5 մայիսի 2017 - 20:23 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
«Օտրի տրիոյի» համերգը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Նոր երազանք ունենալու հնարավորություն»
«Օտրի տրիո» անսամբլը, Հայաստանի «Փյունիկ» բարեգործական հասարակական կազմակերպության, Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ, մայիսի 5-ին համերգ էր կազմակերպել հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Համերգին ավելի քան 10 երեխա էր ներկա. լսում էին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Դմիտրի Շոստակովիչի երաժշտությունը:

Երեխաների համար նվագեց «Օտրի տրիո» անսամբլը (ֆլեյտա, ջութակ, ալտ): Համերգն ինտերակտիվ էր. երաժիշտները պատմում էին երեխաներին տրիոյում ներառված երաժշտական գործիքների մասին, ներկայացնում ստեղծագործություններն ու կոմպոզիտորներին, ապա նվագում: Յուրաքանչյուր ստեղծագործությունը լսելուց հետո երեխաները հարցեր էին տալիս, զրուցում ու նորից երաժշտություն լսում:

Համերգից հետո PanARMENIAN.Net-ը զրուցեց երեխաների, ծնողների և երաժիշտների հետ:

Լսողության խնդիր ունեցող 10-ամյա Կարեն Ազարյանի մայրը՝ Նարինե Ազարյանը, ասում է.

«Որոշեցինք, որ անպայման պետք է ներկա լինենք համերգին, որ երեխայի օրն ավելի հետաքրքիր անցնի: Կարծում եմ՝ դա էլ կօգնի ադապտացնել երեխային: Վիրահատությունից հետո նա 90%-ով լսում է, սակայն դեռևս խնդիրներ ունի. դժվարանում է խոսել, քանի որ հիվանդության հետևանքով դեռ 3 տարեկանում կորցրել էր լսողությունը: Այսօր լսել է հնչյունները, ինձ թվում է՝ արդյունքը դրական կլինի, գուցե հետաքրքրվի երաժշտությանբ, բայց կարևոր չէ, թե ինչ մասնագիտություն կընտրի, ամենակարևորն այն է, որ խելացի մարդ լինի»:

Նարինե Ազարյանը պատմում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին ընկալելու հետ կապված հասարակությունը խնդիրներ ունի:

«Կան խնդիրներ, որոնք դեռ երկար կմնան: Հաճախ դրսում անծանոթ երեխաները երկար նայում են տղայիս լսողական սարքին, իսկ ծնողները չեն բացատրում, թե դա ինչ է: Կարենը շատ անհարմար է զգում, հարցնում է՝ ինչու են այդպես իր վրա նայում: Տեղեկացվածության, վերաբերմունքի խնդիր կա: Հոգեբանական սեմինարների ենք մասնակցում, որտեղ ծնողները պատմում են, թե ինչպես են նրանց ու երեխաների վրա «թարս նայում», կոպիտ արտահայտություններ թույլ տալիս: Շատ դժվար է: Երևի մի փոքր իմ մեղքն էլ կա, քանի որ միշտ առանձնացնում եմ Կարենին, հատուկ եմ վերաբերվում», - ասում է Ազարյանը:

Կարեն Ազարյանը համերգից գոհ է մնացել: Ասում է՝ առաջին անգամ է նման գործիքների երաժշտությունը միասին լսում.

«Առաջին անգամ չեմ համերգ լսում, բայց այստեղ որոշ գործիքներ առաջին անգամ տեսա, լսեցի: Տանը դաշնամուրային երաժշտություն եմ լսում: Այսօր լավ էին նվագում: Նվագելը լավ բան է, բայց չգիտեմ՝ նորից կցանկանամ այսպես լսել, թե՝ ոչ»:

Համերգին ներկա երեխաներից Էդիկ Բախշյանն էլ ասում է, որ հավանել է համերգը, բայց կենդանի կատարման և ձայնագրված երաժշտության միջև տարբերություն չի նկատել:

«Միշտ հեռախոսով եմ երգեր լսում, և տարբերություն չեմ զգացել: Բայց այստեղ ավելի լավ էր, քանի որ տեսնում էի նաև գործիքները, երաժիշտներին, որոնք խոսում էին մեզ հետ: Ծնողներիս կասեմ, որ ինձ էլի համերգների տանեն», - ասաց Էդիկը:

Մարի Ղազարյանն էլ նշում է. «Համերգը դուրս եկավ, առաջին անգամ էի այսպիսի համերգ լսում, մինչև այս միայն համակարգչով եմ երաժշտություն լսել, օրինակ՝ Շոպենի: Ինքս եմ ընտրում, թե ինչ լսել: Ուզում եմ նաև ֆլեյտա նվագել սովորել»:

Մարիի քույրը՝ Սուսաննա Ղազարյանն էլ ասաց, որ երաժշտություն շատ չի լսում, երգում է, բայց ավելի շատ նկարել է սիրում:

«Գործիքները մեղմ էին հնչում», - համերգի մասին ասաց Սուսաննան:

«Օտրի տրիոյի» ջութակահարուհի Անժելա Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ այս երեխաներին հատուկ ուշադրություն է պետք:

«Շարժունակության կամ այլ խնդիրների հետ կապված հաճախ նրանք քիչ են դրսում լինում, ծանոթ չեն այս արվեստին, շփման կարիք ունեն: Միաժամանակ, մենք տարբերություն չենք դնում երեխաների միջև. ցանկացած երեխայի համար համերգը կարևոր է գիտելիքների ընդլայնման, երաժշտական ճաշակի ձևավորման համար»:

Ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանն էլ նկատեց, որ այսօր երեխաներին նոր երազանք, ձգտում ձեռք բերելու հնարավորություն ընձեռվեց:

«Քանի որ երաժշտությունը խոսք չի պահանջում, դրա միջոցով կարող ես կապ հաստատել երեխաների հետ, փոխանցել ինչ-որ տեղեկատվություն, որը բառերով հասցնել միշտ չի ստացվում: Գուցե, օրինակ, ֆլեյտան առաջին անգամ տեսնեն ու հետաքրքրվեն, երաժիշտ դառնալու ցանկություն առաջանա, կամ կտավներ տեսնեն և ցանկանան նկարել, արվեստագետ դառնալ: Կարևոր է, որ երազանք արթնանա»:

Ալտահար Արևիկ Կոսյանը պատմեց, որ բազմիցս նվագել են երեխաների համար, բայց հաշմանդամություն ունեցողների համար առաջին անգամ են նվագում:

«Երեխաների համար մեր համերգները միշտ ինտերակտիվ համերգ-զրույցների տեսքով են անցնում: Այս անգամ էլ նույնն էր: Այսօր երեխաներն ակտիվ էին, աշխույժ, հետաքրքրասեր, արդեն իսկ բավականին տեղեկացված էին երաժշտության մասին: Ուզում էինք հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավել, քանի որ Հայաստանում դեռ բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ՝ ծնողները շատ անգամ չեն ցանկանում, կամ հնարավորություն չեն ունենում հաշմանդամություն ունեցող երեխաներին համերգների, ցուցահանդեսների տանելև այլուր: Իսկ դա շատ կարևոր է, որ նրանք դուրս գան փակ տարածքից, շփվեն, մեկուսացված չլինեն: Այս թանգարանում երեխաները կտավների ծանոթացան, երաժշտություն լսեցին», - ասաց նա:

Հայաստանում իր կազմով առանձնահատուկ «Օտրի Տրիո» անսամբլը ստեղծվել է 2016-ին: Ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների՝ դրա կազմում փողային և լարային գործիքներ են։ Սովորաբար տրիոների մեջ ֆլեյտա չի ներառվում, մշտական կազմով ֆլեյտային տրիոներ աշխարհում չեն գործում, այլ հավաքվում են միայն որոշ համերգների համար:

Կոլեկտիվի կազմում հանդես են գալիս միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ) և Արևիկ Կոսյանը (ալտ):

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net, Արամ Կիրակոսյան / PAN Photo
ՖՈՏՈՇԱՐՔ