21 փետրվարի 2020 - 17:07 AMT
ՀՈԴՎԱԾ
Լյուքս հաճույք՝ 20% զեղչով
2019-ին ՀՀ ներմուծված ամենաթանկ էլեկտրամեքենաները
2018-ին ՀՀ կառավարությունն ԱԱՀ-ից ազատեց էկեկտրամեքենաների ներմուծումը՝ որոշելով այդպիսով խթանել դրանց թվի ավելացումը երկրում։

Նման որոշման ընդունման հիմնական փաստարկն էկոլոգիականն էր․ մեքենաները չունեն բենզինային շարժիչ, հետևաբար՝ դրանով պայմանավորված արտանետումներ և բնապահպանական ռիսկեր ծագում են միայն հոսանքի արտադրման, պահեստամասերի (օրինակ՝ անվադողերի) ոչնչացման ու մեքենաների ապագա ուտիլիզացման տեսքով։ Արդյունքում 2019-ին ներմուծվեց 150 էլեկտրամեքենա, 2018-ի մեկի դիմաց (ըստ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի): Սա բավականին չնչին թիվ է ՀՀ ներմուծված 189 հազար մեքենայի ընդհանուր թվում։

Բացի համեմատաբար էժան մեքենաներից, Հայաստան են ներմուծվել նաև մի քանի տասնյակ հազար դոլար արժեքով օրինակներ։ PanARMENIAN.Net-ը հավաքել է դրանք ու դրանց գները․

Որպես ամենաթանկ մեքենա ՊԵԿ տրամադրած տվյալներում նշված է մոտ 52 մլն դրամ մաքսային արժեքով BMW 730 LD-ն․ նման էլեկտրամեքենա BMW-ն, սակայն, չի արտադրում․ 730 LD-ն դիզելային մոդել է, իսկ գնային առումով նշվածին մոտ է i8 սպորտ-կուպեն։ Ճշտող հարցին, թե ինչու է դիզելային շարժիչով մեքենան հայտնվել մեզ տրամադրված՝ բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաների ցանկում, ՊԵԿ-ում նշեցին, որ այն բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաների ցանկում են ներառել՝ առաջնորդվելով կոդով, իսկ մեքենայի անունը, հավանաբար, սխալ է գրվել։

BMW 730 LD-ն (վերևում) ու, ենթադրաբար, իրականում ներմուծված BMW i8-ը (ներքևում)

TESLA Model X, մոտ 43 մլն դրամ մաքսային արժեքով

Սա, ի դեպ, Հայաստան ներմուծված միակ TESLA-ն չէ․ 2019-ին Իլոն Մասկի հայտնի ընկերության արտադրած 12 մեքենա է ՀՀ բերվել: Դրանցից ամենաթանկը TESLA X 2016-ն է՝ 42.7 մլն դրամ արժեքով: Ներմուծված TESLA-ներից 6-ը S մոդելի են (ամենաթանկը՝ Tesla S 2016-ն է՝ 22.9 մլն դրամ), իսկ 3-ը՝ 3 մոդելի (ամենաթանկը՝ TESLA MODEL 3 2018-ն է՝ 16.6 մլն դրամով):

Jaguar I-Pace-ի 3 օրինակ՝ 44.1 մլն դրամ, 43.1 մլն դրամ, 34.8 մլն դրամ արժեքով

Լուսանկարում Mercedes-Benz EQC 400 4MATIC մոդելն է, ՊԵԿ-ում, սակայն, մեզ տրամադրել են Mercedes-Benz GLE 400 4MATIC-ի արժեքը՝ նշելով որպես մոտ 34 մլն դրամ: Այստեղ ևս ակնհայտ սխալ կա: Հավանաբար, ՊԵԿ-ում նկատի են ունեցել ոչ թե GLE, այլ EQC մոդելը, որն էլ ներկայացված է ֆոտոյում:

BMW i3, մոտ 19 մլն դրամ

Էլեկտրամեքենաներ ներմուծելու դեպքում ԱԱՀ-ից ազատման վերին շեմ չսահմանվեց։ Սա բերեց նրան, որ մի քանի տասնյակ հոգի օգտվեցին արտոնությունից՝ խնայելով 1-2 հատ iPhone-ի գումար այն պարագայում, երբ վերը թվարկած թանկ մեքենաների տերերը նման որոշման շնորհիվ խնայեցին այնքան, որ կարող էին հանգիստ գնել երկրորդ մեքենան։

Օրինակ, մեր թոփից ամենաէժան BMW i3-ի գնորդն ԱԱՀ հաշվին խնայել է մոտ $8000, որով կարող է գնել 2008-ի արտադրության Ford Mustang։ Իսկ ամենաթանկ BMW-ի գնորդը խնայել է $21,000, ինչը կհերիքի 2015-16-ի արտադրության ամերիկյան Muscle Car գնելուն։

Չի բացառվում նաև, որ թանկարժեք էլեկտրամեքենաների որոշ նմուշներ, ԱԱՀ-ից ազատման օրենքի ընդունումից հետո, ձեռք են բերվել ու տեղափոխվել, օրինակ, ԵԱՏՄ երկրներ՝ Ռուսաստան, Ղազախստան:

Ներմուծված մեքենաներից ամենաէժան մակնիշներից մեկը Chevrolet Volt-ն է (ներմուծվել է 40 հատ), այդ մակնիշի էլեկտրամենքենայի ամենաէժան նմուշը 2014-ի արտադրության է՝ մոտ 1.5 մլն դրամ արժեքով:

Իսկ առավել մանրամասն թեմային, թե ինչից էր բաղկացած ՀՀ էլեկտրամոբիլների ավտոշուկան 2019-ին, կանդրադառնփետրվարի 24-ին։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net