«Եկել է ժամանակը զբաղվելու էներգախնայողության ռեժիմներով»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքերով, էներգախնայողությունը շատ բարդ գաղափարախոսություն է` էներգախնայող լամպերից մինչև շենքերի շինարարություն: Դրա հետ կապված` Արմեն Մովսիսյանը հավելել է, որ արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ արդեն սկսվել է կոնկրետ աշխատանքների իրագործում այդ ուղղությամբ: «Հայաստանում իրագործվում են փորձնական ծրագրեր` կապված ջեռուցման և լուսավորության հետ»,- հաղորդել է նախարարը:
Ինչ վերաբերվում է Հայաստանում ռուսական գործարանի օրինակով էներգախնայող լամպերի արտադրության գործարանի շինարարությանը, ապա, նրա կարծիքով, Հայաստանի շուկան բավական մեծ չէ դրա համար:
Եթե ստեղծվի պահանջարկ, ապա այդ լամպերի ներկրման ծավալները կարող են ավելանալ, մասնավորապես, Իրանից: «Թավանիր» ընկերության գլխավոր տնօրեն Հոմայուն Հաեզին հայտարարել է, որ հայրենական արտադրության էներգախնայող լամպերը աչքի են ընկնում առավել բարձր որակով:
Հայաստանն առայժմ պատրաստ չէ էներգախնայող լամպերի անցնել, թեև դա կարող է երկրում խթանել էներգաարդյունավետությունը, PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Միջազգային ֆինանսական ընկերակցության (IFC)` Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանը: Նրա խոսքով` ներկա պահին իմաստ չունի երկրին պարտադրել նման լամպերի անցնել, քանի որ դրա համար բավական թանկ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ:
Նշենք, որ Ռուսաստանում 2011 թվականից դադարեցվել է 100 վատտ և ավելի հզորությամբ շիկացող լամպերի արտադրությունն ու վաճառքը, 2013 թվականից կարգելվի 75 վատտ և ավելի հզորությամբ լամպերի արտադրությունը, իսկ 2014-ից` 25 վատտ: Եվրամիությունում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել 100 վատտից ավել հզորությամբ լամպերի վաճառքը, իսկ 2014 թվականից դրանք բոլորովին կարգելվեն:
Ընդ որում` ընթացիկ տարվա սկզբին Եվրամիությունը սկսել է դիտարկել շիկացող լամպերի արտադրության և ներկրման վրա դրված արգելքը չեղյալ հայտարարելու նախագիծը: Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին տեղեկատվություն տարածվեց էներգախնայող լամպերում առկա սնդիկից մարդու առողջությանը հնարավոր վնասի մասին: Անցկացված հետազոտության համաձայն, եթե լամպը կոտրվի փակ տարածության մեջ, սնդիկի համակենտրոնացումը կգերազանցի նորման 20 անգամ: Բացի դրանից, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունների խմբի մամլո ծառայությունից հրաժարվեցին որևէ տեղեկություն տրամադրել «Գրանդ սան» ՍՊԸ-ում լամպերի արտադրության մասին:
Էներգաարդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանում մարտի 10-12-ը տեղի է ունենալու «Էներգաարդյունավետություն` Էքսպո 2011», որի կազմակերպիչն է Միջազգային ֆինանսական ընկերակցությունը` ՀԲ բանկի խումբը, «Էքսպոմեդիա» ցուցահանդեսային կենտրոնի հետ համատեղ: Ցուցահանդեսում ներկայացվելու են ապարանքներ և ծառայություններ, որոնք թույլ են տալու ընկերություններին բարձրացնել էներգաարդյունավետությունը` խթանելով հետագա զարգացումը: