21 մայիսի 2013 - 14:26 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ռուբեն Խաչատրյան.
«Էլեկտրոնային առևտրի հայկական շուկան մեծ ներուժ ունի»
Աշխարհը մուտք է գործում նոր դարաշրջան, որը բնորոշվում է մարդու կյանքում սկզբունքային փոփոխություններով: 20-րդ դարի վերջին տասնամյակը` դա համաշխարհային տնտեսությունում արմատական փոփոխությունների ժամանակաշրջան էր, որի ընթացքում փոխվեց տնտեսական արժեքների մասին ավանդական պատկերացումը: Հիմնովին փոխվեցին առևտրային գործարքների իրականացման տեխնոլոգիաները: Ստեղծվեց բիզնեսի վարման նոր էլեկտրոնային միջավայր` «էլեկտրոնային առևտուրը», որը հանդիսանում է համաշխարհային վճարային ինդուստրիայի ամենաարագ զարգացող ոլորտը: Հայաստանում անկանխիկ առևտրի նոր ուղղության, դրա առավելությունների, թերությունների և հեռանկարների մասին` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ` Ռուբեն Խաչատրյանի հետ հարցազրույցում:

Ի՞նչ է «ինտերնետային առևտուրը»: Խնդրում եմ պատմել դրա ստեղծման և զարգացման մասին:

Էլեկտրոնային առևտուրը` դա ապրանքի, ծառայության կամ տեղեկատվության առք ու վաճառքն է համակարգչային ցանցերի, մասնավորապես ինտերնետի միջոցով, որն ապահովում է բիզնեսի կազմակերպման և վարման նոր ձևերը: Առևտրային գործարքների համակարգչային ցանցի ստեղծումը սկսվել է դեռ 40-50 տարի առաջ, սակայն առաջին ինտերնետային վաճառքը տեղի է ունեցել 1995թ-ին: Հենց այդ ժամանակ էլ բացվեց առաջին ինտերնետ-խանութը` «Amazon»-ը:

Էլեկտրոնային առևտուրն ունի մեծ ապագա, քանի որ էլեկտրոնային շուկաներն ավելի արդյունավետ են տեղեկատվության կիրառմամբ նոր ապրանքների և ծառայությունների ստեղծման մեջ, անփոխարինելի են հաճախորդների և գործընկերների որոնման հարցում: Էլեկտրոնային առևտուրը միտված է փոխելու գոյություն ունեցող բիզնեսի աշխարհը, բիզնես-գործարքներն ու պրոդուկտները (ծառայությունները) այնպես, ինչպես հեռախոսը, հեռուստատեսությունը, ֆաքսը և էլեկտրոնային փոստը փոխեցին ընկերությունների և սպառողների միջև փոխգործակցության ոճը:

Ներկայումս էլեկտրոնային բիզնեսը ավարտեց իր թռիչքաձև զարգացման փուլն ու սկսեց նորմալ գործել և կանոնավոր զարգանալ: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրեց բիզնեսի վարման ձևերի փոփոխությանը: Հիմա էլեկտրոնային առևտրի միջոցով բիզնեսի վարումը համարվում է ժամանակակից մեթոդ: Հազարավոր ընկերություններ ավելի հաճախ են օգտագործում ինտերնետը որպես մարքեթինգի գործիք` վեբ-կայքի և բիզնեսի կազմակերպման միջոցով, ինչը հնարավոր չէր անել ապրանքների առաջխաղացման ավանդական ձևերի կիրառմամբ:

Ինտերնետը շարունակում է հանդես գալ որպես առևտրի վարման միջոց` հաշվի առնելով, որ շուկայի հնարավորություններն անսահմանափակ են, հատկապես համաշխարհային տնտեսության գլոբալացման պայմաններում: Խոշոր ընկերությունները արդեն իսկ օգտվում են միջազգային շուկայում ապրանքների վաճառքի և առաջխաղացման ավանդական միջոցներից: Ուստի նրանցից շատերը, հատկապես սկզբնական շրջանում, կարող են որպես լրացուցիչ միջոց օգտագործել վեբ-կայքեր: Ոչ միայն խոշոր, այլև փոքր ու միջին ձեռնարկությունները կարող են համացանցում անցկացնել մարքեթինգային միջոցառումներ և զբաղվել էլեկտրոնային առևտրով:

Այսօրվա էլեկտրոնային առևտրի համաշխարհային շուկայի մասին ավելի լավ պատկերացում ունենալու համար բերեմ մի քանի վիճակագրական տվյալներ: 2012թ. արդյունքներով էլեկտրոնային առևտրի համաշխարհային շուկան առաջին անգամ հասավ 1 տրլն դոլարի: Վերլուծաբանների կանխատեսումներով տվյալ ցուցանիշը 2013 թվականում կհասնի 1.3 տրլն դոլարի: Շուկայի շարժիչներն են Հյուսիսային Ամերիկան և Ասիական-Խաղաղօվկյանոսյան տարածաշրջանը: Առաջինը առաջատար է բացարձակ ցուցանիշներով (365 մլրդ դոլար տարեկան 14% աճի դեպքում), իսկ եկրորդը` աճի տեմպերով (332 մլրդ դոլար` 33% աճի դեպքում): Էլեկտրոնային առևտրի ամենաարագ աճը նկատվում է Չինաստանում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում: Մնացած երկրների միջև առաջատար է ԱՄՆ-ն, որն ըստ կանխատեսումների կպահպանի իր դիրքերը առնվազն մինչև 2016 թվականը:

Եկեք մանրամասն դիտարկենք ինտերնետային առևտրի առավելությունները:
Էլեկտրոնային առևտուրը ունի շատ առավելությունները, թվարկեմ դրանցից մի քանիսը.

Ապրանքի առաջխաղացում - Էլեկտրոնային առևտուրը նպաստում է ապրանքների առաջխաղացմանը` հաճախորդների հետ անմիջական, տեղեկատվական, ինտերակտիվ հաղորդակցման միջոցով: Էլեկտրոնային միջոցները թույլ են տալիս գովազդը դարձնել ինտերակտիվ, հասցեավորել այն կոնկրետ սպառողին` օգտվելով վերջինիս տվյալներից (մուտքագրվող տեղեկատվությունից): Այսպիսով` էլեկտրոնային առևտուրը հնարավորություն է ընձեռում մշակել ապրանքի առաջխաղացման նոր ռազմավարություն:

Ծախսերի կրճատում - Շնորհիվ համացանցային ենթակառուցվածքների, ինչպիսին է ինտերնետը, և տեղեկատվության թվային փոխանցման և կրկնակի օգտագործման հնարավորության` էլեկտրոնային առևտրի համակարգերի կիրառումը մատչելի է դարձնում տեղեկատվության փոխանցումը գնորդին, քանի որ այն չի ներառում անձնակազմի, հեռախոսային, փոստային և տպագրական ծախսեր:

Տեղեկատվության արդիականություն - Էլեկտրոնային առևտրի համակարգը թույլ է տալիս արագացնել տեղեկատվության կամ ծառայության նախապատրաստումն ու հաղորդումը:

Դրամական փոխանցումների ժամանակի կրճատում - Էլեկտրոնային փոխանցումների համակարգի միջոցով հաճախորդները կարող են փոխանցել գումար ընկերության բանկային հաշվին, ինչը բացառում է փոստային փոխացման հետ կապված ձգձգումները:

Տեղեկատվության միատեսակություն - Էլեկտրոնային առևտուրն ապահովում է տեղեկատվության միատեսակությունն ու ճշտությունը, քանի որ այն նախատեսված է ընդհանուր օգտագործման համար, իսկ գործավարության մեջ կիրառվում են էլեկտրոնային ձևեր:

Հաճախորդների սպասարկման որակի բարելավում - Հարցերին առցանց պատասխանելու հնարավորություն` հաճախ հանդիպող խնդիրների լուծումները հրապարակելու ու էլեկտրոնային փոստի միջոցով, որն աշխատում է շուրջօրյա, տարին 365 օր` հաճախորդների վստահությունն ու հավատարմությունը ձեռք բերելու նպատակով:

Հաճախորդների հետ փոխհարաբերությունների բարելավում -Էլեկտրոնային առևտուրը թույլ է տալիս ստանալ տեղեկատվություն հաճախորդների մասին ամեն անգամ, երբ հաճախորդը հարցում է կատարում կամ գնում է որևէ ապրանք, օգտվում է ոչևէ ծառայությունից և այլն: Այդպիսի փոխգործակցության միջոցով կարելի է իմանալ հաճախորդների պահանջները և օգտագործել դրանք հետագա մարքեթինգային ծրագրերում:

Ապրանքի համապատասխանեցումը գնորդին - Քանի որ էլեկտրոնային առևտուրը հիմնված է տեղեկատվության փոխանակման վրա, հնարավոր է դառնում ստեղծել նոր կամ ձևափոխել գործող ապրանքները` համապատասխանեցնելով դրանք գնորդի ցանկություններին:

Մրցակցության առանձնահատկությունները - Էլեկտրոնային առևտրի կիրառումը թույլ է տալիս ընկերությանը ձեռք բերել մրցակցային առավելություններ, որոնք ենթադրում են գովազդային ծախսերի նվազեցման և ապրանքի առաջխաղացման միջոցով ընդհանուր ծախսերի կրճատում, հնարավորություն են տալիս առաջարկել տարբեր ապրանքներ` դրանք կատարելագործելու և ձևափոխելու միջոցով հաճախորդների ցանկությունները բավարարելու և շուկայի պահանջներին ժամանակին արձագանքելու նպատակով, ինչպես նաև հաճախորդների նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբերելու շնորհիվ, որը նպաստում է սպասարկման որակի և փոխհարաբերությունների բարելավմանը:

Բիզնեսի վարման հարմարավետություն - Համագործակցող կողմերը չունեն բիզնեսի վարման որևէ ժամանակային և տարածական սահմանափակումներ: Տեղեկատվությունը վայրկենապես հաղորդվում է արտադրողներին, մատակարարներին և մեծածախ գնորդներին:

Այժմ խոսենք մեր իրականության մասին: Պատրա՞ստ է արդյոք Հայաստանն անցնել էլեկտրոնային առևտրի ինչպես տեխնիկապես, այնպես էլ հոգեբանորեն: Ի նկատի ունեմ դրամական գործառնությունների անվտանգությունն ու բնակչության վստահությունը:

Ըստ վիճակագրության` այն պատրաստ է գործարկման: Տվյալ ծառայության միացումը պահանջում է տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգերի, ծրագրավորման որոշակի իմացություն: Կախված միացվող կայքը սպասարկող մասնագետների որակավորումից` ծառայության միացումը կարող է տևել մեկից-երեք շաբաթ: Սակայն համապատասխան կարգաբերումներից և բարեհաջող թեստավորումից հետո էլ առաջ է գալիս անվտանգության հարցը: Յուրաքանչյուր խանութին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Մենք մշակել ենք գործարքների գաղտնիության և անվտանգության պաշտպանության մեխանիզմներ, որոնք բնականաբար չենք կարող բարձրաձայնել: Կարելի է ասել, որ վճարումների ընդունման ժամանակ օգտագործվում է երեք դոմենների տեխնոլոգիան (թողարկողի դոմեն, էքվայերի դոմեն և փոխգործակցության դոմեն): Սա Visa ընկերության կողմից մշակված և MasterCard-ի հավանությանը արժանացած ինտերնետային գործարքների մշակման նոր պրոտոկոլ է, որի նպատակն է ապահովել վարկային կամ դեբետային քարտերով իրականացվող առցանց վճարումների անվտանգությունը:

Առէկսիմբանկը Հայաստանում առաջին բանկն է, որը հավաստագրվել է Visa ընկերության կողմից` Ինտերնետի համաշխարհային ցանցում էքվայրինգ իրականացնելու նպատակով: Նման ծառայության բացակայությունը հայաստանյան շուկայում համարվում էր ինտերնետային առևտրի զարգացման հիմնական խոչընդոտը: Հետաքրքիր է` ինչպե՞ս է զարգանում տվյալ ծառայությունը, ինքանո՞վ է այն պահանջված և ինչպիսի՞ն է վիճակագրությունը:

Հանրապետությունում վերջին 4 տարիների ընթացքում նկատվեց ինտերնետի բավականին բուռն զարգացում, որն իր հերթին հանգեցրեց համացանցից օգտվողների թվի աճին: Մենք Հայաստանում առաջին բանկն ենք, որը սկսեց ընդունել էլեկտրոնային վճարումներ: Բնականաբար սկզբից հաճախորդների թիվը քիչ էր` ընդամենը 2-3 հոգի: Հետզհետե մարդիկ հասկացան դրա դրական կողմերը, և 2013 թվականից սկսած էապես ավելացավ ինտերնետ-խանութների քանակը: Ծառայությանը միջինում ամսեկան միանում է երկու առևտրային կետ: Նշեմ, որ այս ծառայությունը մենք տրամադրում ենք ոչ բոլորին: Եթե կազմակերպությունը չի համապատասխանում բանկի և միջազգային վճարային համակարգերի պահանջներին, մենք մերժում են նրան:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» կողմից առաջարկվող նոր ծառայությունը ժամանակակից է ու արդիական: Էլեկտրոնային առևտուրը` դա ցանկացած երկրի տնտեսական զարգացման արտացոլումն է: Տվյալ ոլորտում հաջողություն ունենալու դեպքում միայն կարելի է ակնկալել լուրջ տնտեսական առաջընթաց: Վերջին 4 ամիսների ընթացքում Բանկն արձանագրել է այս ոլորտում դրամական միջոցների շրջանառության զգալի աճ: 2012թ. սեպտեմբերից մինչև 2013թ. ապրիլի վերջ ընկած ժամանակահատվածում ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 63 մլն դրամ: Եթե 01.09.2012թ. մինչև 31.12.2012թ. ընկած ժամանակահատվածում շրջանառությունը կազմում էր ընդամենը 13 մլն դրամ, ապա 2013թ. 4 ամիսների ընթացքում այն հասավ 50 մլն դրամի: Համաձայնեք` դա մեծ ցուցանիշ է, որը հուսադրում է, որ մեր երկիրը պատրաստ է անցնել առևտրի նոր մակարդակի: