29 մարտի 2017 - 15:49 AMT
ՀՈԴՎԱԾ
Եղիցի լույս
Մարտի գլխավոր գիտական իրադարձությունները
Վերջերս Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (ՄՀԵԿ) գիտնականները հայտարարեցին միանգամից 5 նոր մասնիկի հայտնաբերման մասին, որոնք բաղկացած են այսպես կոչված «հմայված» քվարկերից: Քվարկերը հիմնարար տարրական մասնիկներ են՝ աշխարհի հիմնական «աղյուսները»: Հենց այս մասնիկների հետազոտությունը կարող է լույս սփռել «նոր ֆիզիկայի» ՝ ֆիզիկական աշխարհի անհայտ մասի գոյության վրա, որը հեռանկարում կարող է բացատրություն տալ այնպիսի առեղծվածներին, ինչպիսիք են մութ նյութն ու մութ էներգիան:

Գիտությունն ամեն օր իր առջև նոր խնդիրներ է դնում և լուծում: Այդ նպատակի համար գիտնականները հետազոտում են ոչ միայն նյութի ամենաթաքնված խորքերը, այլ նաև անսահման տիեզերական տարածքը: PanARMENIAN.Net –ը ներկայացնում է 2017-ի մարտի կարևորագույն գիտական իրադարձությունները:

Հնագիտություն

Տնային մուկն ամենաբազմացած կաթնասուններից է, որը տարածվել է աշխարհով մեկ մարդու հետ գոյակցելու ունակության շնորհիվ: Հնէաբանները պարզել են, որ այդ կենդանատեսակը սկսել է բնակվել մարդու հարևանությամբ 15.000 տարի առաջ Միջերկրական ծովի արևելյան շրջաններում:

Ավելի վաղ համարվում էր, որ մկները սկսել են մարդու հետ ապրել գյուղատնտեսության զարգացման հետ: Սակայն Լևանտի տարածքում (Միջերկրական ծովի արևելյան շրջաններ) հայտնաբերված մկների բրածոների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մկները մարդւո կողքին են սկսել ապրել արդեն 15.000 տարի առաջ: Ըստ էության, տնային մուկը կարողացել է «գուշակել» գյուղատնտեսության առաջացումը:

Բժշկագիտություն

Դոնորական արյան հետ կապված խնդիրները հատկապես ակտուալ են անբարենպաստ պայմաններով երկրների համար (կապված տարբեր վարակիչ հիվանդությունների տարածման հետ) և հակամարտությունների գոտիներում: Սակայն, Բրիսթոլի համալսարանի գիտնականներին հաջողվել է լաբորատորիայում արհեստական արյուն արտադրելու եղանակը գտնել, ընդ որում անսահմանափակ քանակությամբ: Գիտնականներն արհեստական արյուն ստանալու համար օգտագործել են զարգացման տարբեր փուլերում գտնվող ցողունային բջիջներ: Միակ խնդիրն այս պահին անհրաժեշտ սարքավորումների բացակայությունն է, սակայն դա միայն ժամանակի հարց է: Ուստի, արհեստական արյունը դեռ բնականից շատ թանկ կլինի և կօգտագործվի արյան հազվագյուտ խմբերով մարդկանց փոխներարկման համար:

Մարդու գենոմի խմբագրումն այս պահի դրությամբ ամենահեռանկարային տեխնոլոգիան է, որն ապագայում թույլ կտա պայքարել մի շարք վտանգավոր հիվանդությունների դեմ: Արդեն այսօր գենային ինժեներիան ցուցադրում է իր ներուժը: Օքսֆորդի համալսարանի ակնաբույժները կարողացել են վերադարձնել 29-ամյա տղամարդու տեսողությունը, որը կուրացել էր ժառանգական հիվանդության պատճառով: Գիտնականները խմբագրել են նրա գենոմը: Գիտնականները վերածրագրավորել են հիվանդի մուտացիայի ենթարկված գենը, որը պիգմենտային ռինիտ է առաջացնում, և շտկված ԴՆԹ-ն աչքի մեջ են ներարկել անվնաս վիրուսի օգնությամբ:

Ֆիզիկա

Գերմանացի գիտնականները ստեղծել են լույսի ամենահզոր արհեստական աղբյուրը, որը կարող է մեկ կետում կենտրոնացնել 10.000 արևի ճառագայթմանը համազոր էներգիա: Համակարգը բաղկացած է 149 քսենոնային լամպից, և կարող է ջերմաստիճանը բարձրացնել մինչև 3000 °C: Բուն սարքի չափերը հասնում են 14 մ բարձրության և 16 մ լայնության՝ այն 4 ժամում այնքան էներգիա է ծախսում, որքան սովորական տունը մեկ տարում: Սարքի ստեղծման նպատակն է ջրածնի՝ որպես էկոլոգիապես մաքուր վառելիքի, ստեղծման նոր եղանակների որոնումը:

