21 մայիսի 2020 - 14:36 AMT
ՀՈԴՎԱԾ
Առևանգված փեսացուն, «ավելորդ» հարսն ու անվստահ աղջիկը
Հայկական հարսանեկան կուրիոզներ՝ XX դարից
Հայկական հարսանեկան ավանդույթները վառ ու անկանխատեսելի են (հատկապես կողքից նայողի համար), տարածված են եղել բոլոր ժամանակներում, և, այնուամենայնիվ, մի ամբողջ հայկական հարսանիքի «դիմանալը» երբեմն մեծ քաջություն է պահանջում։

Միջազգային թերթերում հրապարակված՝ 100-150 տարվա վաղեմության պատմությունները միանգամայն այլ երանգ ու խորություն են տալիս մեր ժամանակակից պատկերացումներին։ Դրանցից որոշները կուրիոզային են, որոշները՝ ոչ այնքան։

Ամուսնության 2 արտոնագիր՝ մեկ շաբաթում

Օրինակ, մեկ շաբաթում երկու անգամ երկու տարբեր տղամարդու հետ կյանքը կապելու հարցով ամուսնության արտոնագրի դիմած հայ աղջկա մասին հաճախ չէ, որ կլսենք։

Միացյալ Նահանգներում, ի դեպ, մինչ օրս գործում է օրենք, համաձայն որի ապագա ամուսինները հարսանիքից առաջ պիտի նահանգային իշխանություններից ամուսնության «թույլտվություն» ստանան։ Ինչևէ։

Los Angeles Herald պարբերականն անդրադարձել է հայ աղջկան, ում միանգամից երկու երիտասարդ էր սիրահարվել հեռավոր 1915-ին։ Լոսանջելեսաբնակ Հայկանուշ Մարգարյանը պատրաստվում էր ամուսնանալ Արմեն Մոնջյանի հետ և արդեն ամուսնության թույլտվություն էին ստացել, բայց աղջիկն անակնկալ փոխեց միտքը՝ Սայմոն Փեթերսոնին հանդիպելուց հետո։

«Մեկ շաբաթ առաջ աղջիկը չէր էլ ճանաչում Փեթերսոնին ու պատրաստվում էր Մոնջյանի հետ ամուսնությանը։ Երկուշաբթի (ապրիլի 20-ին) ամոթխած ու կարմրած հարսնացուն Մոնջյանին թևանցուկ բարձրացել է դատարանի շենքի աստիճաններով ու ստացել անհրաժեշտ փաստաթուղթը։ Իսկ արդեն երեքշաբթի (ապրիլի 21-ին) Փեթերսոնն է խնդրել է օրիորդ Մարգարյանի ձեռքը»,- գրում է թերթը։

Եվ նորից աղջիկը չի մերժել, երիտասարդի հետ կրկին գնացել է դատարան ու ստացել նոր փաստաթուղթ։ Բայց վախենալով, որ Հայկանուշը կարող է նորից միտքը փոխել՝ Սայմոնը խելացի է գտնվել ու հարսանիքը նշանակել մոտակա կիրակի օրը` ապրիլի 26-ին:

Օսմանյան Կայսրության առաջին ֆոտոստուդիայում․ մեջտեղում հայ հարսնացուի մոդելն է՝ սիրիահայ լուսանկարիչ Պասկալ Սեբահի աչքերով

Սեփական որդուն առևանգող ընտանիքը

Մեկ այլ պատմություն կարդում ենք Ավստրալիայում լույս տեսնող The Mercury պարբերականում, որտեղ պատմվում է հայ աղջկա մասին, ով հնդկական Կալկաթա քաղաքի իշխանություններին է դիմել բողոքով, թե իր փեսացուին առևանգել են իրենց ամուսնության օրը։

Համաձայնեք՝ բարդ իրավիճակ է, հատկապես, երբ առևանգողները, ինչպես աղջիկն է պնդել, փեսացուի ընտանիքի անդամներն են, ովքեր դեմ էին իրենց ամուսնությունը։ Երիտասարդին Ռանգուն (ներկայիս Յանգոն, Մյանմա) ուղևորվող շոգենավով «փախցրել» են եղբոր մոտ, որտեղ «նրան պահել են որպես բանտարկյալ»։ Դեպքը տեղի է ունեցել 1927-ին։

«Ավելորդ» հարսն ու Բաքոս-style խնջույքը

Մեկ այլ՝ ավելի հին հոդված պատմում է Ստամբուլում հայկական հարսանիքի մասին, որտեղ «բարձրահասակ փեսացուն ու ցածրահասակ հարսնացուն պիտի երկար ժամանակ գլուխ գլխի կանգնեին, մինչև քահանան կավարտեր արարողությունը»։ Ըստ ականատեսի՝ հարսից բացի բոլորը վայելել ու լավ ժամանակ են անցկացրել, իսկ խնջույքի ամենաթեժ պահին նրան բարձրացրել ու նստեցրել են գինու տակառի վրա, որտեղ պիտի մնար այնքան, մինչև խմիչքի վերջին կաթիլը չսպառվեր։

1875-ին West Somerset Free Press թերթում տպագրված նյութի համաձայն՝ հարաբերականորեն հարուստ աղջիկն ամուսնանում էր հասարակ կլերկի հետ։ Ինչպես և սպասելի էր՝ խնջույքը շարունակվել է մինչև լուսաբաց։

Եվ, վերջապես, բարեկիրթ միջավայր

Իսկ ահա մեկ այլ հոդված, կրկին Los Angeles Herald-ում, հաջող ավարտ ունի։ Այն պատմում է 1919-ին տեղի ունեցած «հայկական ավանդույթներով ու ամերիկյան սովորույթներով» հարսանիքի մասին, որտեղ փեսացուն սիրահարվել էր իր ապագա կնոջը՝ պատերազմից վերադառնալուց անմիջապես հետո։ Արարողության ընթացքում Մարի Մուշեղյանը կրել է ամերիկյան ոճի զգեստ, բայց հետո հագել է հայկական հագուստ ևս, իսկ նախաճաշին մատուցվել են և հայկական, և ամերիկյան խորտիկներ՝ որպես հին ու նոր աշխարհների համադրություն։ Հյուրերը գոհ են եղել, բոլորը հավասար մասնակցել են միջոցառմանը։

Կարդացեք նաև՝ «Մաքուր» ու «վայրի» հայուհիներն ու հարսների հպատակեցումը․ Հայ կանայք՝ 19-րդ դարի ամերիկուհու աչքերով

Տրոյկաներով Երևան՝ Արարատը տեսնելու․ XIX դարի ամերիկացի ճանապարհորդի տպավորությունները` Հայաստանից

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net