1 ապրիլի 2017 - 14:08 AMT
ՀՈԴՎԱԾ
Պուլիցերյան լուսանկարներ
Տարհանման սանդուղքի փլուզում
Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում:

1976-ին ամերիկացի լուսանկարիչ Սթենլի Ֆորմանը Պուլիցերյան մրցանակի է արժանացել «Թեժ լրատվական լուսանկար» («Spot News Photography») անվանակարգում 19-ամյա Դիանա Բրայանի և նրա 2-ամյա սանիկի՝ Տիարա Ջոնսի լուսանկարների համար, որոնք ընկնում են փլուզվող տարհանման սանդուղքից:

Լուսանկարն արվել է 1975-ի հուլիսի 22-ին, երբ Ֆորմանը տուն էր վերադառնում աշխատանքից Boston Herald American-ում: Նրան հայտնեցին, որ իր տան հարևանությամբ հրդեհ է բռնկվել:

© Stanley Forman

Երբ նա հասավ պատահարի վայր, ապա տեսավ Դիանային և Տիարային՝ կանգնած տարհանման սանդուղքին, որոնց միացավ նաև հրշեջ Բոբ Օ՛ Նիլը: Հանկարծ տարհանման աստիճանը փլուզվեց:

© Stanley Forman

Բոբին հաջողվեց մեկ ձեռքով կառչել սանդուղքից, իսկ Դիանան և Տիարան վայր ընկան մոտ 15 մետր բարձրությունից: Դիանան ծանր վիրավորվեց և նույն օրը մահացավ: Տիարան ողջ մնաց, քանի որ ընկել էր Դիանայի վրա:

© Stanley Forman

Սթենլի Ֆորմանը ծնվել է 1945-ի հուլիսի 10-ին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում: Նա մանկուց հետաքրքվել է լրագրությամբ, սակայն դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Բոստոնի Բենջամին Ֆրանկլինի անվան Տեխնոլոգիաների ինստիտուտ, որտեղ լուսանկարչություն է ուսումնասիրել:

1966-ին Սթենլին սկսել է աշխատել Boston Herald-ում, որը հետագայում վերանվանվեց Boston Herald American, ֆոտոլաբորատորիայի մասնագետի պաշտոնում: Մի քանի տարի անց նա հաստիքային լուսանկարիչ դարձավ և մնաց այդ պաշտոնում մինչև 1980-ականների կեսը:

Խմբագրերն արագ նկատեցին Ֆորմանի տաղանդը, որը համադրվում էր բնական հետաքրքրասիրության և լավ վարվելակերպի հետ: Վերջիններիս շնորհիվ նա հաճախ հայտնվում էր այն վայրերում, որոնք փակ էին մյուս լուսանկարիչների ու լրագրողների համար:

Մի քանի տարի նա գրել է քաղաքի նորությունների մասին, որոնք հաջողություն ունեցան՝ նույնիսկ արժանանալով քաղաքի մասին «ամենաճշմարտացի նորությունների» կարգավիճակին:

Երբ Ֆորմանը հրապարակեց Դիանայի և Տիարայի լուսանկարը, նա առավել հայտնի դարձավ, իսկ 1976-ին Պուլիցերյան մրցանակին արժանանալուց հետո էլ ավելի մեծ ճանաչում ստացավ: Եվ դա նրա պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբն էր միայն:

1970-ականների կեսին Ֆորմանի լուսանկարների ոճը սկսեց փոխվել, նրա լուսանկարները գնալով լրացուցիչ սոցիալական և քաղաքական ենթատեքստ էին ստանում:

1977-ին Ֆորմանի ևս մեկ լուսանկար սոցիալական փոթորիկ բարձրացրեց երկրում: Այս անգամ մրցանակի առաջադրվեց նրա The Soiling of Old Glory լուսանկարը, որը պատկերում է սպիտակամորթ ամերիկացիների կողմից սևամորթ փաստաբանի ծեծը:

© Stanley Forman

Լուսանկարն արվել է Բոստոնում 1976-ի ապրիլի 5-ին, ԱՄՆ ուսումնական հաստատություններում սեգրեգացիայի չեղարկման դեմ բողոքների ժամանակ:

Ամերիկյան դրոշով ցուցարարը, որը փորձում է, ինչպես նիզակով, խոցել սևամորթ փաստաբանին, որը դեմ է հանդես գալիս ռասիզմին, հատուկ խորհուրդ է հաղորդում լուսանկարին:

Ֆորմանի այդ լուսանկարն արժանացավ Պուլիցերյան մրցանակին 1977-ին: Այդպիսով նա դարձավ միակ լուսանկարիչը, որն արժանացել է մրցանակի երկու անգամ անընդմեջ:

Երրորդ մրցանակը հանձնվել է Boston Herald American-ի բոլոր լուսանկարիչներին 1978-ի ձնաբքի մասին ռեպորտաժի համար: Չնայած, որ Ֆորմանը չի մասնակցել ռեպորտաժներին ոտքի վնասվածքի պատճառով, նա ևս ներառվել է քաղաքի համար այդ բարդ ժամանակահատվածում աշխատած լուսանկարիչների ցանկում:

1980-ականներին Սթենլին մի քանի այլ մրցանակ է ստացել իր աշխատանքի համար, սակայն շուտով անցել է օպերատորական աշխատանքի հեռուստատեսությունում:

© Stanley Forman

Հետագայում Պուլիցերյան մրցանակի եռակի մրցանակակիրը գիրք է հրատարակել Բոստոնի հրդեհների մասին, որտեղ հավաքել է բոլոր այն լուսանկարները, որոնք արվել են 60-ականներից սկսած:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net