4 ապրիլի 2018 - 11:22 AMT
ՀՈԴՎԱԾ
Ինչպես է նորոգվելու Ամբերդը
Միջնադարյան ամրոցի մուտքը վճարովի կդառնա
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Ամբերդ միջնադարյան բերդ-ամրոցի վերականգնման, վերանորոգման և ենթակառուցվածքների ստեղծման նախագծերը մշակված են, մրցույթը հայտարարված է, արդյունքները՝ ամփոփված: Նախապատրաստական աշխատանքները նույնպես ավարտվել են, վերականգնումը մեկնարկել է ապրիլին։ PanARMENIAN.Net ը զրուցել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ ամրոցի վերակագնման նախագծի, ընթացիկ աշխատանքների մասին:

28,8 մլն դրամ՝ Ամբերդի վերականգնմանը

«2016 թվականին` նախագահի հանձնարարականը ստանալուց հետո, նախաձեռնեցինք ամրոցի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքները: Հայտարարված մրցույթը հաղթել է «Սասունասար» ՍՊԸ-ն, որի հետ նախքան բուն շինարարության փուլին անցնելը, իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ. արդեն պատրաստ են ամրոցի տարածքում տեղադրվելիք նստարանները, բազրիքները, ճաղավանդակները», - ասաց նախարարը՝ հավելելով, որ նախագծի կյանքի կոչմանը կհատկացվի 28,8 մլն դրամ:

Կկառուցվեն դեպի բերդ տանող սալահատակ ճանապարհներ, որոնք համահունչ կլինեն միջնադարյան շինության պատմական շնչին: Կընդլայնվեն կանաչ տարածությունները, կտեղադրվեն ճաղավանդակներ, որոնց վրա կլինեն ամրոցը հիմնադրած միջնադարյան իշխանական տան՝ Վաչուտյանների զինանշանը: Բերդը կունենա լուսային ձևավորում:

Ենթակառուցվածքների բարելավման նախագծի իրականացումը կավարտվի 2018-ին, և մինչև ամառ՝ զբոսաշրջության ամենաթեժ շրջան, Ամբերդը պատրաստ կլինի նորովի ընդունել իր այցելուներին:

Ամբերդը՝ զբոսաշրջային և մշակութային ինքնատիպ հարթակ

Զբոսաշրջիկներին առաջարկվելու է յուրօրինակ երթուղի, որը կկապի Բյուրականի աստղադիտարանը, Աղձքի արքայական դամբարանը և Ամբերդը:

«Աստղադիտարանում երեկոն անցկացնելուց հետո զբոսաշրջիկը հաջորդ օրը կարող է այցելել Արշակունի հայոց արքաների դամբարան և ավարտել իր ուղին Ամբերդում, որտեղ նախատեսվում է յուրաքանչյուր շաբաթ կամ կիրակի օրերին մշակութային իրադարձություններ, համերգներ, հանդիսություններ կազմակերպել», -նշեց Ամիրյանը:

Հարթակը նախատեսված է լինելու բացառապես մշակութային միջոցառումների կազմակերպման համար: Միջոցառումների համար բերդին հարակից Վահրամաշեն եկեղեցու մոտակայքում բացօթյա հարթակ կկառուցվի, կգործի հուշանվերների խանութ: Կվերանորոգվի նաև ամրոցի տարածքում գործող սանհանգույցը:

Լուսավորության սյուների վերևում տեղադրված են լինելու արևային վահանակներ: Դրանց վրա կլինեն նաև զինանաշանների պաստառները:

Ապագայում իրականցվելու են բերդի ամրակայման աշխատանքներ

«Նախարարությունն արդեն իսկ բերդի ամրակայման նախագիծ է պատվիրել: Այն ունենալուց անմիջապես հետո կտրվի նաև ամրակայման աշխատանքների մեկնարկը: Նախագիծը պատրաստ կլինի 2018-ին, որից հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ», - նշեց նախարարը:

Ամբերդը դառնում է վճարովի հուշարձան

Մուտքը հուշարձանի տարածք կլինի տոմսով:

«Տոմսերից գոյացած գումարը կուղղվի տարածքի մաքրության պահպանմանը, այցելուների սպասարկմանը: Հուշարձանն առաջարկելու է այցելուներին նաև զբոսավարի ծառայություն», - ասաց մշակույթի նախարարը: Նա վստահ է, որ կատարվող աշխատանքների արդյունքում հուշարձան այցելությունները զգալիորեն աճելու են:

Ենթադրվում է, որ այս զբոսաշրջային սեզոնին Ամբերդի այցելուների թիվը կհասնի 200.000-ի:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net