Մատակարարումը պլանային է և իրականացվել է ըստ երկրների միջև ռազմատեխնիկական գործակցության մասին գործող միջկառավարական համաձայնագրի: Այս առթիվ PanARMENIAN.Net-ը վերհիշում է, թե վերջին ամիսներին հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ռազմական տեխնիկայի էլ ինչ խոշոր ձեռքբերումների մասին է հայտնի դարձել:
Սրանից 2 ամիս առաջ՝ ապրիլի 26-ին, հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ևս մեկ խմբաքանակ էր ստացել՝ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրել է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ:
Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար:Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակած տվյալների համաձայն, 2016-ին Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգ:
Իր վերջին ձեռքբերումներից մեկը՝ իսրայելական նորագույն «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռը, Ադրբեջանն արդեն իսկ հասցրել է կիրառել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը «Սպայկով» մասնակի վնասվել է հայկական կողմի մեկ ռազմական տեխնիկա՝ «Օսա» զենիթահրթիռային համալիր:
Դրանից օրեր առաջ՝ մայիսի 10-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի բազաներից մեկի տարածքում կայացել է իտալական Leonardo Aircraft ընկերության նոր սերնդի М-346 ուսումնամարզական ինքնաթիռի շնորհանդեսը:
Մարտի սկզբին էլ հայտնի էր դարձել, որ թուրքական Harp Arge ընկերությունն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող Drone Killer համակարգ է վաճառել Ադրբեջանին, որն օգտագործում է էլեկտրամագնիսային խափանումների սկզբունքը: Գործարքը Harp Arge ընկերության համար առաջին փորձն է Ադրբեջան արտահանելու առումով: Սպառազինության այդ համակարգը հաջողությամբ փորձարկվել է ադրբեջանական ուժային կառույցներում:
Անօդաչու թռչող սարքերի չեզոքացման համար նախատեսված Drone Killer համակարգը բարձր արագության 2,4 ԳՀց և 5,8 ԳՀց հաճախականությամբ էլեկտրամագնիսային խափանումներ է ստեղծում՝ խախտելով կապն անօդաչու թռչող սարքի և կառավարման կենտրոնի միջև: Համակարգը նաև ապակողմնորոշում է GPS-ը: