5 հուլիսի 2018 - 17:21 AMT
ՀՈԴՎԱԾ
Ամուլսարի «կողմն» ու «դեմը»
Բնապահպանների, «Լիդիանի» ու իշխանության փաստարկները
«Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ջերմուկ առողջանային քաղաքի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը վճռական փուլ է մտել: Հանքի շահագործման շուրջ կրքերը գնալով թեժանում են բնապահպանների, տարածաշրջանի մի շարք համայնքների բնակիչների, ընկերության և դրա աշխատակիցների միջև:

Հանքավայրի շահագործմանը դեմ բնապահպանական և քաղաքացիական շրջանակները շարունակում են արգելափակած պահել դեպի լեռ տանող ճանապարհները, իրենց հերթին, հանքավայրի աշխատակիցները՝ մի շարք բնակիչների հետ, պահանջում են բացել դրանք՝ ապահովելու համար հանքում շինաշխատանքների բնականոն ընթացքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ հուլիսի 6-ի առավոտյան կմեկնի Ջերմուկ՝ «Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»։

Հանքի շահագործման «դեմերն» ու «կողմերը» իրենց պահանջներով դիմել են կառավարությանը, վարչապետին, նախագահին, շրջակա միջավայրի վրա հանքի շահագործման ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություններ են հրապարակել, ներկայացրել իրենց հակափաստարկները: Բնապահպանների ամենամեծ մտահոգություններից մեկը տարածաշրջանի ջրերի աղտոտման վտանգն է թթվային դրենաժի հետևանքով, մինչդեռ «Լիդիան Արմենիայից» պնդում են, որ նման վտանգ չկա: PanARMENIAN.Net-ը մեկտեղել է կողմերի, պատկան մարմինների, ինչպես նաև միջազգային փորձագտների դիրքորոշումները Ամուլսարի հանքի շահագործման և դրա բնապահպանական ու տնտեսական ազդեցության վերաբերյալ:

Ինչ է թթվային դրենաժը

Թթվային դրենաժը ոսկու, արծաթի, պղնձի և այլ մետաղների հանքերից առաջացող թթու է. հանքավայրերի ապարները հաճախ բավականին հարուստ են լինում սուլֆիդային կոչվող միներալներով, որոնք հանքարդյունահանման ընթացքում «մերկանում են» և ընկնում ջրի ու օդի անմիջական ներգործության տակ, ինչի արդյունքում ձևավորվում է ծծմբական թթու։ Դրենաժի արդյունքում առաջացած թթվի մեջ լուծվում են ապարների մեջ առկա տարբեր ծանր և վնասակար մետաղներ՝ ինչպես օրինակ մկնդեղը կամ կապարը։ Մետաղների արդյունահանման ժամանակ հանքերի թթվային դրենաժը կարող է առաջանալ ամենուր, որտեղ սուլֆիդները ենթարկվում են օդի և ջրի ազդեցությանը։ Թթվային դրենաժի հատկապես վնասակար հատկանիշներից մեկն այն է, որ հանքարդյունահանումն ավարտելուց հետո էլ այն շարունակում է աղտոտել ջուրը տասնյակ, նույնիսկ հարյուրավոր տարիներ:

Բնապահպանները՝ հետևանքների մասին

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը, որը հանքի շահագործման դեմ շարժման ակտիվիստներից է, հղում կատարելով սեփական և միջազգային փորձագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների, պնդում է՝ որ «աշխարհում չկա մետաղական բաց հանքի գեթ մեկ օրինակ, որտեղ մեծածավալ թթվային դրենաժի առաջացումից հետո հնարավոր է եղել այն դադարեցնել»:

Նշվում է, որ «Լիդիան Արմենիայի» կողմից թեստավորված հանքաքարի ու դատարկ ապարների գրեթե բոլոր նմուշները պոտենցիալ առումով թթու առաջացնող են. թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ Ամուլսարում կորզումից հետո մնացած ապարներից և կոշտ թափոններից արտահոսքում «առկա կլինեն ծարիրի, մկնդեղի, պղնձի և ցինկի բարձր կոնցենտրացիաներ»:

«Հանքի շահագործման արդյունքում մակերևութային և ստորգետնյա ջրերն աղտոտվելու են թթվային դրենաժով, ինչն աղետալի սպառնալիք է ներկայացնում Հայաստանի կենտրոնական ու հարավային շրջանների համար, իսկ ֆինանսական իմաստով՝ պետության համար անհաղթահարելի ծախս», -նշված է ՀԲՃ հրապարակումներից մեկում:

«Լիդիան Արմենիայի» հակափաստարկը

«Լիդիան Արմենիա» ընկերության Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մեջ նշվում է, որ Ամուլսարի հանքից հանվելիք ապարներից «միայն դատարկ (թափոն դարձած) ապարներն ունեն թթվագոյացման ներուժ՝ այն էլ չնչին ծավալներով, ինչի արդյունքում թթվային ապարների դրենաժի կառավարումը խնդիրներ չի առաջացնի»։ Նշվում է, որ ողջ հանքաքարն օքսիդացած է, ինչը ենթադրում է, որ ապարները չեն աղտոտի տարածքի քաղցրահամ աղբյուրները, ստորերկրյա և մակերևույթային ջրերը։

«Ամուլսարի հանքավայրը ունի ջրաերկրաբանական առանձնացված (ավտոնոմ) պայմաններ, և ոչ մի կերպ կապված չէ հարակից շրջանների հանքային և քաղցրահամ ջրերի հանքավայրերի, աղբյուրների հետ, հատկապես և առավել ևս` Ջերմուկի հանքային ջրերի հանքավայրի հետ», - նշում է ընկերությունը:

Ինչ են ասում միջազգային փորձագետները

Միջազգային չորս փորձագետ (Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից) 2018 թվականի մայիսի 16-ին հրապարակել են ամփոփիչ եզրակացություն Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերի վերաբերյալ. զեկույցի համաձայն, մի շարք բացթողումներ կան, որոնք «չշտկելու դեպքում Հայաստանի կառավարությունը և քաղաքացիները պետք է դադարեցնեն ծրագրի առաջխաղացումը»:

«Ամուլսարի ոսկու ծրագիրը բարձր ռիսկ է ներկայացնում տասնամյակներ և ավելի տևող թթվային դրենաժի առաջացման և աղտոտիչների արտազատման առումով, ինչը պայմանավորված է դատարկ ապարներին և հանքաքարին բնորոշ նկարագրով և տեղադրմամբ, երկրաքիմիական անբավարար գնահատումով, ջրի որակի ոչ ադեկվատ կանխատեսումներով, ազդեցությունը մեղմացնող միջոցառումների չափից դուրս լավատեսությամբ և «Լիդիան Արմենիայի» անփորձությամբ», - նշվում է եզրակացության մեջ:

Տնտեսություն և բնություն

Ամուլսարի հանքի նախագիծը համարվում է ՀՀ-ի ամենախոշոր ներդրումային նախագծերից մեկը. հանքի շինարարության ընթացքում ներդրվելու է $370 մլն, իսկ շահագործման համար՝ $200 մլն: Ընկերությունը պատրաստվում է 1300 աշխատեղ ապահովել շինաշխատանքների ընթացքում, իսկ հանքի շահագործման համար կբացվի 700 աշխատատեղ: Ընկերության ներկայացրած՝ Ամուլսարում ոսկու պաշարների ծավալների մասին տեղեկատվությունը փոխվում է. սկզբում նշվում էր, որ ոսկու ծավալը կազմում է 17-50 տոննա, իսկ այժմ շրջանառվում է 70 տոննայի մասին տեղեկությունը: Սրան զուգահեռ, հանրությանը հասանելի չէ ընկերության ծրագիր-նախագիծը, և Ամուլսարում ոսկու իրական պաշարների մասին հստակ տեղեկություն չկա:

Սա հանքի շահագործման դեմ պայքարող շրջանակների մոտ մտահոգություն է առաջացնում, որ հնարավոր է՝ Ամուլսարում ոսկու իրական պաշարները չեն արդարացնելու նախագծի ծախսը և չեն բերելու այնքան շահույթ, որն ուզում են ստանալ առողջանային քաղաքը հանաքավայրի վերածելու գնով:

Վարչապետն ասում է՝ սպասեք, նախագահն ասում է՝ կապ չունի

Ամուլսարի դեպքերին անդրադարձել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով դադարեցնել անհնազանդության գործողություններն այնտեղ և հավելելով, որ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:

«Ես չեմ հասկանում Ամուլսարում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության նպատակը։ Ես կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության գործողությունները և հնարավորություն տալ կառավարությանը որոշում կայացնել փաստերի հիման վրա», -ասել էր Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ պատասխանելով «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակին՝ անդրադաձել էր իր առնչությանը «Լիդիան Ինթերնեյշընըլ» ԲԲԸ-ին: Նամակում նա նշել էր, որ ընդգրկված է եղել «հասարակական հիմունքներով` որպես անկախ անդամ` Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանի խնդրանքով, նշյալ ընկերության և Հայաստանի կառավարության հարաբերությունները կարգավորելու նպատակով»:

Հատկանշական է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կարևորել էր Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիայի» միջազգային խոշոր ներդրումային ծրագրի շարունակականությունը:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net