8 սեպտեմբերի 2010 - 18:41 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանում Ժերար Դեպարդյեին համակել էր հայ դառնալու անկեղծ ցանկությունը
Դրա համար նա երկու կարևոր բան կատարեց. իր արյան մեջ ինչ-որ հայկական բան նկատեց և խնդրեց հայ գեղեցկուհու ձեռքը
Տեղեկությանն այն մասին, որ Երևան է ժամանում աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն, չէին կարողանում հավատալ նրան սպասող երկրպագուները և լրագրողները մինչև այն պահը, երբ տեսան բոլոր առումներով մեծ մարդուն հայկական հողի վրա:

Բայց, տեսնելով նրան, մարդիկ տագնապով և տարակուսանքով սկսեցին նայել նրա ձեռնափայտին և ծանր քայլվածքին: Սկսեցին շշուկներ տարածվել տարիքի և վատ ինքնազգացողության մասին: Բայց խոսակցությունները փոխարինվեցին հիացական հայացքներով, երբ հայտնի դարձավ դերասանի սխրանքը հանուն Հայաստան կատարելիք այցելության. նա Երևան էր եկել վիրահատությունից երկու օր անց`ոտքի մեջ երկաթե շունտերով, որը ստիպված էր եղել կատարել ավտովթարի հետևանքով ոտքը կոտրելուց հետո: Բայց նույնիսկ ոտքի ցավը, որը փչացրել էր դերասանի տրամադրությունն ուղևորության ընթացքում, չստիպեց նրան հրաժարվել նախատեսված միջոցառումներից:

Նա հասցրեց հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, մամլո ասուլիս տալ, լինել Փարաջանովի թանգարանում, դրանից հետո անձամբ ներկա գտնվել «Կարոտ-2010» մրցանակի հանձնման արարողությանը:

Պետք է նշել, որ այդ արարողության ժամանակ հավաքվել էր մի ողջ աստղաբույլ: «Կարոտ» փառատոնի շրջանակներում, որի պատվավոր հյուրն այս տարի Դեպարդյեն էր, Հայաստան էին ժամանել Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Էմանուիլ Վիտորգանը, Ալեքսեյ Պետրենկոն, Իգոր Կոստոլևսկին, ճարտարապետ Գրիգորի Պոտոցկին և այլն:

Եվ ինչպե՞ս կարող էին փառատոնի կազմակերպիչները թույլ տալ, որ Դեպրադյեն լքի Օպերայի և բալետի թատրոնի բեմը դատարկ ձեռքերով: Բացի նրանից, որ նա դարձավ «Կարոտ» մրցանակի դափնեկիր, պարգևատրվեց նաև ՀՀ ԱԺ Պատվո շքանշանով, և որպես գինեգործ, արծաթե կուժ ստացավ հայկական անվանի ոսկերչական տան կողմից: Բոլոր այդ ընծաներն ուղեկցվում էին նրա հասցեին հնչող անկեղծ, ջերմ խոսքերով:

«Ժերար Դեպարդյեն շատ պարզ և մարդամոտ է, և ես համոզված եմ, որ նա հայկական արմատներ ունի: Եթե ոչ Հայաստանի, ապա Արցախի հետ նա կապ ունի: Չնայած նրան, որ նա առաջին անգամ է Հայաստանում, հայերը ծանոթ են նրա հետ շատ տարիներ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Որքան էլ տաղանդավոր լինի դերասանը, անհնար է իսկական հուզմունքը թաքցնել: Եվ անհնար է չհավատալ շնորհակալության խոսքերին, որոնք հնչում էին փառատոնի կազմակերպիչների, դերասանների, արվեստի , գիտության մարդկանց հասցեին, որոնք հավաքվել էին միասին, Ֆլորա Մարտիրոսյանի հասցեին նրա սքանչելի ձայնի համար: «Դուք` հայերդ, համաշխարհային մարդիկ եք, որովհետև դուք հասկանում եք աշխարհի բոլոր մշակույթները: Բոլոր իմ հայ ընկերներն այնքան նման են ձեզ. նրանք նույն աչքերն ունեն, որոնցում բարություն, տառապանք և համբերություն կա, և դա այն է, ինչ հուզում է ինձ մինչև սրտիս խորքը: Ես քիչ եմ ծանոթ Հայաստանի աշխարհագրության հետ, բայց լուսանկարներ եմ տեսել և հասկացել. դուք այնպիսի հող ունեք, որի հետ պետք է հաշվի նստել, որովհետև այս հողը ձեզ և ձեր երախաներին ապագայի իրավունք է տալիս: «Բրավո» արտիստներին, «բրավո» ձեր ազգային ժողովրդական երաժշտությանը: Դա այնքան գեղեցիկ է, որ այդ ամենն ուզում ես կիսել ձեզ հետ»,- ասել է Դեպարդյեն:

Դերասանը երկու լավ միջոց գտավ այդ րոպեները հայերի հետ կիսելու համար. առաջին, նա ընդգծեց, որ նրա երակներում իրոք ինչ-որ չափով հայկական արյուն է հոսում, երկրորդ, նա սիրո առաջարկություն արեց հայ գեղեցկուհի, հաղորդավար Գայանե Ասլամազյանին:

Մնում է միայն սպասել այն պահին, երբ նա վերջնականապես կմերվի հայ ժողովրդի հետ. չէ որ բոլոր անհրաժեշտ որակները կան, իսկ գլխավորը` մեծ ցանկությունն առկա է:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News