեզվագետը սկսում է այլ կերպ ընկալել ժամանակի բնույթը, ինչն օգնում է նրան հասկանալ եկվորների այցի նպատակը:

Վիլնյովին հենց այնպես չեն համեմատում Կուբրիկի ու Տարկովսկու հետ` «Ժամանումը» դիտած առաջին իսկ քննադատները գրախոսություններում հայտարարեցին, որ «կինոնկարի «գեները» սերում են «Տիեզերական ոդիսականից» ու «Սոլյարիսից»: Ընդ որում, սերումեն ուղիղ իմաստով` դա ոչ թե զուտ փոխառություն է, և առավել ևս, որոշակի ոճին հետևելու դրսևորում: Ավելի շուտ դա այն ստեղծագործ մոտեցումն է, որը դրսևորվում է Վիլնյովի յուրաքանչյուր կադրում: Կինոդիտողին առավելագույն տեսողական, ձայնային և շոշափելի տեղեկատվություն փոխանցելու նրա կարողությունը ոչ թե անցյալի դասականներին կուրորեն հետևելու ցանկություն է, այլ սեփական ունակությունների ու տաղանդի խտացումը: «Ժամանումի» յուրօրինակ մթնոլորտը, որը կլանում է կինոդիտողին առաջին իսկ վայրկյաններից, այնքան շոշափելի է պարուրում ամբողջ իրական աշխարհը, որ դիտելուց հետո նույնիսկ դժվար է վերադառնալ, դուրս գալ խորքում թափառող աներևույթ կերպարներով սպիտակ մառախուղից:

Միաժամանակ, «Ժամանումը» վերջին տարիների ամենագեղեցիկ կինոնկարներից է: Բեմադրիչը մանրակրկիտ է մոտեցել կոմպոզիցիայի կառուցմանը, չհետևելով որոշակի, կինոյում ընդունված սխեմաներին: Նա տառացիորեն նկարում է այն, ինչ դիտողը տեսել է ոչ թե էկրանին, այլ սեփական երևակայության մեջ` կադրերը խճճվում են ու լղոզվում մտքերի պես, տենդագին արագությամբ իրար մեջ մխրճվելով, փլուզելով տարածաժամանակային պատերը, աչքի են ընկնում պատահական ենթագիտակցական կերպարների հայտնությամբ: Եվ այդ ամենը համեմված է Յոհան Յոհանսոնի աստվածային երաժշտական կոմպոզիցիաներով: Կինոնկարն դիմում է առաջին հերթին դիտողի ենթագիտակցությանը` ահաբեկող որոտը տարօրինակ աստղագնացի ընդերքում, օտար աշխարհը, ծածկված թանձր մառախուղով և մութ կերպարներով, որոնք ժամանել են ուղիղ Հովարդ Լավկրաֆթի մղձավանջներից: Վիլնյովը, ինչպես «Թշնամու» մեջ, հմտորեն խաղում է կինոդիտողի հետ` չառաջարկելով պատրաստի լուծումներ, ստիպելով ինքնուրույն որոնել պատասխանները:

«Լեզուն մարդու գիտակցության հիմքն է»` սա է առանցքային դրույթը, որին հետևում է ֆիլմը: Կտավի դրամատուրգիական մասը հիմնված է վիզուալ և ձայնային ծավալուն հենքի վրա, միաձուլվում է նրա հետ, բխում նրանից: Ամեն ինչ գլխիվայր շրջող շոկային ավարտը միանգամայն տրամաբանական է թվում` հենց այդ դրույթից ելնելով: Ի վերջո, ով ենք մենք առանց լեզվի, եթե յուրաքանչյուր կերպար, յուրաքանչյուր իրադարձություն և բոլոր մտքերը նյութականանում են մեր գիտակցության մեջ միայն և միայն բառերի տեսքով: Հեռացրեք բառերն ու աշխարհը կանհետանա: Տարօրինակ չէ, չէ որ «Ժամանումը» հիմնված է հայտնի ֆանտաստ գրող Թեդ Չանի ստեղծագործության վրա, որն իր ակտիվում ավելի շատ գրական պարգևներ ունի, քան իր գրած ստեղծագործություններն են: Հենց նա դարձավ այն գաղափարի կողմնակիցը, որ լեզուն է գիտակցության աղբյուրը, ոչ թե հակառակը, իսկ Վիլնյովն այդ գաղափարներին ձև տվեց «Ժամանումի» տեսքով:

Մի դարաշրջանում, երբ գիտական ֆանտաստիկան այնքան է նսեմացել, որ այդ ժանրին են դասում ցանկացած հեղինակի երևակայության ամեն մի պտուղը, «Ժամանումն» ասես մաքուր օդի շիթ լինի: Դա հարգանքի տուրք է խելացի, «հիմնավոր» գիտական ֆանտաստիկային, Ազիմովի, Քլարկի, Հարիսոնի, Լեմի և Բրեդբերիի ստեղծագործություններին: Դա անկեղծ սիրո խոստովանություն է գիտությանը: Եվ, անկասկած, դա հույսի դրսևորում է, որ մարդու իրական մեծությունն ու անկրկնելիությունն իր իսկ գոյության մեջ գեղեցիկը տեսնելու կարողությունն է:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net