Մինչ գերմանացի գիտնականները փորձարկումները կատարում են բավականին ցածր ՕԳԳ ունեցող ագրեգատի հետ, ճապոնացիներին հաջողվել է հսկայական թռիչք կատարել արևային մարտկոցների մշակման գործում: Օգտվելով բարձրորակ բարակ թաղանթով հետերոանցում (երկու տարբեր կիսահաղորդիչների կոնտակտ), նրանք մշակել են 26,3%-անոց ՕԳԳ ունեցող արևային մարտկոց: Մինչդեռ, սիլիցումային արևային մարտկոցի ՕԳԳ տեսական սահմանը 29% է, իսկ ռեկորդային ցուցանիշը՝ 25,6% է:

Հնէաբանություն

Լոնդոնի բնական պատմության թանգարանն առաջարկում է վերանայել դինոզավրերի գործող դասակարգումը՝ հիմնվելով դրանց հատկությունների վերլուծության արդյունքների վրա: Նրանք կարծում են, որ որոշ տեսակներ, հավանաբար, սխալ են դասվել: Ավելին, նրանք ենթադրություն են առաջ քաշել վաղ շրջանի դինոզավրերի էվոլյուցիայի մասին: Նրանց կարծիքով, բոլոր դինոզավրերի ընդհանուր նախնին կարող էր սալտոպուսը լինել՝ կատվի չափ ունեցող դինոզավրը: Եթե դա իրոք այդպես է, ուրեմն դինոզավրերը հայտնվել են 5 մլն տարի ավելի վաղ, քան ենթադրվում էր:

Մոլորակագիտություն

Տհաճ նորություններ ստացվեցին միայնակ Curiosity մարսագնացի երկրպագուների համար: 2017-ի առաջին 3 ամսում ռոբոտը վնասել է իր անիվները: Կոտրվել են միջին ձախակողմյան անիվի զիգզագանման մասերը, որոնք հարկավոր են մարսագնացի անցողիկությունը բարձրացնելու համար: Վնասվածքները վկայում են, որ Curiosity մարսագնացն իր ծառայության ժամկետի 60%-ը հատել է :

Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրինագիծ է ստորագրել դեպի Մարս NASA –ի տիեզերագնացների ուղևորության ֆինանսավորման մասին: Օրենքում հիմնական ուշադրությունը դարձվում է մի շարք կետերի վրա՝ դեպի Մարս գործակալության առաքելության նախապատրաստման համար: «Մեծ պատիվ է ստորագրել այս օրինագիծը, որի օգնությամբ մենք աջակցում ենք գիտնականներին, ինժեներներին և NASA-ի աստղագնացներին բացահայտումներ անելու ձգտումներին»,-գրել է Թրամփն իր Twitter-ում:

Կենսաբանություն

Tardigrada՝ ջրային արջ միկրոսկոպիկ անողնաշարավորը կենդանական աշխարհի տարօրինակ և շատ կենսունակ ներկայացուցիչ է: Այդ միկրոսկոպիկ էակը կարող է ապրել վակուումում, բարձր ճնշման և ռադիացիայի ազդեցության տակ, իսկ անբարենպաստ պայմաններում կարող է տարիներով անաբիոզի մեջ լինել՝ այդ ընթացքում գրեթե ամբողջովին չորանալով:

Չորանալիս նրան հաջողվում է կենդանի մնալ հատուկ սպիտակուցների շնորհիվ, որոնք վերածում են ցիտոպլազմատիկ (ներբջջային) հեղուկը ապակենման նյութի: Զարմանալի սպիտակուցներն արտադրում են հատուկ գեները, որոնց ակտիվությունը կտրուկ աճում է չորանալու դեպքում:

Աստղագիտություն

Մութ նյութը ժամանակակից գիտության մեծագույն գաղտնիքներից է : Դա նյութի անհայտ ձև է, որը գերակշռում է տիեզերքում: Ժամանակակից տիեզերքում մութ նյութը զանգվածի 27%-ն է կազմում, մինչդեռ սովորական նյութը գրեթե 5% է կազմում:

Հիմա գիտնականները կարծում են, որ առեղծվածային մութ նյութը միլիարդավոր տարիներ առաջ այդքան մեծ տարածում չի ունեցել: Եթե Ծիր կաթինում և պարույրաձև գալակտիկաներում, որոնք համեմատաբար նոր են առաջացել, մութ նյութի պարունակությունը հասնում է 50-80%-ի, ապա Մեծ պայթյունից 4 մլրդ տարի առաջ առաջացած գալակտիկաներում այն ընդամենը 10% է կազմում:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net