Արդյունքում, տարբեր գնահատականներով, Ասադին սատարող 100-500 մարտիկ է զոհվել, այդ թվում ՌԴ քաղաքացիներ: Նրանց հստակ քանակը չի նշվում.տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշում՝ մի քանի հոգուց մինչև մի քանի հարյուր մարդ:
Ինչ է տեղի ունեցել
Ըստ քուրդ գեներալ Հասանի, որը գլխավորում է «Սիրիայի ժողովրդավարական ուժերը», փետրվարի լույս 8-ի գիշերը, Ասադի կողմնակիցների տանկերի, զրահատեխնիկայի և բեռնատարների շարասյունը շարժվել է դեպի Conoco նավթագազային հանքավայր՝ Դեր Զորից դեպի արևելք 80 կմ հեռավորության վրա, Եփրատի ձախ ափին, հայտնում է The Washington Post-ը: Շարասյունը բավականին մոտեցել է «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» և ԱՄՆ մարտիկներին և կրակ է բացել տանկերից ու հրետանուց: Ըստ քուրդ գեներալի, ԱՄՆ ավիացիան ստիպված է եղել գրոհել հարձակվողներին: Մարտը մի քանի ժամ է տևել: Գեներալ Հասանը պնդում է, որ սպանվել է մոտ 100 գրոհող, որոնց թվում «կային մի քանի ռուսներ, որոնք, հավանաբար, այն վարձկաններից են, որ կռվում են Սիրիայի ռեժիմին սատարող ուժերի շարքերում»:
Քանի ռուսաստանցի է զոհվել
Դեռևս փետրվարի 8-ից սոցցանցերում և ԶԼՄ-ներում տեղեկություններ սկսեցին տարածվել Դեր Զորի մատույցներում սիրիական հակամարտությանը կառավարական ուժերի կողմից մասնակցող ռուսական «Վագներ ՄԶԿ (մասնավոր զինվորական կազմակերպություն)»-ի կորուստների մասին: ՌԴ ՊՆ-ն հայտնեց 25 վիրավորված սիրիացու մասին, սակայն չհիշատակեց ռուսաստանցիներին: Ըստ «Կոմերսանտի», դա բացատրվում է նրանով, որ զինվորականները պատասխանատու են միայն անձնակազմի գործողությունների համար, սակայն պատասխանատու չեն կամավոր զենքը վերցրածների համար:
Փետրվարի 9-ին «Վագներ ՄԶԿ»-ի ծանր կորուստների մասին հայտարարեց 2014-ին Դոնբասում ռուսամետ ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը (Գիրկին): Նա ոչ մի բանով չի հաստատել իր խոսքերը և չի նշել աղբյուրը: Փետրվարի 13-ին Conflict Intelligence Team (CIT) հետազոտական խումբը հրապարակեց զոհված 5 ռուսների անունները: Զոհվածների հարազատներն ու ընկերները հաստատեցին այդ տեղեկությունը:
Մինչդեռ Bloomberg-ը գրում է ավելի քան 200 զոհված ռուսաստանցի վարձկանների մասին, որոնցից շատեը կռվել են Դոնբասում Ուկրաինայի ԶՈւ դեմ: Այդ մասին գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը ՌԴ-ից: Սակայն, ըստ աղբյուրի, այդ օրը զոհված ռուսաստանցիների թիվը հասնում է 100-ի, 200-300 մարտիկ վիրավորվել է:
Պատճառներն ու հետևանքները
Ըստ «Կոմերսանտի» ռուսաստանյան ռազմական աղբյուրի, Դեր Զորում միջադեպի պատճառը տեղի «Ասադին սատարող խոշոր ձեռնարկատերերի ձգտումն էր» գրավել նավթի և գազի հանքերը, որոնք ԱՄՆ դաշնակից քրդերի հսկողության տակ են: Դեռ 2017-ին «Ֆոնտանկա.Ռու-ն» գրում էր, որ «Եվրոպոլիս» մասնավոր զինվորական կազմակերպության ռուսաստանցի մարտիկները , որոնք շաղկապված են «Վագներ ՄԶԿ)» հետ, պայմանագիր են կնքել Դամասկոսի հետ Սիրիայի նավթագազային ռեսուրսներն ազատագրելու և հետագայում շահագործելու վերաբերյալ:
Bloomberg-ը Դեր Զորի միջադեպն անվանել է «ամերիկացի և ռուս զինվորականների ամենաարյունահեղ բախումը սառը պատերազմի ավարտից հետո»: Ըստ քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Ֆրոլովի, կատարվածը շատ մեծ սկանդալ է և խորը միջազգային ճգնաժամի պատճառ կարող է դառնալ, «սակայն, Ռուսաստանը կձևացնի, թե ոչինչ չի պատահել»:
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կոալիցիայի գործողությունների շրջանում ռուսաստանցի զինվորականներ չկան: Մինչդեռ, Կրեմլում ասում են, որ տվյալներ ունեն միայն ՌԴ ԶՈւ մասին, իսկ «այլ ռուսաստանցիների մասին, որոնք կարող են գտնվել Սիրիայում, իրենց ոչինչ հայտնի չէ»:
Պաշտոնապես ՌԴ իշխանությունները հերքում են արտերկրում զինված հակամարտություններին մասնակցության մասին լուրերը: Մասնավոր զինվորական կազմակերպությունների գործունեությունը երկրում արգելված է:
Ամերիկյան CNN-ը փետրվարի 13-ին ցուցադրել է Դեր Զորում միջազգային կոալիցիայի ավիահարվածի տեսագրությունը: