24 մայիսի 2019 - 17:14 AMT
ՀՈԴՎԱԾ
Որքան գումար ունեն դատական իշխանության անդամները
Բոլորի գումարները՝ մեկ տեղում
ՀՀ-ում դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը հանրության ուշադրությունն է սևեռել ոչ միայն դատավորների գործունեության, կայացրած վճիռների, այլ նաև ունեցվածքի վրա: PanARMENIAN.Net-ը մեկտեղել է ՀՀ-ում գործող դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների դրամական միջոցների մասին տեղեկությունները՝ պարզության համար, բոլոր տարադրամներն ԱՄՆ դոլարի վերածելով:

2017-2019 թվականներին ներկայացրած հայտարարագրերի համաձայն, Հայաստանում գործող դատավորները, ԲԴԽ անդամներն և նրանց հետ փոխկապակցված անձինք (կանայք, զավակները) միասին ունեն $15.719 մլն-ի դրամական միջոց՝ չհաշված բնակարանները, առանձնատները, հողակտորները, մեքենաները և այլ գույքը:

Ստացվում է, որ ՀՀ-ում մեկ դատավորը ունի միջինում $66,050: Սակայն տարբեր դատավորների հայտարարագրած դրամական միջոցները անհավասարաչափ են:

Օրինակ, դատավորներից 50-ը՝ իրենց հետ փոխկապակցաված անձանց հետ միասին, $100,000-ից ավելի դրամական միջոցներ է հայտարարգրել: Նրանք բոլորն ընդհանուր առմամբ ունեն $10.572 մլն, միջինում՝ մոտ $183,000:

Ամենահարուստ դատավորը ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն է, որը պաշտոնավարում է 2013 թվականից: Հարությունյանի հայրը ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրգորի Հարությունյանն է, իսկ Ռուսաստանի Դաշնությունից ապաստան հայցող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն էլ Հարությունյանի հորաքրոջ որդին է:

Հաջորդիվ՝ ամենահարուստ (հայտարարագրված գումարի քանակով) 10դատավորի ունեցվածքի մի մասը։

Made with Flourish

Դատական իշխանությունից ամենից շատ դրամական միջոցներ ունեցողը ԲԴԽ անդամ Հայկ Հովհանիսյանն է. նա իրեն փոխկապակցված անձանց հետ միասին ունի մոտ $780,000: Հարկ է նշել, սակայն, որ Հովհաննիսյանը ԲԴԽ անդամ է դարձել միայն 2018 թվականի փետրվարի 28-ին և նախքան այդ չի զբաղեցրել պետական որևէ պաշտոն: Առհասարակ, ցանկը նվիրված է դատական իշխանության ներկայացուցիչների ունեցվածի ծավալներին, ոչ թե դրա ծագման օրինականությանը։

58 դատավորի դրամական կարողությունը $20,000-$50,000 է, ընդհանուր առմամբ, այդ խումբն ունի ավելի քան $1.91 մլն: 37 հոգու դրամական կարողությունը $50,000-$100,000 է, ընդհանուր առմամբ, նրանք բոլորն ունեն $2.522 մլն: Մինչև $20,000 ունի 74 դատավոր՝ իրենց փոխկապակցված անձանց հետ։ Ամենաաղքատ խմբի ընդհանուր դրամական կարողությունը կազմում է $1.299 մլն:

Հաջորդիվ՝ բոլոր դատավորների ու ԲԴԽ անդամների ու փոխկապակցված անձանց դրամական միջոցները։ Պահեք մկնիկը գնդիկի վրա՝ գումարը տեսնելու համար։

Made with Flourish

Վիճակագրական տվյալները կազմելիս ուսումնասիրել ենք դատավորների և ԲԴԽ անդամների վերջին տարեկան և պաշտոնը ստանձնելու պահին եղած հայտարարագրերը, ինչպես նաև փոխկապակվցած անձանց հայտարարագրերը։ Առայժմ հրապարակել ենք միայն դրամական միջոցների մասին առկա տվյալները՝ առանց անշարժ ու շարժական գույքին անդրադառնալու։ Առկա տվյալներն ամբողջական պատկեր կազմելու հնարավորություն, այնուամենայնիվ, չեն տալիս, քանի որ պաշտոնյաների գումարի շարժը չեն արտացոլում (այսպես, այժմ մեղադրյալ դատավոր Գագիկ Հեբոյանը տարեսկզբին $85,000, տարեվերջին՝ ընդամենը $80 ուներ, ինչպես է ծախսվել գումարը՝ պարզ չէ): Ուստի մեր ներկայացրած տվյալները խիստ մոտավոր են։

Նկատենք նաև, որ որոշները, որոնք շատ վաղուց են համակարգում ու պաշտոնից պաշտոն չեն անցնում, կամ զրոյական դրամական միջոցներով հայտարարագրեր են ներկայացրել, կամ էլ չեն նշել որևէ ունեցվածք: Պատճառն այն է, որ ՀՀ-ում պաշտոնյաներին՝ այդ թվում նաև դատական համակարգից, կարողության վերաբերյալ հայտարարագրի ներկայացման պարտադիր պահանջը գործում է 2011 թվականից, ինչը համակարգի որոշ հնաբնակներին հնարավորություն է տալիս չհայտարարագել մինչև այդ ձեռքբերված գույքն ու կուտակած դրամագլուխները: Բանն այն է, որ տարեկան հայտարարագրերում ներկայացվում է գույքի ու դրամական միջոցների շարժը, իսկ գույքի և դրամական ունեցվածքի մասին ամբողջական տեղեկատվություն ներկայացվում է միայն նոր պաշտոնի անցնելիս կամ պաշտոնից հեռանալիս։

Դրամական միջոցներ չունի կամ էլ չի հայտարարագրել 19 դատավոր՝ Սամվել Օհանյանը, Ռուզաննա Բարսեղյանը, Արթուր Ծատուրյանը, Սամվել Հովակիմյանը, Գևորգ Սոսյանը, Գևորգ Նարինյանը, Արմեն Բեկթաշյանը, Արմեն Վարդապետյանը, Սիմիզար Հովսեփյանը, Արմենուհի Բադիրյանը, Իշխան Բարսեղյանը, Արսեն Մկրտչյանը, Արիստակես Սիսակյանը, Վարդան Ստափանյանը, Աշոտ Խաչիկյանը, Իվան Բաղմանյանը, Սիմա Իսկանդարյանը, Հրանտ Նազարյանը:

Նիկոլայ Թորոսյան, Նանե Մանասյան / PanARMENIAN.Net