4 հուլիսի 2017 - 13:01 AMT
ՀՈԴՎԱԾ
Զգուշացեք ավտոտեսուչից
Լատինատառ գրառումը՝ ՌԴ-ում հայ վարորդներին գործից զրկելու պատճառ
Հունիսի 1-ից Ռուսաստանում որպես վարորդ աշխատող ներգաղթյալները, որոնք չունեն ՌԴ վարորդական իրավունք, չեն կարողանա շարունակել աշխատանքը: Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին օրենքի ուղղումներն ընդունվել են 2013-ին, սակայն մինչև 2017-ի հունիսի 1-ն ուժի մեջ չէին մտել: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է, թե ինչ բարդություններ է ստեղծել նոր օրենքը ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների համար:

ՌԴ բոլոր վարորդները պետք է ՌԴ վարորդական վկայական ունենան

Նոր օրենքը պարտավորեցնում է բոլոր օտարերկրացիներին, որոնք վարորդ են աշխատում, ունենալ ՌԴ ազգային վարորդական վկայականներ: Այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում սահմանվել է 50.000 ռուբլի տուգանք (400.000 դրամ):Այդ դեպքում իրավախախտ է համարվում ոչ թե ինքը վարորդը, այլ նրա գործատուն, որն էլ պարտավոր է վերահսկել այդ արգելքը:

Օտարերկրացիները ստիպված չեն լինի նորից սովորել՝ ուղղակի պետք է 1 տեսական և 2 գործնական քննություն հանձնել:

Ժամանակավորապես առանց աշխատանքի կարող է մնալ մոտ 10.000 մարդ:

ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են ՀՀ վարորդական վկայականով վարել

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը մայիսի 12-ին հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնության տարածքում վարել տրանսպորտային միջոցներ ինչպես ՀՀ ազգային, այնպես էլ միջազգային (ազգայինի հետ միասին) վարորդական վկայականներով:

Ոստիկանության փաստարկն այն էր, որ 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող ՀՀ ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում) բոլոր երկրներում:

Թե՞, այնուամենայնիվ, չեն կարող

Սակայն հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած Տրանսպորտային միջոցներ վարելու նոր օրենքի հետևանքով ՌԴ-ում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Պատճառն, ըստ աղբյուրի, այն է, որ վարորդական իրավունքներում լատինատառ գրառման բացակայության հետևանքով հայ վարորդները չեն կարող նման քննություն հանձնել ու ռուսաստանյան վարորդական իրավունք ձեռք բերել: Հայկական վարորդական իրավունքի վկայականում անձի հայրանվան դաշտում գրառումը միայն հայերեն է, որոշ դեպքերում նաև ռուսերեն թարգմանությամբ:

Օրենքը հակասում է ԵՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին

Հունիսի 26-ին ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Բարձրացվել են Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման և ԵՏՄ համաձայնագրի խախտման վերաբերյալ մի շարք հարցեր.

Մասնավորապես, Մարուքյանը նշել է, որ հունիսի 1-ից ՌԴ-ում գործող օտարերկրյա /այդ թվում՝ ՀՀ/ վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելքը հակասում է ԵՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին: