ը ներկայացնում է շաբաթվա 11 կարևորագույն նյուզմեյքերին՝ իրենց ասածներով ու արածներով:
Հարձակման գծում փայլում էր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով անսպասելի հարվածով փորձեց գոլ խփել ԿԸՀ-ին՝ հիշեցնելով ԱԺ ընտրությունների ժամանակ առաջադրվածների կողմից կաշառք բաժանելու, ընտրողներին ճնշելու ու բռնության դեպքերի մասին:
Պաշտպանության գիծը, սակայն, պահեց Շարմազանով-Մուկուչյան-Հարությունյան եռյակը. վերջիններս ջերմեռանդորեն կասեցրին Սվիտալսկու հարձակումը՝ խորհուրդ տալով ուրիշ, ականջներին հաճո խորհուրդներ տալ:
Հայաստանի վրա հարձակվեց նաև «Ռուկի վվերխ» խումբը: Անցնող շաբաթը ցույց տվեց, որ, չնայած պատկառելի տարիքին, տղաները դեռևս կարող են բազում անհարմարություններ պատճառել հայ հանդիսատեսի մի հատվածին, մյուսին էլ՝ ստիպել հաճելի մանկական հուշերի գիրկն ընկնել:
Քաղաքաշինության պետկոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ուրբաթ օրը գրոհում էր Երևանը արևմտյան եզրից՝ սպառնալով Հրազդան ստադիոնի մոտ «Նոյ» թաղամաս կառուցել: Բուն ստադիոնը, հիշեցնենք, վաճառվելու է, շաբաթներ առաջ Կառավարության ընդունած որոշմամբ:
Կիսապաշտպանությունից հայու գենը գրոհում էր Մխիթարյան-Լոպիրևա զույգը... կամ ոչ զույգը... ամեն դեպքում, խաղը հաջողվեց՝ երկրպագուներն ամբողջ շաբաթ քննարկում էին դուետի գործողությունները: Ի դեպ, միանում ենք Հենրիխ Մխիթարյանին ուղղված՝ երբեմն պասերով խաղալու կոչին:
Մեկ հեռահար հարված հասցրեց սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրը, որն առաջարկեց ոչ ավել, ոչ պակաս՝ փոխել ՀՀ օրհներգը: Բուռն քննարկում ստացվեց, բայց առայժմ անարդյունք:
Երևանի ծովային դարպասներն այս շաբաթ հիանալի պաշտպանեց Տարոն Մարգարյանը, ում երդմնակալությունը Երևան-Վենետիկ եղբայրական հարաբերությունների ամրապնդման լավ առիթ դարձավ: Պարոն Տարոն Մարգարյանը նախանձելի սառնասրտություն ցուցաբերեց անգամ այն ժամանակ, երբ ֆուտբոլի դաշտը ջրային ֆուտբոլի ավազանի վերածվեց:
Նույնիսկ մեկ այլ շաբաթվա խաղացողի՝ Զարուհի Փոստանջյանի գրոհներն ու քաղաքապետարանի գրավման փորձը չկարողացան շեղել Մարգարյանի ուշադրությունը:
Հ.գ. Բուն ֆուտբոլի հավաքականը այս շաբաթ անցկացրեց պահեստայինների նստարանում: Սպասելի արդյունքով: