20 հուլիսի 2017 - 13:55 AMT
ՀՈԴՎԱԾ
Պուլիցերյան լուսանկարներ
Բոստոնի ահաբեկչությունից տուժածի պատմությունը
2014-ին «հատուկ լուսանկարներ» անվանակարգում Պուլիցերյան մրցանակի է արժանացել Ջոշ Հեները լուսանկարների շարքի համար, որը պատմում է Բոստոնի ահաբեկչությունից տուժած Ջեֆ Բաումի պատմությունը, որը կորցրել է 2 ոտքը և փորձում է վերադառնալ նորմալ կյանքի:

Այն հարցին, թե ինչու է ինքը որոշել պատմել Բաումի կյանքի մասին պատահածից հետո, Հեներն ասել է, որ հաճախ մարդիկ հիշում են բուն ողբերգությունը, բայց մոռանում են դրանց զոհերի ու տուժածների մասին:

Հեները ցույց է տվել մի մարդու պատմությունը, որն ահաբեկչությունից հետո նորից սովորում է ապրել ու ապրել նորովի:

Josh Haner / The New York Times

Ահաբեկչությունը տեղի է ունեցել 2013-ի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի եզրագծում՝ հանդիսատեսների համար նախատեսված տարածքում: 12 վայրկյան տարբերությամբ 2 պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է զոհվել և ավելի քան 280-ը տուժել: Զոհվածների թվում էր նաև 8-ամյա տղան, որը եզրագծի մոտ հորն էր սպասում: Բոստոնի մարաթոնի եզրագծի մոտ պայթյունի ժամանակ Ջեֆ Բաումը զրկվեց 2 ոտքից:

Josh Haner / The New York Times

Ջեֆ Բաումը ողջ է մնացել միայն արագ օգնության շնորհիվ, որ ցուցաբերել է հանդիսատեսներից մեկը՝ Կառլոս Արեդոնդոն: Կանգնեցնելու համար ուժգին արյունահոսությունը՝ Կառլոսը ամրակապով կապել էր նրա ազդրերի երիակները և ձեռքերի վրա տարել նրան պարամեդիկների մոտակա բրիգադի մոտ:

Josh Haner / The New York Times

Ինչպես ավելի վաղ պատմել էր լուսանկարիչը, նա կենտրոնացավ Ջեֆի հետագա կյանքի վրա՝ ցույց տալու համար, թե որքան արմատապես է փոխվում այդպիսի ողբերգություն ապրած մարդկանց առօրյա կյանքը: Հեները Ջեֆի պատմության միջոցով ցույց է տվել, թե որքան ջանք է պետք գործադրել առօրյա կյանքին վերադառնալու համար:

Josh Haner / The New York Times

Ամերիկացի լուսանկարիչը խոստովանել է, որ ամենաարժեքավորը նախագծի վրա աշխատելիս այն էր, որ պետք էր բնազդաբար հասկանալ, թե որ պահին չի կարելի լուսակարել և հարկավոր է հարգանք դրսևորել ու չխախտել լռությունը լուսանկարչական սարքի չխկոցով:

«Դա այն շեմն է, որը չի կարելի անցնել նույնիսկ ամենալավ լուսանկարների համար»,-ասել է Հեները:

Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում:

Ընթերցեք նաև. Պուլիցերյան լուսանկարներ. «Փոքր մարդու» տառապանքները

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net