15 հուլիսի 2003 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱԿԱՄԱՐՏՈւԹՅԱՆ ՄԵՋ Է ՄՏՆՈւՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ
ԵԽԽՎ-ի պահանջներին հակառակ, Թալիշ-Մուհանական չճանաչված պետության հիմնադիրը կրկին դատապարտված է ցմահ բանտարկության:
Անցյալ շավաթվա վերջին Ադրբեջանի իշխանությունը ձեռնարկեց մի քայլ, որը կարող է վճռական լինել Եվրոպայի Խորհրդի կողմից պատժամիջոցների կիրառման նպատակահարմարության հարցում: ԵԽԽՎ-ի պահանջներին եւ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ստանձնած պարտավորություններին հակառակ, ադրբեջանական իշխանավորները կասեցրել են քաղբանտարկյալ Ալիքրամ Գումմատովի հանդեպ կայացրած դատավճիռը: Գումմատովը ձերբակալվել էր տաս տարի առաջ սարքովի քրեական գործով: Միջազգային կազմակերպությունների պնդմամբ Վճռաբեկ դատարանը վերանայել է գործը, սակայն ուժի մեջ է թողել նախկին վճիռը` ցմահ բանտարկություն: Գումմատովի փաստաբանները մտադիր են դատավճիռը բողոքարկել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում:
Ալիքրամ Գումմատովը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ընդգրկված տարածքում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված թալիշական չճանաչված հանրապետության հիմնադիրն է: Թալիշական ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը դաժանորեն ճնշվեց, իսկ Թալիշ-Մուհանական հանրապետության նախագահը ձերբակալվեց եւ դատապարտվեց գնդակահարության: Հետագայում դատավճիռը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ: Եվրոպական բոլոր կազմակերպությունները Գումմատովին ճանաչել են քաղբանտարկյալ: Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս Ադրբեջանին ժամանակ էր տրվել ազատել բոլոր «խղճի բանտարկյալներին»: Ցուցակում հատուկ տողով նշված էր երեք քաղբանտարկյալների անունները` Իսկանդեր Համիդով, Ռահիմ Գազիեւ եւ Ալիքրամ Գումմատով: Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին ԵԽԽՎ-ի զեկուցող Ժորժ Կլերֆայտի վերջին զեկույցում պահանջվում է անվերապահորեն ազատել Գումմատովին: Պարտավորության իրականացման համար Ադրբեջանին մինչեւ սեպտեմբեր ժամանակ է տրվել: Հակառակ դեպքում ԵԽԽՎ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել: Այսօր արդեն ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն չի կատարել իր պարտավորությունը: Այսպիսով, գրեթե կասկածներ չկան, որ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կկիրառվեն:

Ինչու՞ Ադրբեջանի ղեկավարներն այսքան սկզբունքային են Գումմատովի հարցում: Ինչու՞ նրանք պատրաստ են վերջինիս ճաղերի ետեւում պահել նույնիսկ պատժամիջոցների գնով: Միթե՞ նա այդչափ վտանգավոր է Ադրբեջանի համար: Ամենայն հավանականությամբ` այո: Չէ որ նրա ազատման դեպքում Ադրբեջանի բնիկ ժողովրդների ազգային-ազատագրական շարժման նոր ալիք կբարձրանա: Գումմատովը կասկածի առիթ չի տալիս այն բանում, որ նա մտադիր է շարունակել պայքարը Թալիշստանի ազատության համար: Այս միտքը նա հաստատել է մասնավորապես Եվրոպայի Խորհրդին հասցեագրված իր վերջին հայտարարությունում: Մեկուկեսամսյա հացադուլից հետո Ալիքրամ Գումմատովը հավաստել է, որ պնդելու է ճանաչել տալու1993թ.-ին հայտարարված հանրապետության անկախությունը եւ միջազգային կազմակերպություններից պահանջելու է «դադարեցնել մեկուկես միլիոնանոց թալիշական ժողովրդի ցեղասպանոթյունը եւ ձուլումը»: Փաստաթղթում կասկածի տակ է առնվում ադրբեջանական պետության գոյության իրավական հիմքը: Գումմատովը նշում է` «պատմականորեն այս հողի վրա ապրել են թալիշները, քրդերը, լեզգիները եւ այլ ազգություններ, եւ միայն 12-րդ դարից են այստեղ եկել թուրքալեզու ցեղերը», որոնք զավթել են ուրիշի հողերը, իրենց ձեռքն են վերցրել իշխանությունը: Գումմատովի խոսքերով, «սկսվել է հազարամյակներ շարունակ այդ հողում բնակվող եւ դրա իրական տերերը համարվող բոլոր ոչ թուրքալեզու ժողովուրդների ձուլման գործընթացը»:

Մուհանական դաշտավայրի բնիկները մինչ այժմ ադրբեջանիզացիայի են ենթարկվում: «Ազգային-էթնիկական խտրականությունը, ոչթուրք ժողովուրդների ճնշումները եւ նրանց ձուլումը, նրանց տարրական քաղաքացիական իրավունքների ոտնահարումը Ադրբեջանում հասել է պաշտոնական պետական քաղաքականության մակարդակի: Այս պայմաններում ոչթուրք ժողովուրդների ներկայացուցիչները ստիպված են թաքցնել իրենց ազգային պատկանելիությունը: Երկրում տիրող անսանձ պանթյուրքիզմը վերջնականապես բաժանեց ազգը եւ հանգեցրեց Ադրբեջանի ժողովուրդների միջեւ ընդդիմադրի հակամարտությունների: «Այս պայմաններում է թալիշ ժողովուդը ելել ազգային-ազատագրման պայքարի»,- գրում է Գումմատովը: «Եթե պետությունն այդպես լկտիորեն խախտում է իր քաղաքացիների իրավունքները, զրկում է նրանց բիզնեսով, քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից, ապա ինչու՞ մենք իրավունք չպետք է ունենանք պայքարել նման պետության դեմ»,-հարցնում է Թալշստանի առաջնորդը: Հետաքրքրական է, որ Ալիքրամ Գումմատովը ցմահ բանտարկության է դատապարտված «հայրենիքի դավաճանության» համար: Եվրոպայի Խորհրդում բոլորն են գիտակցում, որ Գումմատովն իր հայրենինիքին` Թալիշստանին հավատարիմ է, ինչպես ոչ ոք: Հարցը միայն այն է, թե ինչից ելնելով են ադրբեջանցիները Գումմատովի հայրենիքը Ադրբեջանը համարում: Որպեսզի այս հարցը միջազգային ասպարեզում քննարկման առարկա չդառնա, պաշտոնական Բաքուն շարունակում է Գումմատովին ճաղերի ետեւում պահել: