3 հոկտեմբերի 2013 - 11:44 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Արմեն Ջիգարխանյան.
Ապրելը դժվար բան է, հանգիստ ապրելը՝ առավել
Այսօր ամենաշատ ֆիլմերում խաղացած, կինոյի ու թատրոնի հայտնի ու ոչ միայն հայերի, այլև աշխարհի կողմից սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 78-ամյակն է: Վերջերս նա մի քանի օրով Երևանում էր, ու PanARMENIAN.Net-ը՝ օգտվելով առիթից, որոշեց զրուցել, իսկ PanARMENIAN Photo-ն՝ լուսանկարել դերասանին:

• Մի քանի օրից կդառնամ 78 տարեկան. դա շատ է. շատ։ Ի՞նչն է վախենալու՝ հիասթափությունները։ Շատ բան գիտեմ, շատ եմ տեսել կյանքում՝ լավն էլ, վատն էլ, ու հիմա հասակիս վատն այն է, որ սկսում եմ հիասթափվել, որովհետև պարզվում է՝ կյանքում ամեն ինչ շատ դժվար է, լուրջ եմ ասում:

Միշտ պատմել ու պատմում եմ, որ Նիագարայի ջրվեժն եմ տեսել՝ ինձ համար ամենաշշմեցուցիչ բանը։ Առաջին անգամ, երբ տեսա, հասկացա՝ անվերջություն կա, հենց այնտեղ էլ գնում է այդ ջուրը: Իմիջիայլոց, շատ թույլ ջուր է, ոչ մի ուժ չունի, հոսում, գալիս-գալիս է, բայց վերջում դառնում է ուրիշ երևույթ. ամենահզորը դա է՝ Նիագարայի ջրվեժը։ Այն ինձ շշմեցնում է, որովհետև վերջ չունի. ամենավախենալու հասկացողությունն է՝ հավերժություն։ Քիչ թե շատ հասկանում ենք, որ ամեն ինչ իր վերջն ունի, բայց դա...

Մի անգամ գնում էի Ճապոնիա, ինքնաթիռի պատուհանից նայեցի՝ անտառ էր, քնեցի, արթնացա, նորից նայեցի՝ էլի անտառ է։ Հարցնում եմ՝ այս ի՞նչ է։ Պատասխանեցին՝ «это тайга». Ասում եմ՝ բա վերջ չունի՞. չէ, չունի։ Դրանից ենք կամ վախենում, կամ ուժ գտնում` վերջ չունի:

• Մենք մահկանացու ենք. ինչ պիտի մնա մեզնից հետո՝ ոչ ոք չգիտի: Հա, հետո կհիշեն, կասեն Ջիգարխանյանը շատ էր սիրում այդ բողկը, կամ չէր սիրում, բայց…

• Ունեի մամա, ինձ համար գուցե ամենաթանկ մարդն էր: Նա էր ու ես էի, մեր կյանքը դա էր։ Հիմա չկա։ Ամենապրիմիտիվ հարցն եմ ինձ տալիս՝ բա ո՞ւր գնաց։ Գիտեմ, մահկանացու ենք, ամեն ինչ գիտեմ, այդ օրենքները գիտեմ՝ կարդացել եմ, բայց հարցը մնում է՝ բա իմ մաման ո՞ւր գնաց։ Պատասխան չկա, որովհետև եթե կյանքը գերեզմանում է վերջանում՝ ուրեմն դա սուտ բան է, մեզ խաբեցին։ Հեշտ հարց չի, բայց դա իմ խնդիրն է, ու ես պետք է մտածեմ՝ ուր եմ գնալու... Պատասխան դեռ չունեմ, դրա համար էլ պատմեցի Նիագարայի ջրվեժի մասին:

• Հիշողությունս էլ առաջվանը չի, չեմ հիշում... Այն, ինչ անցել, վերջացել է, այլևս գոյություն չունի՝ կորցնում եմ։ Ամեն անգամ գալիս եմ Երևան, սկսում եմ վախենալ։ Պիտի գնամ, ման գամ (շատ եմ սիրում), հանկարծ մեկին հանդիպում եմ, նայում, ասում է «դու գիտես, որ ես ... եմ»։ Այ դա է վախը՝ մարդուն չեմ ճանաչում, կամ բարևում են՝ չեմ հիշում… տանջալի է, որովհետև նման բան չի եղել:

• Հիասթափությունն ինքը՝ կյանքն է: Ես, օրինակ, ապրում եմ՝ թատրոնի հետ եմ, արվեստի հետ եմ, ամեն օր դրա հետ ապրում, դրա դեմ պայքարում, դրանով ուրախանում, հետո տխրում եմ: Այդ ամենը կյանքն է: Միշտ պիտի հիշենք, որ կյանքն ու հիասթափությունները փոխկապակցված են: Պիտի օրգանիզմդ պատրաստ լինի, որ եթե գործ ես անում, ուրեմն գուցե հիասթափվես: Չէ՞ որ վաղը նոր էմոցիա կգա, կմտածես՝ ինչի՞ այս ինչ բանն այսպես չարեցի: Դրա համար պիտի չվախենաս… հիասթափությունը, իհարկե, դժվար բան է, այն կարող է մարդուն ոչնչացնել, բայց առանց դրա հնարավոր չի ապրել: Պետք է իմանաս՝ առաջին քայլդ կլինի հիասթափությունը: Ու պետք է հիշել, որ առավոտը կսկսվի հիասթափությունից:

• Ինձ համոզում էին, որ մաթեմատիկայով զբաղվեմ, դասատուներն ասում էին՝ շնորհալի մարդ ես, ի՛նչ թատրոն: Գնացի, ուզում էի Գիտիսում սովորել, այնտեղ ինձ «մոշլա արեցին», ինչպես ասում են. վերադարձա ու որոշեցի գնալ թատերական ինստիտուտ: Մի դասատու կար՝ ԽԾԲ էր՝ «խնամի, ծանոթ, բարեկամ»: Ասացի՝ արժի՞ գնամ թատերական, թե՝ ոչ: Երբ նա տեսավ, թե ինչպես եմ խաղում, ասաց՝ բերեք, որովհետև նա երևույթ է, ու մենք դրան հավատացինք:

Կարծում եմ` այն, ինչով մենք զբաղվում, դառնում ենք, վերջ չունի: Հաճախ մտածում եմ՝ ինչի՞ համար է մարդը ծնվում, հանուն ինչի՞, մենք ի՞նչ պիտի անենք: Անկեղծ եմ ասում՝ դերասան եմ, թատրոն եմ ղեկավարում, որտեղ ինձ լավ եմ զգում, բայց գուցե մեջս ավելի՞ մեծ պոտենցիալ կա, իսկ ես դա չեմ տեսնում, չեմ հասկանում: Չեմ ուզում փիլիսոփայել…

• Գործիս մեջ վախենալուն հոգնելն է: Երբ երկար փորձում, փնտրում եմ… Սպորտում կան այսպես կոչված «մեռյալ գոտիներ»: Եթե մրցույթում դրանք չես կարողանում հաղթահարել, պիտի դուրս գաս, կամ էլ հաղթահարես ու առաջ վազես: Այդպես էլ կյանքն է, ու ինչքան ապրենք, պիտի միշտ այդ խնդրի առջև կանգնենք: Պիտի չհոգնենք, փորձենք: Պիտի չվախենանք ընտրություն անել:

Բայց պետք է սկզբում լավ մտածել՝ ինչ ենք անում, հանուն ինչի, ու պատրաստ լինել, որ կարող է չստացվել, ոչ թե չստացվելու դեպքում թողնել գործն ու անցնել մյուսին: Օրգանիզմդ դրան կսովորի, ու վաղը-մյուս օրն ինչ չստացվի, կասես՝ լավ, թողնեմ, առաջ անցնեմ:

• Փորձ հասկացողությունը, գուցե, ամենադժվարինն է: Ավելի համոզված էի առաջ, երբ ջահել էի, պինդ էի, ինչքան ապրում, այնքան կասկածում եմ, որովհետև շատ բան եմ տեսնում: Բայց ուզում եմ ապրել, որովհետև սիրում եմ իմ գործը:

• Մենք վերջիվերջո կարող ենք հասնել նրան, որ ասենք՝ շատ մտածելը մեծ պակասություն է՝ մի մտածիր, գործիր, ապրիր:

• Շատ եմ սիրում երեխեքին, որովհետև էությունը, երևի, իրենց մեջ է։ Իրենք մեծանում են, մենք իրենց կոմպլեքսներով ենք լցնում, այն աստիճանի, որ մարդուց բան չի մնում. այնպիսի զգացողություն է, որ փչանում են։ Կոպիտ եմ ասում, բայց այդպես եմ մտածում։ Երեխեքը փորձ չունեն, ընդունում են առաջին հարվածը, դրա համար էլ իրենց հեշտ է փչացնել:

• Ընկերությունը տարիքի հետ է կապված։ Հիասթափություն կա, բայց միևնույն է՝ ես դրա կարիքն ունեմ: Աբրահամյան Խորենի թոռան հետ էի զրուցում… երկար տարիներ ընկերություն եմ արել ավագ Խորենի հետ, հիմա տեսնում եմ Խորենի թոռը՝ Խորենն է: Նման է՝ ձեռքերը, աչքերը, քորում է նույն կերպ: Հարցնում եմ՝ պապիդ հետ ընկերություն անո՞ւմ էիր: Հա, ասում է, մի քիչ անում էի: Բայց մի քիչ…

Երևի, դա է մնում մեզնից հետո՝ գենետիկական կոդը:

• Ապրելը դժվար բան է, հանգիստ ապրելը՝ առավել:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo