24 նոյեմբերի 2016 - 14:51 AMT
ՀՈԴՎԱԾ
Ինչպես էին ՀՅԴ-ն ու բոլշևիկները պայքարում Իրանում Հայաստանը ներկայացնելու համար
Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունները մեկ դար առաջ (մաս 1)
Մինչդեռ Հայաստանի և Իրանի հարաբերությունները ավելի քան երկու հազարամյակի բացառիկ հետաքրքիր ու չափազանց հարուստ պատմություն ունեն և տարբեր փուլերում բազմապիսի դրսևորումներ են ունեցել․ հին դարերում որպես հարևան, ժամանակակից տերմինով ասած՝ տարածաշրջանային տերությունների մրցակցություն, երբեմն բարեկամական ու դաշնակցային, երբեմն էլ թշնամական հարաբերություններ՝ այնպես, ինչպես լինում է բազմադարյա հարևան այլ երկրների դեպքում։

Հետագա երկար դարերի ընթացքում քաղաքակրթական մեծ փոփոխությունների միջով անցած Հայաստանի ու Իրանի հարաբերությունների, ավելի ճիշտ արդեն՝ պետականազուրկ հայերի նկատմամբ Իրանի վարած քաղաքականության բովանդակությունն ու բնույթը նույնպես փոխվել է։

Նոր ժամանակներում Հայաստան-Իրան միջպետական և իրավահավասար հարաբերությունների պատմությունը սկիզբ է առնում Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումից հետո (1918 թ)։ Այդ հարաբերությունները, որոնք շարունակվեցին նաև Խորհրդային Հայաստանի գոյության առաջին տարիներին (մինչև 1922 թ․) կարելի է ասել, շատ առումներով Հայաստանի երրորդ Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արդի բարեկամական հարաբերությունների հիմքն ու նախապատմությունն են։ PAN-ը ներկայացնում է այդ նախապատմության առավել ուշագրավ դրվագները։

Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումից հետո հայ-իրանական հարաբերությունները նոր որակ ստացան։ Իրանը միակն էր նորանկախ երկրի հարևաններից, որը տարածքային պահանջ և քաղաքական ու տնտեսական խնդիրներ չուներ Հայաստանի հետ և պատրաստակամ էր բազմակողմանի պաշտոնական կապեր հաստատել։ 1918-19թթ. տեղի են ունենում ակտիվ բանակցություններ ու փոխայցելություններ, մասնավորապես, ՀՀ կառավարական պատվիրակությունը Մակվի խանությունում զգալի քանակությամբ հացահատիկ և անասուններ է գնում, ինչի շնորհիվ մասամբ կարողանում են մեղմել Հայաստանում հսկայական չափերի հասած սովի ազդեցությունը։

Շուտով հաստատվեցին նաև ՀՀ-Իրան միջպետական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ։ 1919 թ․ հունիսին ՀՀ վարչապետ Ալ․ Խատիսյանի ջանքերով Իրանի կառավարությունը համաձայնություն տվեց Թեհրանում ՀՀ ներկայացուցչություն բացելուն։ Հուլիսի 7-ին Իրանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց։ Շուտով Իրանում ՀՀ դեսպան նշանակվեց ազատագրական շարժման նշանավոր գործիչ, Առաջին աշխարհամարտում հայկական կամավորական ջոկատներից մեկի հրամանատար իշխան Հովսեփ Արղությանը, որն Իրանում ակտիվ գործունեություն ծավալեց դիվանագիտական հարաբերությունների զարգացման և հայ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ։ Թեհրանում և Թավրիզում գործում էին Հայաստանի հյուպատոսությունները, որտեղ, ի դեպ, ՀՀ քաղաքացիություն ստացողներին անձնագրեր էին տրամադրվում։ Նախքան Թավրիզի հյուպատոսի ժամանումը, հյուպատոսական աշխատանքները կատարում էր Ատրպատականի հայոց թեմը, որի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Ներսես Մելիք-Թանգյանը դեռևս Առաջին աշխարհամարտի տարիներին Իրանի շահի ու տեղի կառավարիչների հետ ակտիվ բանակցություններ էր վարում հայ գաղթականների ու իրանահայերի անվտանգությունը ապահովելու նպատակով։

Հովսեփ Արղությանը

Ինչ վերաբերում է Հայաստանում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը, ապա Երևանում և Կարսում դեռևս ցարական ժամանակներից գործում էին հյուպատոսություններ, որոնց աշխատանքը վերահսկում էր Թիֆլիսի գլխավոր հյուպատոսը (Իրանն Անդրկովկասում դեսպանություն չուներ)։

Հայաստանի առաջին Հանրապետության և Իրանի միջպետական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը, այնուամենայնիվ, կանոնավոր ընթացք չստացան․ ՀՀ դեսպանությանը չհաջողվեց առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորելու նպատակով Իրանից պատվիրակություն ուղարկել Հայաստան՝ 1920 թ․ ամռանը Իրանում կառավարության փոփոխությունից հետո ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի, ինչպես նաև Արցախում ու Նախիջևանում ՀՀ-Ադրբեջան հակամարտության սրման հետևանքով։ Այնուհետև արդեն Հայաստանի դրության վատթարացման հետևանքով ՀՀ կառավարությունը նոյեմբերին լուծարեց Թեհրանում ՀՀ դեսպանությունը՝ տեղացի հայերից մեկին նշանակելով Հայաստանի պատվավոր ներկայացուցիչ։ 1920 թ․ դեկտեմբերին Հայաստանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան նոր ղեկավարությունը ևս շահագրգռված էր Իրանի հետ սերտ բարեկամական հարաբերություններ հաստատել։

Ատրպատականի թեմի առաջնորդ Ներսես Մելիք-Թանգյան

Ուշագրավ է, որ 1921 թ․ փետրվարյան ապստամբությունից հետո, երբ Հայաստանի մեծ մասում նորից հաստատվեց ՀՅԴ-ի իշխանությունը, Թեհրանում ՀՀ ներկայացուցչություն այցելած Իրանի վարչապետն իր աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին բոլշևիկների դեմ պայքարում։ Իսկ փետրվարյան ապստամբությունը ճնշելուց և բոլշևիկյան իշխանությունը վերականգնելուց հետո իրանական իշխանությունները չէին շտապում դադարեցնել նախկին կառավարության ներկայացուցիչների, մասնավորապես կրկին գործի անցած Հովսեփ Արղությանի լիազորությունները, մի որոշ ժամանակ նույնիսկ՝ մինչև 1921 թ․ օգոստոս ամիսը, Թեհրանում միաժամանակ գործում էին Հայաստանի երկու ներկայացուցչություններ։ Հետաքրքիր է, որ երբ հունիսին Խորհրդային Հայաստանի նորանշանակ հյուպատոս Ե․ Երզնկյանը ժամանեց Թավրիզ, նրան ՀՀ նախկին հյուպատոսարանի գործակալը դատարկ դրոշափայտից բացի որևէ գույք չհանձնեց։

1921թ․ օգոստոսի 14-ին, այնուամենայնիվ, Իրանը պաշտոնապես ճանաչեց Խորհրդային Հայաստանը։ Հոկեմբերին Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Իրանում ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչ է նշանակվում անկուսակցական Լևոն Սարգսյանը: Նոյեմբերին նա մեծ շուքով անցած դիվանագիտական ընդունելության ժամանակ Իրանի շահին է հանձնում Հայաստանի կառավարության ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի ուղերձը, որով հայտնվում էր Իրանի հետ բազմակողմանի կապեր զարգացնելու գործում Հայաստանի պատրաստակամությունը։ Իր հերթին Ահմադ շահը կարևորում է ՀԽՍՀ հետ հարաբերությունների հաստատումը։ Մի քանի օր անց Խորհրդային Հայաստանի դեսպանություն են այցելում Իրանի վարչապետն ու արտգործնախարարը, մի քանի պատգամավորներ և պատերազմի նախարար Ռեզա խանը՝ ապագա Ռեզա շահ Փահլավին:

Իրանի շահ Ահմադ Քաջարը

Սակայն Իրանի ղեկավարությունը, արտաքուստ բարյացակամ, իսկ իրականում այնքան էլ լավ չէր տրամադրված Հայաստանի խորհրդային իշխանությունների ու նրա դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ՝ հատուկ ծառայությունների կողմից վերջինների նկատմամբ վերահսկողության ու հնարավորինս մեկուսացման քաղաքականություն է հաստատվում, եղել են անգամ դիվանագիտական փոստի առգրավման ու ստուգման դեպքեր։

Այնուամենայնիվ պաշտոնավարման ընթացքում դեսպան Լևոն Սարգսյանը ևս հասցրեց զգալիորեն աշխուժացնել հայ-իրանական հարաբերությունները, իր կատարած աշխատանքով որոշ չափով փոխել Խորհրդային Հայաստանի նկատմամբ իրանահայության բացասական վերաբերմունքը։ 1921 թ․ նոյեմբերից Թավրիզում կանոնավոր գործող հյուպատոսության միջոցով նաև ակտիվ առևտուր է կատարվում Հայաստանի և Իրանի սահմանակից շրջանների միջև։ 1921-22 թթ․ Իրանից Հայաստանը դարձյալ մեծ քանակությամբ պարեն ու նավթ գնեց՝ մեղմելով ներքին ծանր իրավիճակը։

Իրանում Խորհրդային Հայաստանի դեսպանությունը գործեց մինչև 1922 թ. նոյեմբերը, երբ Հայաստանի արտաքին փոքրիշատե ինքնուրույն քաղաքականությունը վերջնականապես կազմալուծվեց, իսկ դիվանագիտական լիազորությունները փոխանցվեցին նորաստեղծ ԽՍՀՄ-ի համապատասխան մարմիններին (Երևանում Իրանի հյուպատոսարանը գործեց մինչև 1933 թվականը): Հայ-իրանական միջպետական ուղղակի քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները ընդհատվեցին, ինչպես կպարզվեր, շուրջ յոթանասուն տարով, երբ վերանկախացած Հայաստանի հետ առաջիններից մեկը հենց հարևան Իրանը բազմակողմանի սերտ հարաբերություններ վերահաստատեց։

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net