11 մարտի 2019 - 13:51 AMT
ՀՈԴՎԱԾ
Ռենեսանսի «վերածնունդը» Երևանում
Նկարչուհին կտավների հերոսներին տեղափոխում է գրասենյակ, բար ու լողափ
Սոցցանցերի հայկական հատվածում տարածում են ստացել հետաքրքիր կոլաժներ, որտեղ դասական գեղանկարչության հայտնի հերոսները ներկայացված են ժամանակակից պայմաններում՝ գրասենյակում, բարում, նորաձևության հարթակում, լողափում:

Այդ զվարճալի և սարկաստիկ կոլաժների հեղինակը պատկերազարդող դիզայներ Ալլա Մինգալյովան է: Նկարչուհին ծնունդով Ղրիմից է, սակայն, արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում և աշխատում է Երևանում:

PanARMENIAN.Net-ը զրուցել է երիտասարդ նկարչուհու հետ նրա հոբբիի և ապագայի ծրագրերի մասին:

«Ինչ ինձ հիշում եմ՝ նկարում եմ, բայց Ռենեսանսի կտավներով կոլաժներն անում եմ մեկ տարուց մի փոքր ավելի: Ես դա լավ գաղափար համարեցի՝ հին կտավների հերոսներին ներկայացնել ժամանակակից կյանքում՝ համեմելով դա հումորով ու սարկազմով»,-պատմում է Ալլան և հավելում. «Մի քանիսը շատ լավ են ստացվել»:

Եվ իրոք, Վերածննդի դարաշրջանի կտավների կերպարները շատ լավ են համադրվել արդիական իրողությունների հետ: Մարգերիտ Ժերարի, Լեոնարդո դա Վինչիի, Ջոն Ուիլյամ Գոդվարդի, Յան Վերմեերի և այլ նկարիչների հերոսները բար են գնում, արևայրուք ստանում, մեքենա վարում և դեֆիլեի մասնակցում:

Կոլաժների մեծ մասը Երևանում է ստեղծվել, «օֆիսային պատմությունները» կատարվում են այն գրասենյակում, որտեղ Ալլան աշխատում է, որոշ կոլաժներում նույնիսկ նրա գործընկերները կան:

Ինչպես նշում է Ալլան, ինքը հայկական արմատներ չունի, սակայն «Հայաստանը սիրում է ամբողջ սրտով»:

Հատկապես ուշագրավ է նրա վերջին ստեղծագործությունը՝ «Ալֆա-որձերը» կոլաժը:

«Վաղուց էի ցանկանում այդ կոլաժն անել, բայց անհրաժեշտ կերպարներին չէի գտնում: Այստեղ միայն բարձր երաժշտությունն է պակասում»,-կատակում է նկարչուհին:

Այն դիտարկմանը, որ կոլաժը բավականին արդիական է Հայաստանի պարագայում, նկարչուհին պատասխանել է, որ նման իրավիճակների ականատես եղել է. «Թեև իրականում ես հայերին չեմ նկատի ունեցել, մեզ մոտ՝ Ղրիմում, նույն իրավիճակն է»:

Ալլան նաև մի շարք ունի կինոյի մասին, որտեղ միավորում է Հոլիվուդն ու խորհրդային ֆիլմերը:

Ալլան հավելել է, որ ի սկզբանե մտադրված չի եղել կոլաժներ ստեղծել, դա նրա հոբբին է:

«Ցուցահանդես կուզենայի ունենալ, բայց քանի որ ի սկզբանե այդ աշխատանքները նախատեսված չեն եղել լայնաֆորմատ տպագրության համար, դրանք փոքր են տպագիր ցուցահանդեսի համար, իսկ համացանցի համար՝ իսկականն են»,-ասել է նկարչուհին՝ խոստանալով շարունակել աշխատանքը հոբբիի վրա:

«Դեռ բազում չիրականացված գաղափարներ կան»,-հավելել է նա:

Ալլա Մինգալյովայի մյուս կոլաժները կարելի է տեսնել նրա Instagram-ի էջում:

Յուլիանա Լալաբեկովա/PanARMENIAN.Net