17 հունվարի 2018 - 13:09 AMT
ՀՈԴՎԱԾ
Բուժել անբուժելին
Հայ գիտնականները կարող են հեղափոխել խոզերի ժանտախտի դեմ պայքարը
Խոզերի աֆրիկյան ժանտախտի առաջին խոշոր բռնկումը Հայաստանում տեղի ունեցավ 2007թ-ին։ Համաճարակի մեկ տարվա ընթացքում խոզերի գլխաքանակը երկրում կրճատվեց մոտ 50%-ով, ինչը զգալի վնաս էր գյուղացիական տնտեսությունների համար։ Պարբերաբար համաճարակներ բռնկվում են նաև հիմա, ու չնայած պաշտոնապես 2011թ-ից հետո Հայաստանում համաճարակ չկա, յուրաքանչյուր տարի կենդանիների անկումներ գրանցվում են։

Խոզերի աֆրիկյան ժանտախտի պատվաստանյութ ներկայումս գոյություն չունի։ Սակայն ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի խումբն արդեն մի քանի տարի է՝ աշխատում է այս վիրուսը ոչնչացնող հակավիրուսային նյութերի հայտնաբերման ու փորձարկման ուղղությամբ։ Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը PanARMENIAN.Net-ին ներկայացրեց կատարվող աշխատանքները։

«Խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ տարբեր միջազգաին խմբեր աշխատում են դեռ 1960-ականներից, երբ վիրուսն առաջին անգամ հայտնվեց Եվրոպայում, սակայն այդպես էլ ոչ մի կոնկրետ պատվաստանյութ շուկայում չի հայտնվել, որը հնարավորություն կտա կանխել վիրուսի տարածումը։ Մենք փորձում ենք խնդիրը լուծել հակառակ կողմից՝ գտնել ոչ թե պատվաստանյութ, այլ նյութ, միացություն, որը կբուժի արդեն վարակված կենդանուն։ Զբաղվում ենք այդ խնդրով մոտ երեք տարի, իսկ մեր խումբը պաշտոնապես գոյություն ունի արդեն երկու տարի»,- պատմեց մեր զրուցակիցը։

Այս պահին արդեն հայտնաբերվել է երկու միացություն, որոնք բավականին արդյունավետ կերպով ճնշում են վիրուսի բազմացումը, սակայն բոլոր փորձերը մինչև հիմա արվել են միայն բջջային մոդելների վրա։ «Դեռ կենդանիների վրա փորձարկումներ չեն արվել, որովհետև ավելի լավ է մի քանի՝ 3-4 էֆեկտիվ նյութ ունենալ, որպեսզի հետագայում դրանք փորձարկենք արդեն կենդանիների վրա։ Երևի 2019թ-ի վերջում այդ ուղղությամբ կաշխատենք։ Դա, իհարկե, կապված է նաև մեծ ծախսերի հետ, որովհետև շատ կենդանիներ են պահանջվելու՝ հաշվի առնելով փորձարկման տարբեր մոտեցումները»,- հավելեց Զաքարյանը։

Այդ իսկ պատճառով, առաջին հերթին խումբը փորձում է վիրուսը ճնշող միացությունների որոշակի քանակ գտնել։ Սակայն դա ևս բավականին բարդ ու ծախսատար աշխատանք է, բնականաբար, կախված նրանից, թե ինչ ձևով է այն իրականացվում։ Օրինակ, կան նյութերի շտեմարաններ՝ բաղկացած հազարավոր միացություններից։ Գիտնականը գնում է այդ շտեմարաններն ու ուսումնասիրում, թե այդ նյութերից որն է արդյունավետ կոնկրետ վիրուսի դեմ։

«Սակայն իրենք, այդ շտեմարանները շատ թանկարժեք են, ինչպես նաև ծախսատար ու ժամանակատար են հետագա փորձերը՝ հատ-հատ բոլոր միացութունները ստուգելու։ Այդ իսկ պատճառով մենք այլ կերպ մոտեցանք խնդրին՝ ստեղծելով համակարգչային մոդել, որի հիման վրա հնարավոր է դառնում մոդելավորել նյութերի փոխազդեցությունը համակարգչով, ընտրել լավագույններն, և հետագայում ուսումնասիրել կենկրետ դրանք։ Արդյունքում մենք արդեն հայտնաբերեցինք երկու միացություն, որոնք բավականին արդյունավետ կերպով ճնշում են խոզի աֆրիկյան ժանտախտի վիրուսին․ այսինքն, այս մոտեցումը զգալիորեն հեշտացրեց մեր աշխատանքը, քանի որ պետք չի այլևս հազարավոր կամայական միացություններ գնել՝ հատ-հատ դրանք փորձարկելով․ համակարգչային մոդելավորումը նույն հնարավորությունը տալիս է։ Դա լավ մեկնարկ է՝ հետագայում կոնկրետ գիտափորձեր անցկացնելու համար»,- նշեց մասնագետը։

Խնդիրը, ըստ գիտնականի, ոչ միայն միացությունների առկայության, այլև դրանց արժեքի մեջ է, քանի որ անտրամաբանական է գումար ծախսել մի դեղամիջոցի վրա, որի գինը խոզի ինքնարժեքից բարձր է։ Հետևաբար, խումբն աշխատում է նաև հնարավորինս էժան նյութեր գտնելու ուղղությամբ, որպեսզի ֆերմերի վրա ավելորդ ֆինանսական բեռ չլինի։

Արման Գասպարյան/PanARMENIAN.Net