7 ապրիլի 2017 - 15:13 AMT
ՀՈԴՎԱԾ
«Անհավատ բարբարոսներն» ու «այլ քրիստոնյաները»
Ինչպես էին ընկալում հայերին միջնադարյան Եվրոպայում
Հայերի կերպարը միջին դարերի Եվրոպայում և այդ շրջանի աղբյուրներում հանդիպող նկարագրություններն անհնար է հասկանալ առանց անդրադառնալու միջնադարում աշխարհագրական պատկերացումներին առհասարակ: Մասնավորապես, դրանց աղբյուրը անտիկ դարաշրջանի աշխարհագրությունն էր և պատմական գրականությունը, որը, սակայն, մատչելի էր միայն հատվածաբար, այն էլ լատիներեն լեզվով:

Միջնադարում աշխարհագրական պատկերացումների մեկ այլ աղբյուր էր սուրբ գիրքն ու քրիստոնեությունն առհասարակ: Միջնադարի աշխարհագրական ընկալման յուրահատկությունն այն էր, որ առասպելաբանական աշխարհագրությունն ամենևին չէր հակադրվում իրական աշխարհագրությանը՝ իրական ու առասպելական, անտիկ դարաշրջանի ու բիբլիական ժամանակների ժողովրդների և երկրների հիշատակմամբ: Եվրոպական միջնադարի աշխարհագրական քարտեզի վրա Հնդկաստանի հարևանությամբ կարող էր պատկերված լինել դրախտը կամ էլ Ասիայի խորքերում կորած «Հովհաննես Երեցի» առասպելական ու հզոր քրիստոնեական թագավորությունը: Արաբների, հնդիկների և պարսիկների հետ մեկտեղ կարող էին հիշատակվել մեկ ոտք ունեցող skiapod կոչվող մարդիկ, որոնք, իբր, պառկում են մեջքին ու ապրում սեփական հսկայական ոտքերի ստվերում, ստամոքսի վրա աչքեր ունեցող մարդիկ, կանոկեֆալները՝ շան գլխով և ճանկերով մարդիկ, հիպերբորեյներ՝ հեռավոր հյուսիսի բնակիչներ, որոնք գերազանց առողջություն ունենալով այնքան երկար էին ապրում, որ ինքնասպան էին լինում ձանձրույթից, Գոգի և Մագոգի ժողովրդները, որոնք աշխարհի վերջի չարագուշակներն են համարվում և որոնց Ալեքսանդր Մակեդոնացին փակել էր բարձր պատի հետևում:

Բայց նույնիսկ Եվրոպայի Էլբայից դեպի արևելք ընկած հատվածը հեռավոր և անծանոթ աշխարհ էր մնում արևմտաեվրոպացիների համար ընդհուպ մինչև խաչակրաց արշավանքները, իսկ վերաբերմունքը նրանց հանդեպ ձևավորվել է ճանապարհորդների և տարեգիրների կարծրատիպերի ու հատվածական տեղեկությունների հիմնա վրա: Այդպես, օրինակ, սերբերն ու հունգարացիներն, իբր, հում միս էին ուտում, լեհերը՝ դաժան էին ու տաքարյուն, ընդ որում առաջինը բացատրվում էր «վայրենի հարևանների» առկայությամբ, ռուսական ձմեռը նկարագրելիս, ասվում էր, որ մարդիկ ամբողջ ձմեռ դուրս չեն գալիս տներից, նույնիսկ քթները դուրս չեն հանում, իսկ եթե հանեն, քիթը կցրտահարվի ու կընկնի, և այն դեն կնետեն: Հիշատակվում էր, որ Եվրոպայի ծայրամասում արագիլների հետ կռվող գաճաճներ են ապրում:

Միջնադարի նկարագրությունները բացարձակ զուրկ են մեր օրերում տարածված այսպես կոչված քաղաքական կոռեկտությունից և այլ մշակույթներ նկարագրելիս լի են կարծրատիպերով: Միջնադարում նոր երկրների հանդեպ հետաքրքրությունը շատ անգամ պայմանավորված էր լինում անսովոր երևույթների հանդեպ հետաքրքրությամբ: Նոր երկրի նկարագրության զգալի մասը կարող էր նվիրված լինել այնտեղ թունավոր օձերի առկայությանը կամ ճիճուների բացակայությանը, կամ այնտեղի տարօրինակ և վտանգավոր էակներին ու երևույթներին:

Միջնադարի եվրոպացու պատկերացմամբ աշխարհը բաժանված էր քրիստոնյաների և անհավատ հեթանոսների աշխարհների, «յուրայինների» և «օտարների», իսկ կրոնական գործոնը շատ մեծ դեր ուներ աշխարհընկալման գործում:

Հայաստանի մասին հիշատակումները եվրոպացիներին հասու էին անտիկ դարաշրջանի որոշ աշխատությունների միջոցով՝ օրինակ, Պլինիոս Ավագի «Բնական պատմության», ավելի ուշ շրջանի լատինական աղբյուրներում և դրանց վաղ միջնադարի մեկնաբանություններում: Սակայն այնպիոի կարևոր աշխատություններ, ինչպիսիք են Քսենոֆոնի «Անաբասիսը», կամ Ստրաբոնի «Աշխարհագրությունը», Կլավդիոս Պտղոմեոսի աշխատությունները, որտեղ առավել մանրամասն է նկարագրված Հայաստանը, հասանելի չէին մինչև ուշ միջնադար: Դրանց «բացահայտումը» մեծ հետաքրքրություն առաջացրեց հայկական թեմայի հանդեպ Նոր ժամանակներում, օրինակ, Ռաբլեի, Շեքսպիրի աշխատանքներում: Չնայած ոչ ամբողջական պատկերացումներին, Հայաստանն անտիկ աշխարհի լավ ծանոթ երկրներից էր, որի մասին հիշատակումները բավականին հաճախ են հանդիպում ավելի ուշ շրջանի գրականության մեջ՝ դրանց հիման վրա հնարավոր էր ընդհանուր պատկերացում կազմել երկրի, նրա հարևանների, լեռնային ռելյեֆի, Մեծ ու Փոքր Հայքի մասին: Ավելի գիտակ վանականների դեպքում, օրինակ, Պատվարժան Բեդայի պարագայում, Հայաստանի հիշատակումը սեփական գիտելիքները շեշտելու յուրօրինակ միջոց էր, չնայած, որ ըստ նրա, Հայաստանը գտնվում էր Անգլիայի հետ նույն լայնության վրա: Այդ նույն ոգով Հայաստանի հարևանությամբ կարող էին նշել Կապադովկիան, որտեղ ձիերն, իբր, կարող էին հղիանալ քամուց:

Վաղ միջնադարից Եվրոպային հայտնի էին նաև հայ սրբերի և նահատակների անունները, եվրոպական քաղաքների եպիսկոպոսների, վանականների ու քարոզիչների անունները, որոնց մասին տեղեկություններ կան նույնիսկ իսլանդական տարեգրություններում: Սակայն, չնայած այդ վկայություններին, վաղ շրջանի արևմտաեվրոպական ավանդազրույցներում ավելի տարածված էին 8-12 թթ. զանգվածային ու ժողովրդական պատկերացումները հայերի մասին, որոնք, ոմյուս «արևելյան ժողովրդների» հետ միասին ընկալվում էին որպես մահմեդականներ և «հեթանոս մավրերի դաշնակիցներ: Ֆրանսիական ամենահայտնի միջնադարյան էպիկական պոեմներից (ֆր. gestе կամ chanson de geste-էպիկական պատումների ժանր) մեկում՝ «Ռոլանդի երգը» պոեմում, հայերը ներկայացված են որպես մավրերի բազում դաշնակիցներից մեկը և կռվում են Բաբելոնի արքա՝ էմիր Բալիգանի զորքում:

«Դուք մարտի կտանեք իմ գնդերը, բայց ես ինձ մոտ կպահեմ լավագույն երեքին՝ խիզախ հայերին, թուրքերին, Մալպրողական գունդը, ուր յուրաքանչյուրը հսկա է, և օքսինյան գունդը կավելացնեմ դրանց»։

Հայերն այստեղ հանդես են գալիս որպես քրիստոնյաների հակոտնյա, որպես «օտար»:

