Հարվածային գործիքների վրա նվագող և ստեղնահար, ձայնի ճանաչելի տեմբրով մենակատար և կոմպոզիտոր Մանուկյանին իրավամբ ջազի մարդ-նվագախումբ են անվանում իր բազում տաղանդների և ջազ արարելու բացառիկ ունակության համար: Yerevan2800.am-ն օգտվեց առիթից ու ելույթից առաջ մի քանի հարց ուղղեց երաժշտին:
Սերգեյ Մանուկյանը ծնվել է 1955-ի մարտի 15-ին՝ Գրոզնիում: Նրա երաժշտական կարիերան սկսվել է 12 տարեկանում, երբ Մանուկյանը հանդես էր գալիս ջազային նվագախմբերի հետ, նվագում էր թմբուկների վրա Չեչենական Հանրապետության պետական հեռուստառադիոյի նվագախմբում: Հետո սովորել է Գրոզնիի երաժշտական ուսումնարանում հարվածայինների դասարանում, որը 1975-ին ավարտելուց հետո, երկար ժամանակ հանդես է եկել Շիշկինի եռյակի հետ Գորկի քաղաքում (Նիժնի Նովգորոդ): 80-ականների սկզբին Մանուկյանը տեղափոխվել է Տալլին, որտեղ հանդես է եկել «Ավիցեննա» ջազային ռոք-խմբում: Համույթը մասնակցել է ջազ երաժշտության բոլոր համամիութենական ստուգատեսներին և մեծ հաջողություն է ունեցել: Այն ժամանակ էլ Մանուկյանն առաջին անգամ որպես մենակատար հանդես եկավ: Առաջին անգամ այդ դերում նա ներկայացավ հանդիսատեսին 1981-ին՝ Ռիգայի ջազ փառատոնին: Նրա ելույթն ապշեցրեց բոլորին և երաժշտագետ քննադատները միաձայն նրան թիվ մեկ ջազային կատարող հռչակեցին:
Խոսելով իր ստեղծագործական ճանապարհի մասին՝ Մանուկյանը նշեց, որ իր վրա մեծ ազդեցություն են գործել բազում ջազ երաժիշտներ:
«Սերը երաժշտության հանդեպ սերում է դասական երաժշտությունից: Ես չեմ ընկալում երաժշտությունն անուններով, թեև շատ եմ գնահատում մեծագույն երաժիշտներին, սակայն, չեմ անձնավորում: Նրանք երաժշտություն են կատարում, ես էլ եմ ուզում կատարել», - կատակեց երաժիշտը:
Ըստ նրա, երաժշտությունն օժանդակության կարիք ունի. «Պետք է, որ երաժշտությունը լինի, իսկ դրա համար հարկավոր է անել ամենը՝ նյութապես կամ այլ կերպ: Պետք է օգնել մարդկանց, որոնք արարում են այդ երաժշտությունը: Կարևոր չէ, թե ինչպես ես անում դա՝ երգում ես, նվագում, ուղղակի ինչ-որ մեկի համար բարձրախոսն ես պահում: Պետք է նպաստել, որ երաժշտությունը հնչի»:
Մանուկյանը կիսվեց իր ստեղծագործական ծրագրերով՝ նշելով, որ ընթացիկ տարում նոր ալբոմ է ձայնագրելու ստուդիայում:
Խոսելով հայկական ջազի 80-ամյակի մասին՝ երաժիշտն ուրախությամբ նշեց, որ երկրում շատ են տաղանդավոր երիտասարդ ջազ կատարողները:
«Երաժշտությունը ժամանակից վեր է: Երաժշտության համար միևնույն է՝ Խորհրդային Միություն է, թե ազատ Հայաստան: Այն կամ գալիս է, կամ ոչ», - ասաց Մանուկյանը:
Խոսելով ջազի ակտուալացման մասին՝ երաժիշտն ասել է. «Ջազը ձկան է նման: Եթե ձուկն ամբողջությամբ աղապատես, միևնույն է, այնքան աղ կկլանի, որքան պետք է: Այդպես էլ ջազը՝ ընկալում է այն, ինչ պետք է, ավելորդ ոչինչ չի վերցնում»:
Մանուկյանը նաև ընդգծեց, հայերը շատ տաղանդաշատ են երաժշտության ասպարեզում՝ և որպես ունկնդիրներ, և որպես երաժիշտներ:
Խոսելով Հայաստանի մայրաքաղաքի մասին՝ 1991-ից Մոսկվայում բնակվող Մանուկյանը նշեց, որ Երևանը պարուրված է լավ երաժշտությամբ:
«Երևանում ինձ ինչպես տանն եմ զգում: Այստեղ են ապրում քույրերս, զարմուհիս, այստեղ շատ են մարդիկ, որոնց հետ ես ինձ լավ եմ զգում»,- եզրափակեց երաժիշտը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Երևանի նոր թրենդին՝ փոքր փաբերում հնչող ջազին՝ Մանուկյանն ասել է, որ դրական է գնահատում այդ երևույթը:
«Դա ոչ թե ջազն է իջել փաբերի մակարդակին, այլ փաբերն են բարձրացել ջազի մակարդակին»,-ասել է երաժիշտը: