7 օգոստոսի 2020 - 17:54 AMT
ՀՈԴՎԱԾ
Չմեռնել երկու անգամ
Ինչու են արտագաղթած մարդիկ հարազատի աճյունը հայրենիք տանում
Օգոստոսի 4-ին Մյունխենի օդանավակայանից Երևան է ուղևորվել մի կին, որի ուղեբեռում մարդկային ոսկորներ են գտել։ Պարզվում է՝ դրանք պատկանել են նրա ազգությամբ հայ ամուսնուն, որը 2008 թվականին մահացել և թաղվել է Հունաստանում, որտեղ զույգը բնակվել է։ 12 տարի անց հույն կինը որոշել է տեղափոխել ամուսնու ոսկորները Հայաստան:

Ի՞նչը կարող էր ստիպել նրան այն էլ ոչ բարենպաստ պայմաններում կիլոմետրեր կտրել ամուսնու ոսկորները Հայաստանում թաղելու համար՝ հաշվի առնելով նաև այն, որ նա ամուսնու գերազմանին մոտ չի բնակվելու։ Այս հարցի պատասխանը ստանալու համար PanARMENIAN.Net-ը զրուցեց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, մշակութային մարդաբան Սմբատ Հակոբյանի հետ։

Ըստ նրա՝ թաղման վայրի ընտրությունը կարևորում են թե հանգուցյալի հարազատները, թե հենց հանգուցյալը։

Մարդիկ հաճախ նախընտրում են մահացած հարազատին թաղել իրենց բնակավայրին մոտ վայրում, սակայն դա միշտ չէ, որ համընկնում է հանգուցյալի ցանկության հետ։ Բազմաթիվ մահացած սփյուռքահայերի արտերկրից տեղափոխում են Հայաստան։ Եվ դա շատ հաճախ լինում է ոչ թե հարազատների, այլ հենց մահացածների վերջին ցանկությունը։

Նման կերպ, մարդաբանի խոսքով, մահացածը մատնանշում է, որ ինքնություն ունի, պատկանում է տվյալ ազգին և տեղին։ Այդպիսով նա շարունակում է սոցիալապես ապրել։

Ի՞նչ է սոցիալական մահը

Հակոբյանը բացատրում է, որ մարդ մահանում է ոչ միայն ֆիզիկապես, այլև սոցիալապես։ Իսկ սոցիալական մահը վրա է հասնում, երբ մարդ դադարում է որպես սոցիալական միավոր գոյություն ունենալ։ Եվ թաղման վայրի ընտրությունը սիմվոլիկ կերպով այդ միավորի գոյությունը շարունակելու փորձ է։

Մասնագետի խոսքով՝ այս երևույթը միայն հայերին չէ բնորոշ։ Օրինակ՝ իտալացիների մոտ էլ է ընդունված հարազատներին հայրենիք վերադարձնել-թաղելը։

Հեղինակ՝ Անն-Լուի Ժիրոդեթ-Տրիոսոն, «Աթալայի հուղարկավորությունը»

Ի դեպ, հին հույն փիլիսոփա Դիոգենեսը խնդրել էր մահից հետո իր մարմինը չթաղել, այլ գցել քաղաքի պարսպից, որպեսզի վայրի կենդանիները հոշոտեին այն։ Փիլիսոփան խնդիր չէր տեսնում դրանում, քանի որ այսպես թե այնպես գիտակցություն չէր ունենալու։ Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, ամերիկացի գիտնական Թոմաս Լըքըրի կարծիքով՝ թեև Դիոգենեսի տեսակետը տրամաբանությունից ամբողջովին զուրկ չէ, անմտություն է հարազատների մարմինները բախտի քմահաճույքին թողնելը։

Նա իր աշխատությունում գրում է, որ մարդիկ իրենց մեռյալների մարմինների մասին հոգ են տարել դեռ մ․թ․ա․ 10,000 թվականից․ մահացած մարմինները նշանակություն ունեն, որովհետև մարդիկ են որոշել այդպես, ժամանակի ընթացքում փոխվել է միայն դրանց խնամքը։

Ի տարբերություն ֆիզիկական մահի՝ մարդու սոցիալական մահը ժամանակ է պահանջում: Լըքըրը նշում է, որ թաղման կոնտեքստում մարդիկ միմյանց առաջարկում են տարբերակներ՝ իրենց անունները Երկրի վրա մի փոքր ավելի երկար պահելու համար։

Նազենիկ Սարոյան / PanARMENIAN.Net