24 հուլիսի 2012 - 17:16 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Նորայր Բախտամյան.
2,5 րոպե հրաձիգի հետ
Իսկապես, մարզաձևը մեծ նշանակություն ունի մարզիկի մարդ դաստիարակելու հարցում: Բացառություն չէ նաև հրաձգությունը: PanARMENIAN.Net-ը բացահայտեց Նորայր Բախտամյանի բնավորությունը` հանգիստ, հավասարակշռված, խելացի ու սրտաբաց:
Բնութագրիր քեզ:
Ռեալիստ, ոչ թե տվյալ պահով ապրող, այլ հեռուն նայող մարդ: Փորձում եմ այնպես անել, որ գոնե իմ շրջապատի մարդկանց համար լավ լինի:

Ի՞նչ սովորություններ ունես:
Ամեն դեպքում, վատ սովորություն չունեմ:

Քո ուժեղ և թույլ կողմերը:
Ուժեղ` դիմացկուն, պայքարող: Թույլ` նյարդային եմ:

Քո սիրած գիրքը:
Փոքր ժամանակ ինձ արգելեն են գիրք կարդալ, որ տեսողության հետ խնդիրներ չունենամ ու դա չխանգարի ճիշտ կրակելուն:

Ի՞նչ ֆիլմեր ես նախընտրում դիտել:
Պատմական ֆիլմեր եմ շատ սիրում:

Ամենագեղեցիկ քաղաքը:
Ինձ շատ են դուր եկել Բրատիսլավան և Սոֆիան:

Քո սիրած մարզիկը:
Նա իմ ընկերն է, կրկին հրաձիգ Վլադիմիր Իսակովը: Նա կայուն մարզիկ է ու միշտ կարողացել է մեդալներ նվաճել:

Քո մարզաձևի հետ կապված վատ հիշողություններ:
Ամեն անգամ, երբ պետք է մեկնեմ մրցաշարերի, սահմանն անցնելիս ասում եմ վերջ, էլ չեմ մարզվելու: Կան մաքսատան աշխատողներ, որոնք միշտ մեր զենքերի հետ պրոբլեմներ են ման գալիս ու չեն հասկանում, որ մեր մարզաձևում պետք է զենք տանենք ու կրկին հետ բերենք մեր երկիր: Սա է վատ զգացողությունը, որը, ցավոք, ամեն անգամ ունենում եմ:

Հրաձգությունից բացի քո ամենասիրած երեք մարզաձևերը:
Հոկեյ, ջրացատկ ու թենիս:

Երազանքները դառնում են իրականություն, երբ…
Մարդ հասնում է նրանց ու երջանիկ է լինում:

Ինչքան շատ ենք մենք օգնում մարդկանց, այնքան…
Ավելի վատ է լինում մեզ համար:

Ես միշտ չէ, որ գիտեմ…
Իրականում մենք բոլորս էլ ոչինչ չգիտենք:

Առանց երևակայության մարդը…
Շատ ծանր մարդ է:

Պարտությունները միշտ հիշելով…
Ավելի ես կոփվում:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News