17 փետրվարի 2020 - 18:26 AMT
ՀՈԴՎԱԾ
Երբ խուլիգանները ջենթլմեն են դառնում
Հնեցված վիսկիի համով Գայ Ռիչիի ֆիլմը
Մի քանի օր առաջ Հայաստանում մեծ էկրան բարձրացավ հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Գայ Ռիչիի «Ջենթլմենները» (The Gentlemen) ֆիլմը: Կինոքննադատների միջազգային հարթակներում այն բազում դրական արձագանքներ ստացավ:

Գայ Ռիչին, ումից վերջին շրջանի ֆիլմերից հետո շատերն արդեն «հույսները կտրել էին», նոր ֆիլմում վերադառնում է իր ուրույն ոճին՝ հմայիչ հանցագործներ, արյուն, նուրբ հումոր և մշտական «խուճուճ» սյուժե՝ անսպասելի շրջադարձներով, մի քիչ Տարանտինոյից ոգեշնչված, բայց անփոխարինելի «գայռիչիական» սոուսի ներքո:

Վերջին տարիների, և հատկապես՝ վերջին «Օսկարին» նոմինացված լավ, բայց հիմնականում ծանր և խորն ասելիք ունեցող ֆիլմերից հետո Ռիչիի «Ջենթլմեններն» իսկական փրկություն են թվում. ֆիլմում չեն շոշափվում արդի պոպուլյար թեմաները՝ սեռերի իրավունքներից մինչև ռասիզմ, բուլիինգից մինչև աղքատություն: Էկրաններից այն կողմ ոչ ոք չի փորձում քեզ դաստիարակել՝ կյանքի դասեր տալով և ավելի լավը դարձնելու փորձերով:

Հնեցված ու թանկարժեք վիսկիի համով ֆիլմը, որը դուրս է եկել Ռիչիին մեծ ռեժիսոր դարձրած՝ «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» (Lock, Stock and Two Smoking Barrels, 1998) և «Մեծ խաղագումար» (Snatch, 2000) ֆիլմերից 20 տարի անց, մեզ վերադարձնում է Լոնդոն: Սակայն այս անգամ մեր հերոսները երիտասարդ առույգ խուլիգաններ չեն: Ռիչին մեծացել է, հետևաբար հասունացել են նաև նրա հերոսները. այս նորերը կայացած ջենթլմեններ են: Իհարկե, պակաս առույգ չեն, քան երիտասարդները, բայց անիմաստ քայլեր չեն անում, չեն վատնում էներգիան, ամեն ինչ կշռադատված է և չափված-ձևված:

Գլխավոր դերերում սիրված դերասաններ են: Մեթյու Մակքոնահին մարմնավորում է անխիղճ բիզնեսմենի՝ մարիխուանայի պլանտացիաներ ունեցող ամերիկացի Միկի Փիրսոնին, որը հաջող գործունեություն է ծավալել Բրիտանիայում, բայց արդեն ուզում է դուրս գալ խաղից: Նրա օգնականը՝ խարիզմատիկ Ռեյը («Անարխիայի որդիները» սերիալից հայտնի Չարլի Հաննեմը), տիպիկ բրիտանացի ջենթլմեն է՝ հագուկապից և ակնոցներից մինչև խոսելաոճն ու կեղտի նկատմամբ արտահայտված զզվանքը: Ֆիլմում գրեթե անճանաչելի և առնվազն անսպասելի է Քոլին Ֆարելի դերը՝ նա Մարզիչն է, տարօրինակ, բայց ոճային հագուստով, պրիմիտիվ, բայց իրական «ճշտով», վատ տղաներին ճիշտ ուղու վրա դնել փորձող, բայց չարաճճիությունից ոչ զուրկ, բարի, բայց սպանություններից չխորշող անչափ ծիծաղելի մի կերպար:

Ֆիլմում կան նաև վատ չինացիներ, վատ ռուսներ (դե ինչպե՞ս առանց նրանց) և մեկ անհասկանալի (չսփոյլելու համար չենք ասի՝ լավ թե վատ) հրեա: Իսկ այդ ամենի մասին մեզ պատմում է ռեպորտյոր Ֆլեթչերը՝ մեր սրտի Հյու Գրանտը, որը, ընթացքում հավեսի ընկնելով, փոփոխում է սյուժեն, դուրս գալիս սահմաններից, խաղում և մոլորեցնում:

Ֆիլմի գլխավոր հերոսը թեև կարող է հեշտությամբ սպանել անգամ փոքր զանցանքների համար, սակայն ունի որոշակի սկզբունքներ. օրինակ՝ դեմ է ծանր թմրանյութերին, «իմ վաճառած ապրանքը որևէ մեկի չպիտի սպանի»: Ինչ խոսք՝ գովելի է, հատկապես, որ աշխարհի մի շարք երկրներում մարիխուանայի օգտագործումը չի համարվում անօրինական:

Ի դեպ, վերևում նշել էի, որ ֆիլմը չի անդրադառնում արդի թեմաներին՝ ֆեմինիզմ, ռասիզմ, ուստի դրանում շատ են ոչ պոլիտկոռեկտ արտահայտությունները (չինացիները լիքը կտրելու բան կունենան):

Ֆիլմում շատ է նաև համեմատությունը կենդանիների հետ, նույնիսկ այսպիսի արտահայտություն է արվում. «Ջունգլիներում առյուծը ողջ է մնում ոչ թե որովհետև իրեն առյուծի պես է պահում, այլ որովհետև առյուծ է» (հայ հայտնի բիզնեսմեններից մեկը կգնահատեր): Իմանալով մեր ազգի շատ ներկայացուցիչների սերն առ առյուծները և «միայնակ» գայլերը, տեսնելով Նիվայի կողքին կքանստած բազմաթիվ հայորդիների կողմից Թոնի Մոնտանային («Սպիով դեմքը») և «Բրիգադայի» Սաշա Բելիին նմանակելու և ցիտելու փորձերը՝ այս արտահայտությունը, իհարկե, մոտս ֆեյսփալմ առաջացրեց. միանգամից պատկերացրի, թե ինչքան կտարածվի և ինչպես կմեկնաբանվի: Բայց հետո ուրախացա. հիշո՞ւմ եք՝ ասում էի, որ ֆիլմը դասեր չի տալիս, թերևս սխալվել եմ, մի դաս տալիս է:

Հիմա բացատրեմ: Գայ Ռիչին չի կարողացել ամբողջությամբ արհամարհել վերջին տենդենցները. ֆիլմի խիստ մասկուլինային և տեստոստերոնային սյուժեում հայտնվել է «ուժեղ կնոջ» կերպարը (դա արվել է այնքան բնական և հաճելի, որ նույնիսկ ստաժով սեքսիստները կգնահատեն): Խոսքը Փիրսոնի կնոջ՝ Ռոզալինդի (Միշել Դոքերի) մասին է, ում գլխավոր հերոսը ոչ միայն սիրում և պաշտում է, այլև հարգում ու հետևում նրա խորհուրդներին: Միքին, որն իրեն առյուծ է համարում, նշում է, որ իր կինը ևս առյուծ է (հասկանու՞մ եք՝ էգ առյուծ, ոչ թե խոնարհ գառ): Եվ հենց կինն է, որ զգուշացնում է Միքիին «խաղից դուրս գալու» վտանգավոր հետևանքների մասին՝ «Ջունգլիներում քեզ կարող է չհասկանան»: Այ սա իսկապես լավ դաս է, որն արժե յուրացնել. եթե ուզում ես նմանակել ուժեղ տղամարդու, հարգի՛ր կողքիդ կնոջը:

Իհարկե, ֆիլմում կարելի է գտնել նաև մի շարք թերություններ, բայց միայն «հյութալի» երկխոսություններն ու հաճելի «սև» հումորն արժեն, որ կյանքից 2 ժամ տրամադրեք «Ջենթլմենները» դիտելուն:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net