26 ապրիլի 2018 - 15:51 AMT
ՀՈԴՎԱԾ
«Թավշյա» հեղափոխության առաջին 12 օրը
Թվապատում
Ապրիլի 13-ից Երևանում մեկնարկեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմադիր ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության «Իմ Քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների և «Հանուն Հայաստան պետության ճակատի» հավաքները, քայլերթերն ու բողոքի այլ ակցիաներ: ՔՊ-ի «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարը սկսել էր ավելի վաղ. կուսակցության անդամները և փոքրաթիվ համախոհներ 14-օրյա քայլարշավի էին դուրս եկել Հայաստանի տարբեր քաղաքներում և հեռավոր համայնքներում: Նրանք ապրիլի 13-ին հասան Երևանի հյուսիսային ավտոկայան: Բողոքի ոչ բռնի զանգվածային ակցիաների 11 օրը՝ ձերբակալություններից, ոստիկանության կողմից ուժի կիրառումից, երկխոսության բազմաթիվ կոչերից և ձախողված բանակցություններից հետո, Նիկոլ Փաշինյանի հայտարարած «թավշյա» հեղափոխության առաջին նպատակն իրագործվեց՝ ՀՀ նորանշական վարչապետ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնավարելով ընդամենը յոթ օր, հրաժարական տվեց:

PanARMENIAN.Net ը ներկայացնում է ՔՊ-ի «Իմ քայլը» նախաձեռնության քայլաշավից մինչև ապրիլի 26-ը` ընդդիմության բողոքի ակցիաների առաջին 12 օրվա մասին պատմող ուշագրավ փաստերը՝ թվերով:

Մինչև ապրիլի 13-ի հանրահավաքի մեկնարկը՝ ՔՊ-ի վարչության անդամ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ քայլարշավ էր սկսել Գյումրիի Վարդանանց հրապարակից: 14 օրում նրանք հաղթահարել են 200 կիլոմետր, անցնելով Հայաստանի խոշոր և հեռավոր համայնքներով, հասել Երևանի Հյուսիսային ավտոկայան: Այս ընթացքում Փաշինյանն արել է 320.000 քայլ:

Ապրիլի 13-ի երեկոյան Ազատության հրապարակում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի բազմամարդ հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանը խոսեց խաղաղ քաղաքացիական անհնազանդություն նախաձեռնելու մտադրության մասին: Նույն օրը երեկոյան, ցուցարարները շրջափակելով Ֆրանսիայի հրապարակը, նստացույց սկսեցին այստեղ:

Ապրիլի 14-ին ընդդիմությունը հայտարարեց, որ շրջափակելու է իշխող «Հայաստանի հանրապետական կուսակցության» գլխամասային գրասենյակը՝ խոչընդոտելու կուսակցական վերնախավի մուտքը շենք և խորհրդի նիստում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու որոշման կայացմանը: Սակայն հանրապետականները նիստը տեղափոխել էին Ծաղկաձոր: Ցուցարարներն այդ օրը Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեցին Հանրային ռադիոյի շենք, նրանք ուղիղ եթեր պահանջեցին, սակայն չստանալով այն՝ լքեցին ռադիոյի շենքը: Ոստիկանությունը ձերբակալեց 2 հոգու, որոնցից մեկն անչափահաս էր ու ազատ արձակվեց, մյուսը՝ Տիգրան Մազմանյանն ազատ է արձակվել ավելի ուշ՝ ապրիլի 23-ին:

Ապրիլի 15-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ կամուրջներ, կենսանական նշանակության կոմունիկացիոն այլ հանգույցներ են արգելափակելու: Առավոտյան ցուցարարները արգելափակելով փողոցները կաթվածահար վիճակում պահեցին Կենտրոնի մի շարք փողոցներ և խաչմերուկներ: Փաշինյանը հայտարարեց նաև ԱԺ տանող փողոցներն արգելափակելու մտադրության մասին՝ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատագամավորների մուտքը խորհրդարան խոչընդոտելու նպատակով, ինչի արդյունքում պետք է տապալվեր ՀՀ վարչապետի ընտրությունը:

Ապրիլի 16-ի առավոտյան ցուցարարներին չհաջողվեց արգելափակել Ազգային ժողով տանող փողոցները: Նման փորձերի համար ոստիկանությունը բերման ենթարկեց տասնյակ ցուցարարների, մեծ ուժեր կենտրոնացնելով այստեղ՝ ոստիկանները փշալարեր տեղադրեցին: Այդ օրը լարված իրավիճակ ստեղծվեց ցուցարարների և ուժայինների միջև. հրմշտոցի և ոստիկանների կիրառած ձայնային նռնակի հետևանքով եղան վիրավորներ, այդ թվում՝ Փաշինյանը և 6 ոստիկան:

Ապրիլի 17-ին պատգամավորներն անարգել մտան խորհրադարան: ԱԺ արտահերթ նիստում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 77 կողմ, 17 դեմ ձայներով դարձավ ՀՀ վարչապետ: Նույն օրը երեկոյան Հանրապետության հրապակում տեղի ունեցավ ընդդիմության բազմամարդ հանրահավաքը:

Նիկոլ Փաշինյանը այդ օրը հայտարարեց «թավշյա» և ոչ բռնի հեղափոխության մեկնարկի, ինչպես նաև Հանրապետության հրապարակում հավաքի մասին, որն ըստ նրա, պետք է լիներ անկախ Հայաստանի պատմության ամենաբազմամարդ հավաքը: Սակայն հաջորդող օրերին հավաքի մասնակիցները գնալով շատանում էին:

Ցույցի մասնակիցների թվի մասին տվյալները հակասական են: PanARMENIAN.Net ին ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ հավաքի մասնակիցների ճշգրիտ թիվը ենթակա չէ հրապարակման: Սակայն անզեն աչքով կարելի է նկատել, որ Հանրապետության հրապարակում վերջին օրերին տասնյակ հազարավոր ցուցարարներ են եղել՝ գերազանցելով նախկինում եղած բոլոր հանրահավաքների մասնակիցների թիվը:

Ապրիլի 18-ին ընդդիմությունը սկսեց մի շարք կառավարական շենքերի շրջափակումը: Մինչ այդ, Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունում վերանշանակումներ էին անում:

Ապրիլի 19-ի առավոտյան կայանալու էր Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարության անդրանիկ նիստը: Այն նախատեսված էր գումարել առավոտյան ժամը 11:00-ին, սակայն կայացավ միայն 17:00-ին: Կարելի է ենթադրել, որ նիստի հետաձգման պատճառը կաթվածահար վիճակում գտնվող Կենտրոնի փողոցներն էին:

Ապրիլի 20-ին՝ ընդդիմության խաղաղ ընդվզման յոթերորդ օրը, գնալով աճող ցուցարարները շարունակում էին արգելափակել փողոցները, կամուրջները:

Ըստ Socialbakers համակարգի, ընդվզման առաջին շաբաթում Փաշինյանի ֆեյսբուքյան էջը հավանել է ավելի քան 13.000 օգտատեր, ընդ որում, միայն ապրիլի 17-ին՝ մեկ օրում, էջը հավանողների թիվն աճել է 6200-ով։ Եթե մարտի 31-ին՝ քայլերթը սկսելու օրը, Փաշինյանն ուներ մոտ 59.000 հավանող, ապա ապրիլի 26-ին ժամը 16:00-ի դրությամբ այն ունի 178.990 հավանող և 203,696 հետևորդ, ինչը գերզանցում է մոտ 67.000 հետևորդ ունեցող ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի էջին, ինչպես նաև 73.000 հետևորդով երգիչ Ռազմիկ Ամյանի, 61.000-ով՝ Կարգին Հայկոյի էջերին: Այն հետևորդների թվով գերազանցել է նաև ՀՀ նախկին վարչապետ, այժմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի էջին, որն այս պահին ունի մոտ 89.000 հետևորդ։

Ապրիլի 21-ը՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 9-րդ օրը, ավելի լարված էր, քան նախորդը․ ոստիկանները մեքենաներ էին ջարդում և ճոճում, տարբեր համայնքներում քաղաքացիական հագուստով դիմակավորված անձինք ցուցարարների էին ծեծում, Սերժ Սարգսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ երկխոսության կոչեր էին անում՝ անդառնալի կորուստներից խուսափելու համար։ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսյանյանը Մալաթիայում հարվածում էր ցուցարարներին, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ ճանապարհներ էր փակում, ԱԱԾ-ն հայտնում էր կանխված ահաբեկչության մասին, փողոց փակած վարորդների դեմ քրգործեր էին հարուցվում:

