PanARMENIAN.Net –ի լրագրողի հետ զրույցում հայ բժիշկները՝ Հայկ Հովհաննիսյանը, Արմինե Բարխուդարյանը և Գևորգ Ոսկանյանը պատմել են, որ հունիսի 10-ին են վերադարձել Հարավային Սուդանում գտնվող Նուբայի լեռներից:
«Ավրորա-2017» միջազգային հումանիտար մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան որպես 1 մլն դոլար պարգևավճարի հասցեատերեր է ընտրել Աֆրիկյան բժշկական առաքելությանը, գերմանական Aktion Canchanabury կազմակերպությանը և ԱՄՆ Կաթոլիկ բժշկական առաքելության խորհրդին:
Հայ մասնագետները մի քանի ամիս աշխատեցին Թոմ Քաթինայի՝ «Ավրորայի հերոսի» հիվանդանոցում:
Հարավային Սուդան առանց երկմտելու
«Երբ «Ավրորայից» Հարավային Սուդան մեկնելու հրավեր ստացանք, համաձայնեցինք առանց երկմտելու: Մենք բոլորս տպավորված էինք Քաթինայի պատմությամբ»,-խոստովանել են հայ բժիշկները:
Նրանք պատմեցին, որ ուղևորությունը շատ տպավորիչ էր: Նախ Քաթինան Հայաստան մեկնելուց առաջ ներկայացրել է նրանց տեղաբնակներին: «Դա կիրակնօրյա ժամերգության ընթացքում էր: Երբ Քաթինան մեզ ներկայացրեց և ասաց, որ 3 բժիշկ է ժամանել Հայաստանից, որոնք փոխարինելու են իրեն, մարդկանց մոտ որոշակի անվստահություն կար: Սակայն հետո մեզանից չէին ուզում բաժանվել»,- ասել է Հովհաննիսյանը:
Արմինե Բարխուդարյանը հաստատեց, որ մինչ օրս նամակներ է ստանում հիվանդանոցից: «Ոմանք նույնիսկ նեղացել են, որ ես մեկնել եմ», -ասել է Արմինեն:
Նա պատմել է նաև, թե ինչու է առանց տատանվելու համաձայնել մեկնել Հարավային Սուդան. «Երբ 2016-ին ես առաջին անգամ լսեցի Թոմ Քաթինայի պատմությունը, իմացա, թե ինչ պայմաններում է նա աշխատում, ես չէի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ես այստեղ՝ Երևանում, չեմ էլ պատկերացնում, թե դա ինչ է: Ես չէի հավատում, որ կկարողանամ, սակայն սկսեցի ակտիվ հետաքրքրվել, թե ինչպես կարելի է Աֆրիկա մեկնել՝ գրեցի Քենիայի հիվանդանոց և ինձ պատասխանեցին, այդպես ես հայտնվեցի Քենիայում: Երբ «Ավրորայից», հրավեր ստացա, շատ երջանիկ էի՝ չէ որ դա իմ երազանքն էր՝ աշխատել մի վայրում, որտեղ մարդկանց իրապես ամեն օր բուժօգնություն է հարկավոր: Մարդիկ այնտեղ շատ վախեցած են, նրանք նույնիսկ հորդառատ անձրևից են վախենում: Երբ անձրև է գալիս, նրանց թվում է, որ ուր որ է գնդակոծություն է սկսվելու: Ես կվերադառնամ աշխատելու և Հարավային Սուդան, և Քենիա: Պետք է օգնել այն ժողովրդներին, որոնց մենք կարող ենք օգնել »:
Նուբայի լեռներում աշխատելու դժվարությունները
Ըստ Հայկ Հովհաննիսյանի, ամենադժվարը բժշկի աշխատանքում հիվանդին կորցնելն է, երբ չես կարող նրան օգնել:
«Հիվանդներից մեկը լուրջ վիրավորված էր, նրան վիրահատեցին, օգտագործեցին բոլոր այն միջոցները ու հնարավորությունները, որ կային, սակայն երրորդ օրը նա մահացավ: Շատ ծանր էր»,-ասում է Հովհաննիսյանը:
Ըստ Գևորգ Ոսկանյանի, հիվանդանոցին ամենաանհրաժեշտ տեխնիկան արհեստական շնչառության սարքն է: «Այդ սարքի բացակայության պատճառով ես հիվանդիս կորցրի: Եվ ոչինչ չէի կարող անել, միայն աղոթել նրա համար», - նշում է Ոսկանյանը:
Մանկաբարձ Արմինեն պատմում է, որ իր աշխատանքի ընթացքում այնտեղ ավելի քան 20 երեխա է ծնվել: Հայ բժիշկները պատրաստակամ են կրկին մեկնելու Հարավային Սուդան. «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա, բայց Քաթինան ծրագրեր ունի, որոնք պետք է կյանքի կոչել: Հուսով եմ, որ 2018-ին կմեկնենք», -նշում է Ոսկանյանը:
Նա պատմում է, որ Նուբայի հիվանդանոցում առաջին անգամ աչքի վիրահատություն է կատարվել:
Հովհաննիսյանն իր հերթին նշում է, որ Քաթինային հաջողվել է մի համակարգ ստեղծել, որի շնորհիվ ավելի հեշտ է հիվանդանոցում աշխատել: «Քաթինան շատ հասկացող խելացի թիմ ունի: Հակառակ դեպքում նրա ժամանակն ու ուժերը չէին բավարարի այդ տեմպով աշխատելու համար», - նշում է հայ բժիշկը:
Հայաստան լսելիս՝ Նուբայի բնակիչներն առաջինը հայ բժիշկներն կհիշեն
Ըստ հայ մասնագետների, Հարավային Սուդանի բնակիչների մեծամասնությունը երբեք չէր լսել Հայաստանի ու հայերի մասին: Այնուամենայնիվ, ժամանակի հետ նրանք շատ կապվեցին բժիշկների հետ: «Հիմա հուսով ենք, որ Հայաստան լսելիս անմիջապես կհիշեն մարդկանց, որոնք օգնել են իրենց»,-ասում է Գևորգը: Ընդ որում հայ բժիշկներն իրենց հերոսներ չեն համարում:
Սակայն «Ավրորայի» հիմնադիր, գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ հպարտանում է մեր բժիշկներով և նրանց արարքով: «Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ նրանք արեցին, դա հերոսական քայլ էր: Չնայած մենք հայերս էլ դյուրին պայմաններում չենք ապրում, մենք ուժ ենք գտնում մեր մեջ այլոց օգնելու համար»,-ասել է Վարդանյանը Արցախի հետ տեսակապով:
Ըստ բժիշկների՝ օգնել պետք է սկսել հենց հիմա:
Ընթերցեք նաև. Մարդասպան երեխաներ, նավթ ու ցեղասպանությունԻնչ է կատարվում «Ավրորայի» հերոսի երկրում