11 հունիսի 2018 - 18:31 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայկական startup՝ ալարկոտ շոփոհոլիկների համար
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
Շոփինգը շատերի սիրելի ժամանցի տեսակն է, սակայն նույնիսկ ստաժավոր շոփոհոլիկները հաճախ ծուլանում են ժամեր շարունակ հագուստ փորձելուց: Իսկ այդ ժամանցը չսիրողներն ընդհանրապես չեն ուզում գնալ խանութներ՝ խուսափելով անհարմար պայմաններում տարբեր հագուստ հագնել-հանելու հոգնեցնող գործընթացից, որը ձմռանը դժվարանում է անհարմար հագնված լինելու, իսկ ամռանը՝ շոգի պատճառով:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում, երբ գրեթե ամեն ինչ կարելի է անել վիրտուալ աշխարհում գաջեթների միջոցով, շոփինգի գործընթացը ևս թվայնացվել է. հագուստ կարելի է գնել առցանց խանութներից: Սակայն ինչպե՞ս համոզվել, որ հագուստը համապատասխան կլինի գնորդին և կսազի նրան: ՀՀ գնորդները դեռ միայն կարող են հույսը դնել ճիշտ չափս ընտրելու և երևակայության վրա:

Հենց այս խնդրի լուծման համար է ստեղծվում Ermire Mirror հայկական ծրագիրը, որը կօգնի մարդկանց սմարթֆոնի միջոցով «փորձել» հագուստը հասկանալու համար՝ որ չափսն է պետք գնել, և արդյոք սազում են գույներն ու ոճը:

PanARMENIAN.Net –ը զրուցել է գաղափարի հեղինակ Նարեկ Գրիգորյանի հետ:

«Երկար տարիներ աշխատել եմ հայկական նորաձևության ոլորտում, ունեցել եմ մեդիա ընկերություն, որը զբաղվել է հայկական նորաձևության լուսաբանմամբ: Սակայն կար խնդիր. հայկական նորաձևությունն առանձնապես հետաքրքրություն չէր վայելում: Եվ իհարկե, երբ երկար ժամանակ աշխատում ես ոլորտում, հասկանում ես դրա հիմքային խնդիրները, ու նոր գաղափարներ են գեներացվում: Ես ինքս ծրագրավորող եմ և մենեջեր մասնագիտությամբ, ծրագրի գաղափարը կար վաղուց սակայն չկար տեխնիկական բազա այն իրականացնելու համար: Մոտ 1 տարի առաջ ես իմ գործընկերոջ՝ Դավիթ Սարիկյանի հետ նկատեցի նախագծի իրականացման որոշակի հնարավորություն: Մոտ մեկ տարի է՝ զբաղվում ենք գիտահետազոտական աշխատանքով տվյալ նախագծի իրականացման համար և արդեն հասել ենք իրականացման փուլին, ունենք որոշակի պատկերացում հետագա քայլերի առումով»,- ասում է Նարեկը:

Նրա խոսքով՝ Ermire Mirror-ը հավելված է, որը հասանելի կլինի բոլոր սմարթ սարքերի համար, բայց հիմնականում թիրախավորելու են սմարթֆոնները: Հավելվածը կունենա հագուստի բազա տարբեր բրենդային խանութներից:

«Հավելվածում առկա ողջ հագուստը հնարավոր կլինի փորձել ուղղակի սմարթֆոնի տեսախցիկի միջոցով: Մենք աշխատում ենք մաքսիմալ ապահովել իրականության զգացումը, այսինքն՝ հավելվածը ոչ թե կհարմարեցնի հագուստը օգտատիրոջը, այլ ցույց կտա հագուստի տեսքն այնպիսին, ինչպիսին այն կլիներ իրականում փորձելու դեպքում»,- նշում է startup-ի հիմնադիրը՝ հավելելով, որ հավելվածը կհուշի օգտատիրոջ չափսերը, սակայն օգտատերը ևս հնարավորություն կունենա դրանք կարգավորելու:

Խոսելով նախագծի իրականացման հետ կապված դժվարություններից, Նարեկը նշում է, որ այժմ դեռ կան որոշակի տեխնիկական խնդիրներ, քանի որ նման նախագիծ իրականացնելու համար անհրաժեշտ են սարքավորման մեծ հզորություններ:

«Ինչ վերաբերում է ժամկետին, կդժվարանամ նշել կոնկրետ ժամկետ, քանի որ մենք հանդիպում ենք բազմաթիվ խոչընդոտների իրականացման ընթացքում: Այնուամենայնիվ կանխատեսում ենք, որ կունենանք որոշակի դեմո տարբերակ այս տարվա ընթացքում, նույնիսկ հնարավոր է բավական շուտով»,- ասում է Նարեկը:

Որպես օրինակ նա տրամադրել է մի տեսանյութ, որը մոտավորապես ցույց է տալիս նմանատիպ հավելվածի գործելու սկզբունքները:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net