28 մարտի 2020 - 13:52 AMT
ՀՈԴՎԱԾ
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Աշխարհի խոշոր քաղաքներում շարժ չկա
Կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարելու համար աշխարհի խոշոր քաղաքները կարանտինի մեջ են: Մեծ քաղաքների ակտիվ կյանքին փոխարինելու եկած կարանտինից կադրերը պոստապոկալիպտիկ ֆիլմերի մասին են հիշեցնում:

National Geographic Russia-ն առանձնացրել է մի քանի խոշոր քաղաքների կարանտինային կյանքից դրվագներ՝ նկարահանված դրոնով:

Կորոնավիրուսի տարածման առաջին ու ամենամեծ «չինական օջախը»՝ Ուհանը, դեռ շարունակում է մնալ փակ ու կարանտինի տակ: Հոլովակը նկարահանվել է փետրվարի 6-ին, սակայն քաղաքում կարանտինային դրությունը չի փոխվել: Չինաստանի իշխանությունները պլանավորում են քաղաքի տրանսպորտային բլոկադան հանել ապրիլի 8-ին:

Լոս Անջելեսի փողոցներում դեռ կարելի է տեսնել հատուկենտ անցորդների, սակայն չկա քաղաքին բնորոշ զբոսաշրջային շարժը: Վերջին տվյալներով՝ այստեղ կորոնավիրուսի հաստատված 1400 դեպք ու 26 մահ կա:

Մարտի 17-ից կարանտինի մեջ է ամբողջ Ֆրանսիան, բացառություն չէ նաև Փարիզը: Ֆրանսիայում 32,964 դեպք, 1,995 մահ կա։

Նյու Յորքում արդեն հաստատվել է վիրուսի մոտ 27 հազար դեպք և, չնայած դրան, քաղաքն ամբողջական կարանտինի մեջ է միայն մարտի 22-ից: Սովորական օրերին Times Square-ն օրական 400,000 այցելու է ունենում. կարանտինի շրջանում այն դատարկ է:

Մոտ մեկ շաբաթվա վաղեմության հոլովակում Լոնդոնի փողոցներում դեռ կարելի էր մարդկանց տեսնել: Մեծ Բրիտանիայում տոտալ կարանտին հայտարարվեց մարտի 23-ից: Այստեղ վարակակիրների թվում են նաև արքայազն Չարլզը և վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ աշխարհում 598,000 վարակակիր կա: Վիրուսից մահացել է մոտ 28,000 մարդ, վերականգնվել՝ 131,000-ը: