26 ապրիլի 2011 - 14:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանց
Արփինե Գրիգորյան. Յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ
Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։

Hr.am կայքը գործում է 2007թ-ից։ Կայքի հիմնական ուղղությունը մարդկային ռեսուրսներն են։ Կայքում կարելի է գտնել աշխատանքի և թրեյնինգների հայտարարություններ, քննարկել մասնագիտական հարցեր փորձագետների հետ:Կայքի մարկետինգի պատասխանատու Տաթև Աբրահամյանը PanARMENIAN.Net-ի թղթակիցին ասաց, որ կայքում հայտարարություն տեղադրելն անվճար է. «Յուրաքանչյուր կազմակերպություն հայտարարություն տեղադրելուց առաջ գրանցվում է, ապա հաստատվում մեր կողմից և անվճար տեղադրում է հայտարարությունները։ Մենք շահույթ չունենք այս գործընթացից, միայն հսկում ենք, որ գրանցվող յուրաքանչյուր կազմակերպություն իրապես գոյություն ունեցող և գործող լինի»։

Hr.am կայքը բաց է յուրաքանչյուր աշխատանք փնտրողի համար։ Ըստ Տաթև Աբրահամյանի՝ աշխատանք փնտրողի համար ավելի նպատակահարմար կլինի գրանցվելը. «Գրանցվելով աշխատանք փնտրողը ստեղծում է իր վիրտուալ ռեզյումեն, տեսնում հայտարարությունները դասակարգված ըստ ոլորտների և բաժանորդագրվելով ցանկալի ոլորտներում՝ էլ.փոստին ստանում է ընտրված ոլորտի նոր հայտարարությունները»։

Ինչպես ավելացրեց Տաթև Աբրահամյանը hr.am-ում ամենից շատ թարմացվում է ՏՏ ոլորտ ոլորտ բաժինը՝ ինչը վկայում է, որ ՏՏ ոլորտի մասնագետների պահանջարկը մեծանում է։

Կարիերայի կենտրոնը՝ careercenter.am կայքը գործում է 2002թ-ից: Չնայած կայքը գործում է երկար ժամանակ, սակայն այն ֆունկցիոնալ և արտաքին ոչ մի փոփոխություն չի ունեցել: Կենտրոնի նախագահ Արմեն Երեմյանը ասաց, որ կայքին զուգահեռ գործում են նաև careerhouse.com/.am կայքերը՝ անգլերեն և հայերեն լեզուներով. «Քանի որ մարդիկ չեն սիրում փոփոխություններ մենք այն չենք փոխում: Սակայն փոխարենը 2006-ից ստեղծել ենք այլ կայք, որը ներառում է բոլոր ժամանակակից ֆունկցիաները՝ օնլայն ռեզյումեներ, որոնումներ, ռեզյումներեի գնում»: Ինչպես նշեց Արմեն Երեմյանը եթե կազմակերպությունը շատ է հավանել աշխատանք փնտրողի ռեզյումեն և ցանկանում է կոնտակտային տվյալներ տեսնել, պետք է վճարի. «Մենք օգտագործում ենք ռեզյումե գնելու գաղափարը: Վճարը կազմում է 95 ԱՄՆ դոլար: Սակայն նման դեպքերը քիչ են լինում»:

careercenter.am-ում չկան դասակարգումներ ըստ ոլորտների: Ըստ Արմեն Երեմյանի դա անիմաստ է, քանի որ հայտարարությունները շատ չեն:

jobfinder.am կայքի հիմնադիր Արման Մարգարյանը ասաց, որ կայքն իր առջև խնդիր է դրել ոչ միայն բավարարել գործատուների պահանջները, այլև աշխատանք փնտրողների. «Մենք առաջին կայքն ենք, որ մտածում ենք նաև աշխատանք փնտրողի մասին: Մենք ունենք հատուկ որոնողական համակարգ, այստեղ գործում են նույն Գուգլի կանոնները: Միայն թե որոնումը կատարվում է համապատասխան լուրջ՝ աշխատանքի հայտարարություններ տարածող կայքերում:

«Բացի մեր հայտարարություններից, ցանկացած այցելու կարող է տեսնել այլ կայքերի հայտարարութուններ: Օրինակ՝ մեր որոնողական համակարգը սկան է անում որոշ բանկերի կամ այլ կազմակերպությունների կայքերի թափուր աշխատատեղերի էջը և ցուցադրում»,-նշեց Արման Մարգարյանը:

Արման Մարգարյանը նշեց, որ խրախուսվում է, երբ աշխատանք փնտրողը գրանցվում է կայքում.«Տվյալ դեպքում նրա ընտրվելու հնարավորությունները մեծանում են, օնլայն ռեզյումե ունենալը շատ կարևոր է, քանի որ մեր կայքում գրանցված գործատուները հաճախակի հայտարարություն տարածելու փոխարեն միանգամից որոնում են կատարում ռեզյումների մեջ» և ավելացրեց, որ չնայած դրան, իհարկե յուրաքանչյուր աշխատանք փնտրող ինքն է ընտրում ինչպես դիմել գործատուին՝ անմիջապես էլ.հասցեի միջոցով, թե կայքի միջոցով:

Ըստ jobfinder.am կայք վերջին մեկ ամսվա վիճակագրության՝ Հայաստանում մեծ պահանջարկ ունեն ՏՏ ոլորտի մասնագետները. «Մեր կայքում ամենից շատ հայտարարություններ հայտնվում են ՏՏ ոլորտի բաժնում։ Ըստ վիճակագրության՝ 35% կազմում են ՏՏ ոլորտի, 21% բանկային, 13% վաճառքի, 10% ադմինիստրատիվ, 9% գովազդի, մարքետինգի և 12% այլ ոլորտների հայտարարությունները»։

Հանրային կապերի և HR մասնագետ Արփինե Գրիգորյանը պատմեց մի քանի կանոն, որոնք ճիշտ է օգտագործել՝ գոհացնելու համար թե՛ գործատուին, թե՛ աշխատանք փնտրողին:

«Շատ կարևոր է, որ որոնման հնարավորություն լինի թե՛ գործատուի համար, թե՛ աշխատանք փնտրողի: Հնարավոր լինի փնտրել թե՛ որքան աշխատավարձով կամ դրույքում աշխատանք են փնտրում: Որպեսզի screening և short list անելու հնարավորություն լինի»,-նշեց Արփինե Գրիգորյանը և ավելացրեց, որ ցանկալի է կայքում գտնել ռեզյումեներ կազմելու օրինակներ: Արփինե Գրիգորյանը նշեց, որ յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ.«Ինչ պայմաններ են առաջարկելու, ինչպիսին է միջավայրը և այլն, շատ գեղեցիկ կլիներ գտնել որոշակի նկարներ, գործատուին լավ ներկայացնել, ինչպես նաև ցանկալի կլիներ կայքերում գտնել որոշակի վիճակագրություն, թե որքան են վճարում միջինում օրինակ մարկետինգի մասնագետներին»:

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News