18 օգոստոսի 2018 - 10:46 AMT
ՀՈԴՎԱԾ
Սահմանադրական փոփոխություններ, անցումային արդարադատություն
Փաշինյանի ելույթի հիմնական դրույթները
Օգոսոտոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած բազմամարդ հանրահավաքը՝ նվիրված նոր կառավարության գործունեության 100 օրվան: Փաշինյանն ամփոփել է կատարված աշխատանքը, ներկայացրել առաջիկա անելիքները, անդրադարձել հանրային հնչեղություն ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին: PanARMENIAN.Net – ը ներկայացնում է վարչապետի ելույթի կարևոր դրույթները:

Սահմանադրական փոփոխությունների մասին

«Մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ մայիս, պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Հիմա, ըստ էության, սահմանադրական հնարավորությունը հետևյալն է, որ ես որպես վարչապետ հրաժարական տամ, և խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել, թե թողնենք հրաժարական տա, հետո արագ ուրիշ վարչապետ կընտրենք: Նախ ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց քանի որ չեն հասկանում, մենք կանենք հետևյալը՝ կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որոնց իմաստը կլինի հետևյալը. ԱԺ արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի դեպքում, այլև ԱԺ-ն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին:

Այդ փոփոխությունները պետք է ընդունի հենց այդ ԱԺ-ն, և դա տեղի կունենա միայն, երբ ՀՀ քաղաքացիները ձևակերպեն դա որպես հստակ պահանջ, երբ դուք դա ձևակերպեք, մենք դրա իրականացումը կապահովենք խորհրդարանում: Ես մի անգամ ևս ՀՀԿ-ականներին ու նրանց արբանյակներին խորհուրդ եմ տալիս՝ «Սատանի մայլում քյանդրբազություն չանել»։

Անցումային արդարադատության և 50%-ների մասին

«Մենք մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով՝ առաջիկայում լուրջ քննարկելու և որոշելու ենք, թե արդյոք չպետք է մտածենք անցումային արդադատության մարմիններ ստեղծելու մասին: Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությունը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ պրոբլեմներ, օրինակ՝ «Ապօրինի հարստացման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ից, և ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել:

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր՝ միայն մեկ հաշվեհամարում (այստեղից ոչ հեռու գտնվող մի բանկում) հայտնաբերվել է $30 մլն: Երեկ մեկը կար, ասում էր՝ բա չե՞ն հարցնելու՝ ո՞ւր են չգիտեմ ում 50%-ները: Հարցնելու ենք, և մենք ենք հարցնելու, չկասկածեք: Ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է մինչև վերջ:

ՀՀ այսօրվա օրենսդրությամբ դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը երկար տարիներ պաշտոնյա չի եղել, հետևաբար հայտարարագիր չի ներկայացրել, և ֆորմալ կան դժվարություններ այդ գոմարը հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավելու: Այս է պատճառը, որ կարծում եմ՝ լրջորեն պիտի մտածենք անցումային արդարադտության նոր մարմիններ ձևավորելու մասին:

Բայց դա հանկարծ չշփոթեք արտակարգ դատարանների հետ, անցումային մարմինները միջազգային քաղաքակիրթ հանրությանը հայտնի մարմիններ են, և շատ երկրներ անցել են այդ ճանապարհը, որը ողջունվում է միջազգային հանրության կողմից: Այսօր բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և գործընկեր պետություններ պատրաստակամություն են հայտնում, որ մեզ ու ձեզ կաջակցեն օտար պետոթյուններում և օֆշորային գոտիներում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած ակտիվները բացահայտելու, սառեցնելու և Հայաստան վերադարձնելու հարցով:

Եվ մենք պետք է ամեն ինչ անենք այդ գործիքից արդյունավետ օգտվելու համար: Հիմա շատերը, որ հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են, որ իրենց տեղը բանտում է, սկսել են իրենք իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, քաղաքական հետապնդումների զոհ: Որևէ մեկը չի հարցնում՝ բա որ քաղաքական հետանդումների զոհ եք, բա հիմա ի՞նչ գործ ունեք ազատության մեջ, թե՞ ձեզ թվում է՝ մենք դատավորներին զանգելու ձևերը չգիտենք:

Մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից, և ես հպարտ եմ դրա համար, բայց դա չի նշանակում, թե որևէ մեկին թույլ ենք տալու խուսափել պատասխանատվությունցի, առավելևս բացառում ենք, որ որևէ մեկը կխուսափի Մարտի 1-ի տասը քաղաքացիներին սպանելու և Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել այդպիսի բան: Նստելու եք բոլոր մարդասպաններով, և սա ես լիազորված եմ հայտարարել ՀՀ ժողովրդի անունից:

Այսօր ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր հանրապետության դատավորների մի զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին, որ այսօր Հայաստանում գործող բազմաթիվ դատավորներ հենց իրենք եղել են կոռուպցիոն համակարգի մասը: Եվ այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակվում է շատ խորը մնալ: Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, և մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին միջամտելու գայթակղությանը, բայց ուզում եմ ասել, որ առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Բայց մյուս կողմից ուզում եմ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից:

Նախորդ իշխանության ներկայացուցիչներին և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ուզում եմ ասել՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»:

Մարտի 1-ի մասին

«Բոլորդ լսել եք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները, և իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևայլն է՝ ըստ էության, Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ չկա տարբերակ, որ ոճրագործներից, դրանց պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից»:

Ժողովուրդը՝ ՀՀ բարձրագույն իշխանություն

«Այս քաղաքական իրավիճակի չհասկացվածության պատճառն այն է, որ դեռևս ոմանք Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին խոսելիս օգտագործում են «կոալիցիա, կոալիցիոն իշխանություն, խորհրդարանական մեծամասնություն» հասկացությունները: ՀՀ-ում չկա կոալիցիա, խորհրդարանական մեծամասնություն, ՀՀ-ում կա ժողովուրդ, բարձրագույն իշխանությունը պատկանում է ուղիղ ժողովրդին, և ժողովուրդն իրականացում է ուղիղ կառավարում: Հենց սա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը: Հեղափոխական այս հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին։ Նշանակում է, որ կառավարությունը ինչպես ձևավորվել է այս հրապարակում, այնպես էլ սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, ենթարկվում է այս հրապարակին: Մենք ՀՀ քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի հավաքվենք այս հրապարակով և կառավարությանը լիազորենք կամ արգելենք իրականցնել այս կամ այն գործողությունը:

Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է մի իրավակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում՝ ուղիղ ժողովրդաիշխանություն: Առաջիկայում մենք մեր ջանքերով պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, և բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով՝ ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներ»։

Տնտեսական նոր՝ներառող մոդել

Շատ է խոսվել, որ Հայաստանից միլիոնավոր դոլարներ են արտահոսում են, և դա համապատասխանում էր իրականությանը, բայց այսօր պաշտոնապես ասում եմ, որ ներհոսած գումարները 116 մլրդ դրամով գերազանցել են դուրս եկած գումարներին։ Երեք ամսում հարկային մարմինները նախորդ տարվա համեմատ 28 մլրդ դրամով ավելի շատ հարկ են հավաքել։

Քաղաքական հաղթանակներից հետո թևակոխել ենք տնտեսական հաջողությունների ժամանակշրջան։ Տնտեսական աճի հին մոդելում չենք մնալու։ Մենք ստեղծելու ենք ներառող տնտեսական համակարգ։ Սա նշանակում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ունենալու են տնտեսական գործուենության հավասար հնարավորությունները։ Հայաստանում 40 րոպեում վերացրել ենք տնտեսական մենաշնորհները:

Սովորաբար հեղափոխություններից հետո լինում են տնտեսական ցնցումներ։ Կանխատեսում էին, թե հեղափոխությունից հետո Հայաստանը մտնելու է տնտեսական անկման փուլ։ Մեր հեղափոխությունը բացառիկ է այն առումով, որ դրան չհետևեց տնտեսական անկում, ընդհակառակը՝ արձանագրվում են տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ: Հունիսին գրանվել է 9,6% տնտեսական ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 8,9%, և կա բոլոր հիմքերը պնդելու, որ ՀՀ-ում այդ ցուցանիշը շարունակելու է աճել»:

Պետական համակարգի զգալի օպտիմալացում

«Մենք պատրաստվում ենք լուծել պետական կառավարման արդյունավետության խնդիրը, քանի որ այն ծախսում է պետական բյուջեի հսկայական մասը, մենք կարծում ենք, որ ՀՀ-ում չպետք է լինի 17 նախարարություն և դրանց թիվը պետք է էականորեն կրճատվի»։

Թալանչիներին բացահայտելու մասին

«Մեր կառավարության ամենակարոր ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացահայտելու ենք ՀՀ բոլոր թալանչիներին, և մենք հերթով բացահայտում ենք նրանց: Բայց կոռուպցիայի դեմ պայքարում մեր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզանից գողացված գումարները լումա ռա լումա վերադարձնելը ժողովրդին և պետությանը: Իհարկե, այսօր արդեն տասնյակ միլիոնավոր գողացված դոլարները վերադարձվել են պետությանը, բայց ունենք իրավիճակ, երբ իրավապահներն աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ, բացի դա՝ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում, թե արդյո՞ք մեր գործող դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև բարոյապես ի վիճակի է իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար»:

Հողերը հանձնողների և Ադրբեջանին՝ ջախջախիչ հարվածի մասին

«Փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են գնում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են բացում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Պատկերացնո՞ւմ եք՝ ես Ղարաբաղի հարցով դեռ մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, ով ինչ է խոսել: Տո ա՛յ երկիր թալանածներ, տո ա՛յ բանակ թալանածներ, տո ա՛յ զինվորին թալանածներ, տո ա՛յ սերմացու գողացող մկներ…

Ես ասել եմ, որ պատրաստ եմ Ղարաբաղի հարցով լիարժեք բանակցել ՀՀ անունից, բայց Արցախի անունից պիտի բանակցեն Արցախի իշխանությունները, բայց նաև ասեմ, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքին:

Բայց, մենք նաև պատերազմ չենք ուզում, մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, հասնել խաղաղ կարգավորման: Բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցը լուծողը կառավարությունը չէ՝ ժողովուրդն է, և եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ես ինքս կհավատամ, կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, կգամ կկանգնեմ այստեղ՝ բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակին թե՝ ոչ, կորոշեք՝ գնում ենք, կգնանք, կորոշեք, որ չենք գնում, չենք գնա»։

ՀՀ ավելի շատ գալիս են, քան գնում

«Իմ վարչապետ ընտրվելուց հետո Հայաստան ավելի շատ գալիս են, քան հեռանում, ինչը կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ: Այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ՀՀ ժամանածների թիվը մոտ 30000-ով գերազանցել է մեկնածների թվին»։

Քաղաքացիական պատերազմով սպառնացողներով կզբաղվի ԱԱԾ-ն

«Հիմա էլ դուրս են եկել մարդիկ, որ սկսել են խոսել, թե Հայաստանում կարող է քաղաքացիական պատերազմ լինել: Տո՛ քաղաքացիական պատերազմ կարող է միայն լինել ձեր օֆիսների ներսում, դուք քանի՞ քաղաքացու աջակցություն ունեք, որ մի հատ էլ քաղաքացիական պատերազմ լինի՝ 17 հատ նախկին կոռուպցիոներ, 22 հատ էլ ֆեյք: Սա է ձեր քաղաքացիական աջակցությունը: Եվ եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնաց, իրենով ԱԱԾ-ն է զբաղվելու»։

Հայ-ռուսական հարաբերություններy գնալով ավելի լավանալու են

Վերջին շրջանում՝ ինչ ասես հայ-ռուսական հարաբերությունների մասին ասում են: Այսօր ՀՀԿ-ականներից մեկը համարյա արցունք էր թափում՝ վա՜խ, ինչքան վատ են հայ-ռուսական հարաբերությունները: Այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի ծիծաղելի է: Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպել եմ ՌԴ նախագահ Պուտինի հետ, և երեք անգամ հեռախոսազրույց եմ ունեցել, կարող եմ միանշանակ ասել՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլևս ի հեճուկս ՀՀԿ-ականների՝ լա՛վ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են:

Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերսներ չեն լինելու, և մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է և այդ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը:

Համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո, դուք բոլորդ կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որ աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության մեջ, լինելու է կոնկրետ ապացույց, որ մենք հետևողականորեն գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»։

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net