Երևանում ընտանի կամ թափառող կենդանիների համար նախատեսված գերեզմանոց չկա: PanARMENIAN.Net-ը հետաքրքրվեց քաղաքապետարանից՝ ի՞նչ պիտի արվի ընտանի կենդանու դիակի հետ։ Մեզ պատասխանեցին՝ քաղաքացու կողմից իր ընտանի կենդանուն թաղելու հետ կապված տեղեկատվության «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը չի տիրապետում:
Մահացած թափառող կենդանիների մարմինները թաղվում կամ ոչնչացվում են «Էկոլոգիա Վ.Կ.Հ.» ՍՊԸ-ի միջոցով:
Մարիամն ասում է՝ իր կենդանուն թաղել են իրենց այգում, սակայն բազմաթիվ մարդիկ տարիներով իրենց հարկի տակ պահում ու խնամում են կենդանիների և չգիտեն՝ ինչ անել դրանց մարմինների հետ մահից հետո:
«Բնականաբար, երկար տարիներ պահելուց, խնամելուց հետո կենդանին տան անդամի պես է դառնում, ու ցանկալի կլինի նման մի տեղ լինի, բայց՝ ոչ գերեզման, ու ոչ թե այն պատճառով, որ չիմանան թե՝ «ահա որտեղ է թաղված շան գլուխը», այլ որովհետև Հայաստանում դրանք շատ են: Կարծում եմ՝ դիակիզարանի պես մի բան պետք է լինի, բայց կենդանու համար»,- ասում է նա:
«Դինգո» թիմի հիմնադիր, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ կենդանիների գերեզմանոցի բացակայության պայմաններում ամեն մարդ ինքն է իր «գլխի ճարը» տեսնում, իսկ կացարանում կամ քնեցված կենդանու դեպքում մարմինը ուտիլիզացվում է:
«Դինգո» թիմում մենք կացարանի տարածքին կից մեր տարածքն ունենք, որտեղ փոքրիկ գերեզմանատուն կա: Այդտեղ թաղված են թիմի անդամների կենդանիների մարմինները»,- ասում է Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ Երևանում սեփական կենդանի ունեցող յուրաքանչյուր քաղաքացի ինքն է մտածում, հոգում իր կենդանու մարմինը թաղելու մասին: Հարցին՝ ինքը որպես ավագանու անդամ այս մասին երբևէ բարձրացրել է քաղաքի կառավարման խորհրդի նիստերից մեկում՝ Հովսեփյանն ասաց, որ այս հարցից հետո թեմայի մասին հնարավոր է մտածի:
Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ Երևանում 6000-7000 թափառող շուն կա, սակայն ընտանի կենդանիներ հետ կապված որևէ տեղեկություն չունեն: