Օրորոցը ծնողի փոխարեն օրորոցային կկատարի, հեքիաթ կպատմի և կքնեցնի երեխային
«Cribby-ն զինված է տեսախցիկով, կշեռքով, աուդիոգրքերի նվագարկչով, որով կարելի է նաև լսել հատուկ օրորոցի համար ձայնագրված տարբեր ժողովուրդների օրորոցայիններ: Այսինքն օրորոցը ծնողի փոխարեն օրորոցային կկատարի, հեքիաթներ կպատմի երեխային»,- ասում է Սերգեյ Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ օրորոցը թույլ է տալիս վիդեո և աուդիո կապի, ձայնի և օդի սենսորի միջոցով հեռավորության վրա հետևել երեխային, կառավարել օրորոցը՝ սմարթֆոնի մեջ ներբեռնելով հատուկ հավելված:
«Երեխայի շարժվելուն պես ծնողն իմանում է, որ նա արթնացել է։ Լա՞ց է լինում՝ նույնպես առաջինն է իմանում այդ մասին՝ ստանալով ծանուցում իր հեռախոսին», -ասում է Նավասարդյանը
Ոչ միայն դիզայն, այլ նաև հարմարավետություն
«Օրորոցը լուսավորվում է, այն ունի առաջին անհրաժեշտության իրերի համար դարակներ՝ մանկական խնամքի պարագաներով: Օրորոցը պատրաստված է էկոլոգիապես անվտանգ նյութերից: Օգտագործվել է հիմնականում փայտ», -ասում է Նավասարդյանը:
Եթե նորածինները խոսել իմանային, կպատմեին՝ որքան լավն է օրորոցը
Հայկական շուկայից զատ նախագծի հեղինակները օրորոցը փորձելու են իրացնել նաև արտասահմանյան շուկաներում: Անելու են ամեն ինչ, որ արտադրանքը մատչելի լինի հայ ծնողի համար:
«Անկասկած Cribby-ն կգտնի իր տեղը շուկայում: Այն պարզապես շատ հաճելի օգնական է: Իսկ նորածիններն ափսոս խոսել չգիտեն, թե չէ անպայման կասեին, թե ինչ լավն է Cribby-ն»,- ասում է Սերգեյ Նավասարդյանը: