27 հունվարի 2017 - 18:20 AMT
ՀՈԴՎԱԾ
Ազգերի առաքյալները
Ինչպես էին հայերը փրկում հրեաներին Հոլոքոսթի ժամանակ
Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է: Ամսաթիվն ընտրվել է ՄԱԿ որոշմամբ, քանի որ այդ օրը խորհրդային զորքերն ազատագրեցին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի կալանավորներին:

Հոլոքոսթի տարիներին հրեաներին փրկողների թվում նաև հայեր կային, որոնցից շատերը դարասկզբին Հայոց ցեղասպանությունը վերապրածներ էին:

«Ազգերի առաքյալը» պատվավոր կոչում է, որը շնորհում է Իսրայելի ողջակիզման և հերոսացման Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանը` հանձնելով մեդալ և պատվո հավաստագիր: Ազգերի առաքյալները Եվրոպայի նացիստական շրջափակման տարիներին հրեաներին փրկող ոչ հրեաներն են:

Հայտնի ցեղասպանագետ Յաիր Աուրոնը վստահ է, որ հայերը տոկոսային հարաբերակցությամբ, հաշվի առնելով փոքրաքանակ ժողովուրդ լինելը, գերմանական օկուպացիայի տարիներին ավելի շատ հրեա են փրկել, քան ցանկացած այլ ժողովուրդ:

Գերմանական բռնազավթման տարիներին հայերի կողմից հրեաների փրկության թեմային է նվիրված Յաիր Աուրոնի «Փրկիչներ ու մարտիկներ» գիրքը: Գրքում, մասնավորապես, շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, թե ինչպես էին ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդներն օգնում միմյանց:

Աուրոնը վստահ է, որ անիմաստ է վիճել, թե ում ցավն է ավելի խորը, հարկավոր է հաշտվել ու պահպանել ընդհանուր հիշողությունը` կարևորելով այն, որ «մարդիկ փրկում էին մարդկանց»:

«Մենք լոկ մեր պարտքն ենք կատարել»

Հայերն են փրկել նաև Օդեսայում երկու երեխայի հետ բնակվող հրեա Իոսիֆ և Շուրա-Ռիվկա Հասիններին: Նրանք բարեկամական հարաբերություններ ունեին բոլոր հարևանների հետ, հատկապես` հայ Փերուզա Բաղդասարյանի և նրա որդու Սարգսի հետ: Դեռ պատերազմից առաջ Փերուզա Օսկիյան Բաղդասարյանի ամուսինը «ժողովրդի թշնամի» էր հայտարարվել Խորհրդային իշխանությունների կողմից և արտաքսվել Ղազախստան:

1941-ի ամռանը, երբ նացիստական Գերմանիան արդեն պատերազմում էր Խորհրդային Միության դեմ, հաշմանդամ Իոսիֆ Հասինը դեռ հրաժարվում էր հավատալ գերմանացիների վայրագությունների մասին լուրերին և որոշեց մնալ քաղաքում:

1941-ի հոկտեմբերի 16-ին ռումինական զորքերը գրավեցին Օդեսան, անմիջապես սկսվեցին հրեաների հալածանքները: Իսկ երբ պայթեցվեց ռումինական զինվորական պարեկապահակային շենքը, քաղաքի հրեաների ձերբակալությունները զանգվածային դարձան: Ձերբակալվածների թվում էր նաև Հասինը կնոջ հետ: Փերուզան իր մոտ տարավ Հասինների երեխաներին, հոգ էր տանում նրանց մասին, իսկ շուրջկալների ժամանակ թաքցնում էր նրանց տան ձեղնահարկում: Փերուզան և նրա որդին նաև պարբերաբար սնունդ էին տանում Հասիններին բանտարկության ընթացքում:

Մեկ ամիս անց Հասիններին ազատ են արձակել: Հրեաների մեծ մասն արդեն սպանվել էր, իսկ նրանց, ով ողջ էր մնացել, պետք է արտաքսեին Դոմանյովի շրջան, որտեղ պահվում էին շատ ծանր պայմաններում: Շատերն այնտեղ մահացան: Հասինների հարևաններից շատերը կարեկցում էին նրանց աղետալի վիճակին և ջանում էին օգնել ինչով կարող են:

Բոլորը, բացի դռնապանից, որի դուստրը ուզում էր նրանց բնակարանը զբաղեցնել: Հենց Հասինների տան մոտակայքում ռումինացիներ կամ գերմանացիներ էին հայտնվում, դռնապանն անմիջապես հայտնում էր, թե այդ տանը հրեա բնակիչներ կան: Խուզարկությունների ժամանակ Հասինները միշտ երեխաներին ուղարկում էին Բաղդասարյանների մոտ: Չնայած իր պատանի տարիքին, Սարգիսը շատ ակտիվ էր օգնում մորը հրեաներին փրկելու գործում:

1942-ի հունվարի 11-ին Օդեսայի բոլոր հրեաներին հրահանգվեց վերաբնակվել գետտո` Սլոբոդկայի շրջանում: Հասկանալով, որ դռնապանը կհայտնի նրանց մասին, եթե իրենք չկատարեն հրահանգը, Հասինները տեղափոխվեցին գետտո: Նրանք ստիպված էին իրենց ունեցվածքը վաճառել, սնունդ հայթայթելու համար: Իսկ երբ արդեն բան չմնաց վաճառելու, Հասինների դուստրը` Ռոզան, գաղտնի հեռացավ գետտոյից և եկավ նախկին հարևանուհու` Փերուզա Բաղդասարյանի մոտ օգնություն խնդրելու:

1942-ի ապրիլին Իոսիֆ Հասինին ձերբակալում են ոսկի պահելու կեղծ մեղադրանքով, նա մահանում է կտտանքներից: Մեկ ամիս անց Շուրա-Ռիվկային արտաքսում են երեխաների հետ Դոմանյովի շրջանի Կառլովկա բնակավայրը: Նրանց հաջողվում է վերապրել ծանրագույն պայմաններում: 1944-ի մարտին նրանք վերադառնում են ազատագրված Օդեսա: Նրանց տունն ավերակների էր վերածվել, և Հասինները մի քանի ամիս ապրեցին Բաղդասարյանների տանը, մինչև այլ կացարան գտան: Հետպատերազմյան շրջանում ընտանիքները շատ մտերիմ էին:

Հասինները ցանկանում էին, որ Բաղդասարյաններին շնորհվի «Ազգերի առաքյալներ» կոչումը, սակայն Փերուզան և նրա որդին կտրականապես հրաժարվում էին` ասելով, որ միայն իրենց պարտքն են կատարել:

Փերուզան մահացավ 1998-ին, Սարգիսը` 2001-ին: Եվ դրանից հետո միայն Հասինները կարողացան խնդրագիր ներկայացնել նրանց այդ բարձր կոչումը շնորհելու համար:

Հետաքրքրական է նաև Գրիգոր Թաշչյանի և նրա ապագա կնոջ` Պրանի պատմությունը, որոնք երկուսն էլ ենթարկվել են հալածանքների ու հետապնդումների Հայոց ցեղասպանության տարիներին: Զոհերի թվում էր նաև Պրանի առաջին ամուսինը, նրա երկու երեխաներն ու գրեթե բոլոր հարազատները: Այդ ողբերգությունն անուրանալի հետք էր թողել Գրիգորի և Պրանի հիշողության մեջ:

Գրիգորն և Պրանը ծանոթանում են Ղրիմում, որտեղ երկուսն էլ հանգամանքների բերումով հայտնվել էին պատերազմից առաջ: Ծանոթությունից քիչ անց նրանք ամուսնանում են: Թաշչյաններից ոչ հեռու ապրում էր Ստեպան Կուչերենկոյի բազմազավակ ընտանիքը: Նրա դուստրերից մեկը` Եվգենիան, ամուսնացած էր հրեա Դավիթ Գոլբերգի հետ:

Գոլբերգը քաղաքում հայտնի մարդ էր` շախմատի գծով սպորտի վաստակավոր վարպետ, ղեկավարում էր շախմատի ակումբը: Երբ սկսվեց Մեծ հայրենական պատերազմը, նրան զորակոչեցին Կարմիր բանակ: Այն մասին, որ նա զոհվել է, նրա կինն ու երեխաները` Անատոլին (1935թ. ծն.) և Մարգարիտան (1938թ. ծն.) շատ ավելի ուշ իմացան: Իսկ մինչ Ղրիմի օկուպացիան նրանք շարունակում էին ապրել Դավիթի ծնողների տանը: 1941-ի նոյեմբերի 1-ին գերմանացիները գրավեցին Սիմֆերոպոլը: Երբ հայտնվեցին հրեաների դեմ ուղղված հրահանգները, տարեց Գոլբերգները խորհուրդ տվեցին հարսին ու թոռներին տեղափոխվել նրա ուկրաինացի ծնողների մոտ: 1941-ի նոյեմբերի կեսին Եվգենիան տեղափոխվեց ծնողների մոտ` այժմ մեկ տանիքի տակ ապրում էին Եվգենիայի ծնողները, նրա կրտսեր եղբայրներն ու քույրերը և ամուսնացած քույրն իր ընտանիքի հետ: Դեկտեմբերի 9-ին սկսվեց Սիմֆերոպոլի հրեաների զանգվածային գնդակահարությունը, որի ժամանակ զոհվեցին Եվգենիայի ամուսնու ծնողները:

Այժմ սկսեցին հետապնդել նրանց, ում հաջողվել էր թաքնվել գնդակահարությունների ժամանակ, ինչպես նաև խառնամուսնություններից ծնված երեխաներին: Արդեն վտանգավոր էր դառնում մնալ ուկրաինացի հարազատների տանը: Այն ժամանակ Եվգենիայի քրոջ ամուսինը խնդրում է նրան տանել երեխաներին, քանի որ նրանց ներկայությունը վտանգում էր ամբողջ ընտանիքի կյանքը:

Երջանիկ պատահականությամբ, նա փողոցում հանդիպում է ծնողների հարևանուհուն` հայուհի Պրան Թաշչյանին: Երեխաներին` Տոլիկին և Ռիտային գաղտնի տանում են հարևանների մոտ, իսկ նրանց մայրը շարունակում է մնալ ծնողների տանը: Պրանն ու նրա ամուսինը` Գրիգորը, և դեռահաս երեխաները` Հասմիկն ու Տիգրանը, հոգ էին տանում 7-ամյա Տոլյայի և 4-ամյա Ռիտայի մասին` դրանով իսկ փրկելով նրանց կյանքը:

Երբ երեխաները նկատում էին գերմանացիներին, որոնք հաճախ շուրջկալներ էին կազմակերպում, նրանք գալիս էին ծնողների մոտ և զգուշացնում վտանգի մասին. Ռիտային և Տոլիկին թաքցնում էին ապահով տեղերում` ձեղնահարկում, նկուղում, նույնիսկ շատ տնակում: Այդպես 2 տարի անցավ: Սիմֆերոպոլն ազատագրվեց ֆաշիստներից 1944-ի ապրիլի 13-ին:

Երբ քաղաք վերադարձան խորհրդային զորքերը, Թաշչյանները, որպես հայեր, արտաքսվեցին Սիբիիր, Կեմերովոյի շրջան: 1947-ին Գրիգորն ու նրա երեխաները փախան: Նրանց հաջողվեց հասնել Հայաստան, սակայն, 2 տարի անց նրանց կրկին ձերբակալեցին և ուղարկեցին Կեմերովոյի շրջան:

1956-ին Թաշչյանները արդարացվեցին, սակայն Ղրիմ վերադառնալ նրանց թույլ չտվեցին: Համապատասխան մարմինները Գրիգորին պարտադրեցին գրություն գրել այն մասին, որ նա չի պահանջի իր սեփական տունը: Գրիգորն համաձայնեց դա անել միայն Ներքին գործերի նկուղներում 5 օր անցկացնելուց հետո: Այդ բոլոր տարիներին վերապրածները կապ էին պաշտպանում իրենց փրկիչների հետ: Ընտանիքների հարաբերություններն հանգամանքներից ամուր եղան ու շարունակվեցին նաև պատերազմից հետո:

«Ազգերի առաքյալները» կոչմանն է արժանացել 22 հայ:

Հասմիկ Վանցյան/ PanARMENIAN.Net