19 դեկտեմբերի 2019 - 15:02 AMT
ՀՈԴՎԱԾ
Ինչպես 4 զավակ ու թոռներ ունեցող կինը դարձավ 10-ամյա աղջկա խնամատարը
Ընտանեկան կյանք՝ մանկատան սաներին
Առանց արյունակցական կապի, բայց մեկ ընտանիքի պես: Խնամատարության ինստիտուտը Հայաստանում ցանկանում են զարգացնել՝ մանկատների ու գիշերօթիկների փակմանը զուգընթաց:

4 զավակի մայր տիկին Անիչկան որդիներին ու դստերն ամուսնացնելուց հետո որոշել է իր մայրական խնամքի տակ առնել 10-ամյա Լիլիթին (անունը փոխված է):

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դպրոցին կից խանութում առևտուր էի անում, ծնողներ եկան, համագյուղացիներ՝ հուզված ու լացած: Ինձ թվաց ինչ-որ արտառոց դեպք է պատահել, բայց ո՛չ, ասացին՝ լսել են խնամատարության ծրագրի մասին»,- ասում է Անիչկան:

Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը «Վորլդ Վիժն Հայաստան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երեխաների խնամքի և պաշտպանության ոլորտում որակյալ համայնքային ծառայությունների համակարգի ձևավորմանը։

Տիկինը հետաքրքրվել է ծրագրով ու որոշել՝ ևս մեկ աղջիկ ունենալ: Հաճախել է դասերի, պատրաստվել ու հյուրընկալել Լիլիթին: Ասում է՝ իր վրա ամենից շատ ազդել են երեխաների պատմությունները: Ինքը եկել է, պատմել ընտանիքին, ընտանիքով որոշել են խնամատար ընտանիք դառնալ: Անիչկան ասում է՝ շրջապատում էլ են դրական վերաբերել այդ որոշմանը:

«Լիլիթը որ եկավ, իրա այդ անկառավարելիությունն էր ինձ զայրացնում, երևի դա տարիքային էր: Հետո կամաց-կամաց, ասել խոսելով, դաստիարակելով, Լիլիթը դարձավ մեր ընտանիքի անդամը»,-ասում է տիկին Անիչկան:

Մեկ տարուց ավելի 4 զավակների մայրը մասնակցել է դասընթացների ու պատրաստվել խնամատար ծնող դառնալուն: Սկզբնական դժվարություններն արդեն անցյալում են, Լիլիթը հարմարվել է նոր ընտանիքին ու ընտանեկան կյանքին:

«Կասես՝ էս երեխեն ոչ դրսից ա, ոչ ինչ-որ խնդիրներ ա ունեցել: Երբ 1.5 տարի առաջ ինքը եկավ մանկատնից, երրորդ դասարան էր, բայց տառերը, թվերը չգիտեր: էսօր նա ռուսերեն գիտի, անգլերեն գիտի, գրել-կարդա գիտի: Ինքն էլ է զարմանում իրա գիտելիքների վրա,-ասում է Անիչկան:

Տիկին Անիչկան չգիտի՝ ովքեր ու ինչպես են պատկերացնում խնամատարության ինստիտուտի հետագա զարգացումը, բայց առաջարկում է Լիլիթ օրինակով հասկանալ՝ ինչպես է փոխվում երեխան ու ինչ է փոխվում նրա կյանքում:

«Սարեր-ձորեր կա, էնտեղ ինչքան ուզում է լավ պահեն, մի դատիարակը չի կարող էդքան երեխային սեր, դաստիարակություն տալ: Չի կարող պատրաստել կյանք մտնելուն:

Ընտանիքում է ջերմությյուն տեսնում: Էնտեղ շատ բան կասեն, շատ բաներ կլսի, բայց մինչև փաստացի չտեսնի...»,- ասում է տիկին Անիչկան ու ավելացնում՝ ընտանեկան ջերմությունից բացի՝ երեխան համակեցության կանոն է սովորում ու «աչքը կարոտ» չի լինում:

Այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լրամշակում է նախագիծ, որով առաջարկվում է լուծարել Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու գիշերօթիկ և Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունները և դրանց հատկացվող դրամական միջոցներով ավելացնել երեխաների խնամքի ճգնաժամային կենտրոններն ու խնամատար ընտանիքների թիվն ու տրամադրվող նյութական աջակցությունը։

«Հայ օգնության ֆոնդի» երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանն ասում է՝ խնամատարության ինստիտուտը Հայաստանում նորություն չէ, այն ընդունված էր ու խրախուսելի հատկապես Առաջին հանարպետության տարիներին. հայ ընտանիքները պատվաբեր էին համարում իրենց կենսաբանական զավակներից բացի՝ ունենալ նաև իրենց խնամքի տակ գտնվող երեխաներ: Անտոնյանը նշում է՝ իրենց փորձը ցույց է տալիս, որ գործընթացը ճիշտ կազմակերպելու դեպքում ընտանիքում ապրելու հնարավարություն կտրվի ավելի շատ թվով երեխաների:

1 երեխայի համար պետությունը խնամատար ընտանիքին յուրաքանչյուր ամիս հատկացնում է մոտ 130.000 դրամ: Ընդհանուր առմամբ, 2005թ.-ից առ այսօր Հայաստանում խնամատար ընտանիքներում խնամք և պաշտպանություն են ստացել շուրջ 95 երեխա։

Միրա Անտոնյանը նշում է՝ խնամատարության սկզբունքը կամավոր է՝ եթե երեխան ցանկանա հեռանալ՝ կգնա, կգա՝ երբ ցանկանա:

«Մեծ շեշտադրումն այն է, որ բոլոր հնարավոր դեպքերում երեխաները վերամիավորվեն իրենց ընտանիքին: Եթե երեխաները չունեն ընտանիք կամ չեն ցանկանում միավորվել, ցանկալի է, որ նրանք խնամատար ընտանիքում ապրեն, ընտանիքում ապրելու հնարավորություն ունենան: Դիլիջան և Բյուրեղավան հաստատություններում մեկ դեպք անգամ չկար, որ չէր կարող միավորվել իր ընտանիքի հետ: Հետևաբար այդտեղ խնամատարույթունը գործ չունի: Գյումրիի 2 հաստատություններում մոտ 40-42 դեպք կա, որ ընտանիքները չեն ուզում կամ պատրաստ չեն վերցնելու իրենց երեխային: Այս երեխաները 6 ամիս կշարունակեն դեռ լինել գիշերօթիկներից մեկում: Եթե հնարավոր լինի նրանց վերադարձնել կենսաբանական ընտանիք, մենք կաջակցենք: Միայն կենսաբանական ընտանիք տեղափոխվելու անհնարինությունից հետո, նրանք կտեղափոխվեն խնամատար ընտանիք»,-ասում է Անտոնյանը:

Ընտանեկան ջերմության, ծնողական ուշադրության և ընտանիքում կենցաղավարելու դրական կողմերից բացի՝ խնամատարությունն, ինչպես ցանկացած նոր գործընթաց, ունի նաև դժվարություններ, և ամեն ինչ հարթ ու հեշտ ընթանալ չի կարող: Զգացական հարցերից մինչև առօրյա խնդիրներ՝ ամեն ինչ հաղթահարել է պետք. խնամատար ծնողը միշտ պետք է հիշի, որ երեխան կենսաբանական ծնողներ ունենալու դեպքում կարող է տեսնվել նրանց հետ, տարիներ շարունակ իրենց հետ ապրելուց հետո, հեռանալ՝ չափահաս դառնալուն պես: Հենց դրա համար խնամատար ընտանիքը մինչև երեխայի խնամքը ստանձնելը նախ հատուկ դասընթացների է գնում ու պատրաստվում ծնող դառնալուն:

Տիկին Անիչկան ասում է՝ դասընթացները նախապատրաստել են խնամատար ծնող դառնալուն, օգնել են հասկանալ՝ ինչ ակնկալիքներ ու սպասելիքներ է պետք ունենալ:

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net