12-րդ դարի ֆրանսիական «Նարբոնցի էյմերիի մահը» պոեմում նույնպես հայերը հիշատակվում են որպես «անհավատներ», եթովպացիների և թուրքերի հետ մեկտեղ: Նույն պոեմում հայերը երբեմն հանդես են գալիս որպես էմիրներ, մահմեդական իշխաններ, օրինակ, Օրկանասը: Նույն պատկերն է կրկնվում «Մենե» պոեմում: «Ագահ անհավատները փախուստի դիմեցին՝ սլովակները, հայերը, թուրքոպոլնեն ու նուբիացիները», ասվում է պոեմում:

Կարագյոզյանը բազում այլ օրինակներ է բերում, թե ինչպես են հայերը ընդհուպ մինչև 12-րդ և նույնիսկ 13-րդ դարը ընկալվում որպես անհավատ մահմեդականներ: Սակայն աստիճանաբար նկատվում է Հայաստանը և հայերին մահմեղական աշխարհից առանձնացնելու միտում։ Վերաիմաստավորումը պայմանավորված է Խաչակրաց արշավանքներով, երբ եվրոպացիները Փոքր Ասիայի և Լևանտի լեռներում նոր հավատակիցներ ու դաշնակիցներ հայտնաբերեցին: Խաչակրաց արշավանքների շեմին գագաթնակետին էր հասել հայ-հունական դիմակայությունը, հատկապես 1080թ. Անիի արքայի դաժան սպանությունից հետո: Խաչակիրները, որոնք իրենք ևս առճակատման մեջ էին հույների հետ, բնական դաշնակիցների գտան ի դեմս Արևելքի քրիստոնյաների:

Պատահական չէ, որ խաչակիրների առաջին պետությունը Մերձավոր Արևելքում՝ Եդեսիայի կոմսությունը, ստեղծվում է հենց հայ ազնվականության և Եդեսիայի բնակչության աջակցությամբ: Եվ չնայած հայերի մասին առաջին հաղորդագրություններում դեռ նկատվում է որոշակի զգուշավորություն և անվստահություն անծանոթ «ասիացիների» հանդեպ, խաչակիրների և հայերի հարաբերությունները գնալով սերտանում են, իսկ հզորացող հայկական իշխանությունը, 13դ. սկզբից Կիլիկիայի թագավորությունը, հզոր դաշնակից է դառնում նրանց համար:

Թե ինչպես Խաչակրաց արշավանքների արդյունքում հայերի կերպարը «թշնամի հեթանոսներից» վերածվեց հավատակիցների և դաշնակիցների, առավել վառ է դրսևորվել է 12 դարի «Հանտոնացի Բյովեն» հայտնի դյուցազներգության մեջ, որը մեծ տարածում ստացավ ոչ միայն Արևմտյան Եվրոպայում, այլ նաև Բալկաններում, Լեհաստանում, Բելառուսում, Մոսկովյան թագավորությունում (Երգ Բով Կոռոլևիչի մասին): Եթե սկզբնական անգլո-նորմանդական տարբերակում գլխավոր հերոսը՝ Բյովեն, ստրկության է վաճառվում Եգիպտոս, որի թագավորի անունը Հերմին է, ինչը հին ֆրանսերենով հայ է նշանակում, իսկ բնակիչները հեթանոս հերմիններ են (հայեր), որոնք երկրպագում են Маhун աստծուն, ապա ավելի ուշ շրջանի ֆրանս-իտալական վարկածում Բյովեին վաճառում են Հայաստան, որի թագավորը նույն Հերմինն է: Երկրի բնակիչներն արդեն ներկայացվում են որպես հավատակից քրիստոնյաներ:

Խաչակրաց արշավանքների հետ կապված էպիկական ասքերի շարքում հայտնվում է մեկ այլ հայտնի կերպար՝ Բյովոն Տարսոնցին կամ Բյովոն Հայը (Beuvon de Trase, Beuvon d’Ermenie), որը Հայաստանի արքան է և ֆրանկերի դաշնակիցը: Նրա անվան մեջ ոմանք տեսնում են Լևոն Երկրորդ արքայի անվան աղավաղված ձևը: «Հյուգո Կապետ» պատումում (14 դ.), Բյովոն Տարսոնցին ներկայանում է որպես 30.000 քաջարի զինվոր ունեցող հզոր գահակալ: Խաչակրաց արշավանքների դարաշրջանի պոեմներում հայ թագավորները հանդես են գալիս որպես իմաստուն իշխանավորներ և բարեպաշտ քրիստոնյաներ, որոնք փորձում են հաշտեցնել հակամարտող կողմերին՝ օրինակ, Անգլիայի և Ֆրանսիայի թագավորներին, և նրանց ջանքերն ուղղել թշնամի սարակինոսների դեմ պայքարին: Եվրոպական էպիկական ավադնապատումներում և մանրանկարչության մեջ մորուք ունենալը դիտարկվում է որպես «հեթանոսներին» պատկանելության նշան: Սակայն, հայերը ևս մորուք էին կրում: Չնայած դրան, հայերի հանդեպ վերաբերմունքի փոփոխության հետ մեկտեղ, հայ թագավորները հետագայում պատկերվում են արդեն առանց մորուքի, որը «յուրայիններին» պատկանելու նշան էր:

Խաչակիրների պարտությունից և Սուրբ հողից նրանց արտաքսումից հետո հիշատակումները սարակինոսների դեմ պայքարող հայ թագավորի մասին նույնիսկ էլեգիկ և համակրանքի բնույթ են ստանում՝ որպես «անհավատների» դեմ պայքարող վերջին մարտիկի: Այդ վերաբերմունքը հատկապես վառ դրսևորվեց, երբ Կաստիլիայի թագավորը Կիլիկիայի վերջին արքա Լևոն V Լուսինյանին 1382 թ. մամլուքների գերությունից ազատելու համար փրկագին վճարեց, որին կամավոր նվիրատվություններ արեցին նաև առևտրականները: Դա դրսևորվեց նաև 1393թ. Փարիզում Լուսինյանի թաղման արարողության ժամանակ, որին մասնակցեց քաղաքի գրեթե ամբողջ բնակչությունը՝ սպիտակ սգո հանդերձանքներով: Դա ընդգծված համակրանքի դրսևորում էր Արևելքում իրենց հավատակիցների հանդեպ:

Անշուշտ, հայերի մասին պատկերացումները պայմանավորված էին վերջիններիս հետ շփումների ինտենսիվությամբ: Այդպես իտալական ավանդույթն ավելի հարուստ տեղեկություններ է պահպանել, այդ թվում, նաև հայկական լեգենդների միջոցով, քանի որ Միջերկրական ծովի առափնյա արևելյան հատվածում զգալի էր Վենետիկի և Ջենովայի ներկայությունը: Պատահական չէ, որ 14-15թթ. Վենետիկում տասնյակ կանայք Արմենիա անունն են կրել:

Մեկ այլ աղբյուր, որի շնորհիրվ Հայաստանը հայտնի դարձավ եվրոպացիներին, 13թ. Պապի դեսպանություններն էին մոնղոլ իշխանավորների մոտ (Պլանո Կարպինի, Գիլյոմ Ռուբրում և այլ), ինչպես նաև առևտրային արշավները դեպի Մոնղոլիայի կայսրության կենտրոն, օրինակ, Մարկո Պոլոյի հայտնի ճամփորդությունը: Նրանք փոխանցում են այն, ինչ կարող էր հետաքրքել եվրոպացի ընթերցողին՝ տեղեկություններ Արարատի, որպես Տապանի լեռան մասին, «հողի հրաշալիքների», տեղի մթերքի մասին և այլն: Մարկո Պոլոն երկու Հայաստան գիտեր՝ Փոքր (Կիլիկիան) ու Մեծ: Առաջինում նա հիշատակում է կարևոր առևտրային նավահանգիստ Այասը և ազնվականների հարբեցողությունը, որոնք մի ժամանակ քաջարի զինվորականներ էին՝ «հարբենալու մեջ նշանավոր»: Իսկ Մեծ Հայքում նրան հետաքրքրել են տեղի բրդյա գործվածքները՝ «լավագույններն աշխարհում», ձիթանը Վրաստանի հետ սահմանին, Սևանա լիճը (Գելուկելան), որտեղ, իբր, ձուկը հայտնվում է միայն Զատկին ընդառաջ և Տապանի լեռը: Հատկանշական է, որ վաղ միջնադարի ավանդույթների համաձայն, Արարատյան լեռներն ու տապանը կապված էին Հայաստանի հարավում գտնվող Կորդվաց լեռների հետ, ոչ թե Մասիսի: Սակայն 13-րդ դարում ճանապարհորդները (Ռուբրուկ, Պոլո, Կլահվիո, Սեվերակ) միահամուռ որպես Տապանի լեռ են ընկալում Մասիսը:

Հայերի ընկալումը Եվրոպայի տարբեր մասերում, անշուշտ, նույնը չէր: Եվրոպան, չնայած զարգացող կոմունիկացիաներին, մինչև Նոր ժամանակները մնում էր լոկալ աշխարհների բազմության համախմբում, որի առանձին մասերն աղոտ պատկերացումներ ունեին այդ թվում նաև իրար մասին: Տարբեր էին նաև հայերի խմբերը, որոնց հանդիպում էին եվրոպացիները: Այդպես, Ռուբրուկի պարագայում, ճամփորդությունը Մեծ Հայքով և հանդիպումը հայերի հետ, որոնք մահմեդականների լծի տակ էին, կարեկցանք էր առաջացնում Ասիայում բնակվող քրիստոնյա ժողովրդի հանդեպ: Նման վերաբերմունք ուներ նաև Յոհան Շիլտբերգերը 15-րդ դարում, որը գերեվարվել էր «սարակինոսների» կողմից և ամենուր ստացել էր հավատակից հայերի օգնությունը: Բայց այլ է Պապի դեսպանորդ, իսպանացի Ռույ Գոնսալես դի Կլահիվոյի պարագայում, որի դեսպանությունը կասեցրել էին Համշենի հայ իշխանավոր «Առաքելի մարդիկ»՝ նա հայերին «չար ժողովուրդ» է անվանում: Ժակ դե Սեվերակի համար հայերը թեև քրիստոնյա են, սակայն հերետիկոս, ուստի նա առավել մեծ համակրանքով է խոսում Մակուի և Նախիջևանի հայ կաթոլիկների մասին:

Արևելյան Եվրոպայում հիմնավորվել էին առաջին հերթին Անիի բնակիչները, որոնք հայտնի էին որպես արհեստավորներ ու առևտրականներ: Ուստի այստեղ հայերը հայտնի էին նախ և առաջ իրենց այդ հատկություններով և հատուկ հրավիրվում էին լեհ և հունգարացի թագավորների կողմից: Առանձին և բարդ թեմա է հայի կերպարը Բյուզանդիայում, որտեղ շատ ավելի լավ էին իրազեկված Հայաստանի մասին, սակայն միևնույն ժամանակ, իշխում էին կայուն կարծրատիպեր՝ դոգմատիկ և քաղաքական առճակատումների պատճառով:

Ընդհանուր առմամբ, սակայն, կարելի է խոսել հայի կերպարի որոշ օրինաչափությունների մասին: Եթե վաղ միջնադարի տարեգրությունների ու պոեմների համար բնորոշ էր, որ հայերը, անկախ նրանց հանդեպ վերաբերմունքից, ներկայանում են որպես զինվորականներ՝ սկզբից որպես թշնամի, հետո դաշնակից, որոնց մասին տեղեկություններով է հագեցած նախակիլիկյան թագավորության շրջանը,ապա ուշ միջնադարում՝ նրանք արդեն մահմեդական իշխանավորների հպատակներ են, որոնք հարուցում են եվրոպացի ճանապարհորդների կարեկցանքը, երբեմն առևտրականներ, որոնց հանդեպ վերաբերմունքը կարող է նաև ոչ այնքան դրական լինել:

Գրականություն. Կարագյոզյան. Հայաստանն ու հայերը XI-XIV դարերի ֆրանսիական գրականության մեջ, Եր:, 1988, Ռույ Գոնսալես դե Կլավիհո. Դեպի Թեմուրի Սամարղանդի ճանապարհորդության օրագիր (1403 - 1406) , Մ, 1990, Մարկո Պոլո. Գիրք աշխարհի բազմազանության մասին// Ջովաննի դել Պլանո Կարպինի. Մոնղոլների պատմություն, Գիլյոմ դե Ռուբրուկ. Ուղևորություն արևելյան երկրներ, Մ, 1997թ.Ջ.Ռայթ. Աշխարհագրական պատկերացումները Խաչակրաց արշավանքների շրջանում, Մ, 1988թ.

PanARMENIAN.Net / Սամվել Մելիքսեթյան