Այդ օրը Փաշինյանը հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը երկխոսության առաջարկով եկել էր Հանրապետության հրապարակ: Հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպելու է Սերժ Սարգսյանի հետ՝ միայն նրա հրաժարականի պայամանները քննարկելու նպատակով:

Ապրիլի 22-ին՝ ընդդիմության ցույցերի 10-րդ օրը, առավոտյան ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայությամբ մեկնարկեց ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Բանակցությունները դեռ չսկսված ավարտվեցին. Փաշինյանը վերջնագիր ներկայացրեց Սարգսյանին, նա էլ հեռացավ: Ընդդիմադիր գործիչը համախոհների հետ շարունակեց քայլերթը դեպի Էրեբունի փողոց:

Էրեբունի-Արցախի փողոց խաչմերուկում ոստիկանության հատուկ ջոկատայինները ձերբակալեցին ԱԺ ԵԼՔ խմբակցության երեք պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրրոզյանին:

Ոստիկանության կողմից բերման ենթարկվողների թիվը օրեցօր աճում էր: Շարժման սկզբում՝ առանձին օրերի բերման ենթարկվածների թիվը հասնում էր մի քանի տասնյակի, իսկ ապրիլի 19-ին այդ թիվը գերազանցեց 100-ը՝ կազմելով 122 բերման ենթարկված: Բերման ենթարկվածների թիվը ռեկորդային էր ապրիլի 22-ին՝ առնվազն 251 հոգի:

Ապրիլի 23-ին՝ հանրային ընդվզման 11-րդ օրը, Սերժ Սարգսյանի հրաժարականից բառացիորեն րոպեներ առաջ շարժմանը միանալու մասին հայտարարություն տարածեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Հանրապետության հրապարակում հրաժարականից ժամեր անց մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը: Այն սկսվեց պաշտոնաթող վարչապետի հայտարարության ընթերցմամբ: «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, քո ցավը տանեմ»,- բղավում էր Նիկոլ Փաշինյանը հարթակից: Նա նաև հայտարեց, որ ապրիլի 25-ի առավոտյան բանակցելու է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլերթը շարժվեց Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ: Ցեղասպանության 103-րդ տարելիցին հուշահամալիր այցելուների թիվն առանձնակի մարդաշատ էր: Ապրիլի 25-ից մեկնարկեց Փաշինյանի հայտարարած «թավշյա» հեղափոխության երկրորդ փուլը. ցուցարարները փողոց դուրս եկան ՀՀԿ-ի և Կարեն Կարապետյանի հեռացման պահանջով:

Կարապետյան-Փաշինյան բանակցությունները չկայացան: «Հրապարակում կան հավաքված մարդիկ, որոնք դժգոհ են ստեղծված իրավիճակից, բայց ինչպե՞ս որոշենք՝ ով է վարչապետի նրանց թեկնածուն», - հայտարարել էր Կարապետյանը: Երկրում այդ օրը շարունակվեցին դասադուլները, գործադուլները բազմահազարանոց երթերը, և ոչ ոք բերման չենթարկվեց:

Մեկը մյուսի հետևից շարժմանը միանալու հայտարարություններ էին տարածում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը: Օրվա երկրորդ կեսին ՀՅԴ-ն դուրս եկավ ՀՀԿ-ի հետ մոտ մեկ տարվա կյանք ունեցած կոալիցիայից, կայացավ Ծառուկյան-Փաշինյան հանդիպումը:

Երեկոյան հանրահավաքի ընթացքում հրապարակն ընտրեց համաժողովրդական թեկնածուին՝ Փաշինյանին: Նրան վարչապետի պաշտոնում է տեսնում նաև ԵԼՔ դաշինքը:

Ապրիլի 26-ին՝ հանրային ընդվզման 13-րդ օրը, «թավշյա» հեղափոխության առաջնորդների պահանջներն անփոփոխ են, իսկ բողոքի զանգվածային միջոցառումները շարունակվում են:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net